Շվեդիայում ավելի քան տասը տարի բնակվող լիբանանցի Սաքո Հովհաննեսյանն այս ամառ առաջին անգամ այցելել է Հայաստան: Նա հայրենիք է եկել իր լեհ ընկերուհու հետ, նրանց են միացել նաև այլ ընկերներ: Խումբը բարձրացել է Արարատի գագաթը, որտեղ Սաքո Հովհաննեսյանն ամուսնության առաջարկություն է արել ընկերուհուն. անակնկալը հուզել է լեհ աղջկան և խմբի մյուս անդամներին:
Դեպքի մանրամասները տարածվել են նաև Շվեդիայում, որտեղ ճանաչում են Սաքո Հովհաննեսյանին, որպես վերջինիս հիմնած Sako Hanno ոսկերչական ընկերության սեփականատեր: Ընկերության արտադրանքը բարձր են գնահատում Շվեդիայում: Լիբանանում ապրող հայերը ոսկերչության ու ադամանդագործության ավանդույթները տարածել են Մերձավոր Արևելքում, ինչպես նաև՝ Եվրոպայում:
Սփյուռքահայ տղան սիրած աղջկան է նվիրել սեփական ստեղծագործությունը՝ ոսկյա մատանին:
Արարատի գագաթին նրանք բարձրացրել են նաև հայկական դրոշը: Իսկ Շվեդիայից եկած խումբն Արարատ լեռ է մագլցել «Արմլենդ» զբոսաշրջային ակումբի հետ: