image

Կը տուժէ սահմանամերձ 9 համայնք, կը կորսնցնենք Իջեւան-Նոյեմբերեան մայրուղին, հակառակորդի համար ազատ ճանապարհ կը բացուի դէպի Լոռի․ ոսկեպարցիները՝ Փաշինեանին

Կը տուժէ սահմանամերձ 9 համայնք, կը կորսնցնենք Իջեւան-Նոյեմբերեան մայրուղին, հակառակորդի համար ազատ ճանապարհ կը բացուի դէպի Լոռի․ ոսկեպարցիները՝ Փաշինեանին

Տաւուշի մարզի Ոսկեպար գիւղի բնակիչները ուղերձով դիմած են Վարչապետ Նիկոլ Փաշինեանին․

«Մենք՝ ներքոստորագրեալներս, Տաւուշի մարզի սահմանապահ Ոսկեպար գիւղի բնակիչներս, մեր խոր անհանգստութիւնն ենք յայտնում վերջերս ՀՀ կառավարութեան տարբեր ներկայացուցիչների կողմից, մասնաւորապէս նաեւ Ձեր կողմից մեր բնակավայրի յարակից տարածքների ադրբեջանական կողմին վերադարձնելու մասին յայտարարութիւնների կապակցութեամբ։

Նախ՝ մի քանի խօսք այն մասին, թէ ինչպէ՞ս է ստեղծուել այս իրավիճակը մեր տարածաշրջանում։ Նախկին՝ խորհրդային պետութեան կողմից մեզ ժառանգութիւն թողնուած սահմանները դիտաւորեալ այնքան էին խճճուել ու խեղաթիւրուել, որ Հայաստանի մնացած բնակավայրերին կապող մեր ճանապարհները գտնւում էին ադրբեջանցիների  հսկողութեան տակ։ Վերջիններս ԽՍՀՄ փլուզումից անմիջապէս յետոյ սկսեցին մեր քաղաքացիների հանդէպ բռնութիւններն այդ ճանապարհահատուածներում, իսկ 1991թ․ յետոյ սկսուեցին ՀՀ քաղաքացիների առեւանգումները։ Այդ տարիներին մեր եւ հարեւան բնակավայրերից առեւանգուեցին մի քանի, իսկ ընդհանուր առմամբ՝ այդ ճանապարհահատուածներից գերեվարուեցին եւ անհետ կորան քառասունից աւելի ՀՀ քաղաքացիներ։ 1991թ․ հակառակորդի կողմից թալանուեցին, աւերուեցին, պայթեցուեցին Ոսկեպարի Ժամի ձոր թաղամասի բոլոր տները, իսկ գիւղը գրեթէ մշտապէս ենթարկւում էին գնդակոծութեան ու հրետակոծութեան․․․ Այդ ամէնից յետոյ միայն՝ մենք ելել ենք պայքարի ոչ թէ տարածքներ գրաւելու, այլ մեր ապրելու, ազատ տեղաշարժուելու իրաւունքը պաշտպանելու եւ նուաճելու։ Շատ թանկ՝ զոհերի ու խեղուած կեանքերի գնով միայն 1992թ․ մեզ դա յաջողուեց։

Այսօր, երբ պետութիւնների «տարածքային ամբողջականութեան» կեղծ թեզի տակ հրապարակի վրայ են այդ տարածքների վերադարձի մասին հրապարակային յայտարարութիւնները, ապա դա մեզ համար միանգամայն անընդունելի է։ Իսկ ու՞ր է մնում «Մարդու իրաւունքների համընդհանուր հռչակագրով» մեզ տրուած ազատ ապրելու եւ տեղաշարժուելու իրաւունքը։ Նոյնիսկ այսօր, երբ հակառակորդի դիրքերից գտնւում ենք որոշակի հեռաւորութեան վրայ, պարբերաբար ենթարկւում ենք հակառակորդի ոտնձգութիւններին եւ մեր երկիրը չի կարող ապահովել մեր երեխաների անվտանգութիւնը, ի՞նչ կը լինի, երբ այդ տարածքները վերադարձուեն եւ թուրք տարրը յայտնուի մեր տներից 20-30 մետր, դպրոցից 100 մետր հեռաւորութեան վրայ, երբ մենք նորից կը յայտնուենք արտաքին աշխարհից մեկուսացուած, թշնամական տարրով շրջապատուած վիճակում։

Միւս կողմից, եթէ խօսում ենք «տարածքային ամբողջականութեան» մասին, ապա արդեօք հակառակ կողմը պատրաստւու՞մ է վերադարձնել հենց մեր տարածքում Հայաստանի ինքնիշխան տարածքի իր հսկողութեան տակ գտնուող տարածքները՝ Բերքաբեր գիւղի մօտ 900 հեկտարը Ջողազի ջրամբարի ձախ ափին, Կոթիի 2-3 կմ-անոց շերտով իրենց կողմից վերահսկուող սահմանակից տարածքները, էլ չխօսելով Արծուաշէնի եւ մնացած տարածքների մասին։ Համոզուած ենք, որ հակառակորդը  չի էլ մտածում այդ մասին։

Մենք չէ, որ պէտք է ՀՀ կառավարութեանը բացատրենք այս տարածքում սահմանների նոյնիսկ ամենափոքր յետքաշման ստրատեգիական նշանակութեան, պետական անվտանգութեան խաթարման մասին, բայց ստիպուած ենք շեշտել, որ սահմանի այս հատուածում տարածքային զիջման արդիւնքում կը տուժեն ոչ միայն սահմանամերձ Բերքաբեր, Սարիգիւղ, Ծաղկաւան, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս, Ոսկեւան, Կոթի, Բարեկամաւան բնակավայրերը, այլ նաեւ Հայաստանը կը կորցնի Իջեւան- Նոյեմբերեան միջպետական մայրուղին, կը դատարկուեն նշուած բնակավայրերը, եւ հակառակորդի համար սարերով ազատ ճանապարհ կը բացուի դէպի Ալավերդի, Վանաձոր․․․

Միամտութիւն կը լինի կարծել, թէ յաջորդ քայլին հակառակորդը չի պահանջի յանձնել այսպէս կոչուած «անկլաւները», իսկ թէ ի՞նչ կը կատարուի մեր երկրի հետ դրանից յետոյ, նոյնիսկ սարսափելի է մտածել։ Մեր ոչ բարով հարեւան երկրի նախագահի ամէնօրեայ ելոյթներում լսում ենք պահանջատիրական աւելի մեծ նկրտումներ մեր երկրի նկատմամբ՝ Զանգեզուրի, Սեւանի, նոյնիսկ Երեւանի մասին։ Դա նրանց վարքագիծն է․ այստեղ յայտնուելուց յետոյ, ուրիշինը խլելու նրանց ցանկութիւնը երբեք չի մարելու։ Նրանք յարգում են միայն ուժի իրաւունքը եւ խաղաղութիւն են կնքում միայն ուժեղի հետ։ Եւ միջազգային ոչ մի իրաւունք, ոչ մի կառոյց չի կարող զսպել նրանց։

Ոսկեպարը եւ յարակից հայկական բնակավայրերը հազարամեայ պատմութիւն ունեն։ Այստեղ մեր գիւղերը գոյութիւն ունեն առնուազն 4-րդ դարից եւ կարողացել են դարերի մաքառումների միջով հասնել 21-րդ դար եւ պէտք է յարատեւեն։ Թուրք տարրը ընդամէնը 200 տարի առաջ է այստեղ յայտնուել եւ միշտ էլ ձգտել է մեզնից խլել այստեղ ապրելու մեր իրաւունքը, բայց դա նրան չի յաջողուել։ Չի յաջողուել նաեւ 90-ականներին, չի յաջողուելու նաեւ այսօր։ Դրա վկան մեր հազարամեայ մշակութային կառոյցներն են, բերդերն ու եկեղեցիները։

Վերջում ուզում ենք յոյս յայտնել, որ կանսաք մեր խօսքին եւ կը փորձէք այս տարածաշրջանում այլ լուծումներ գտնել, որոնք չեն լինի արդէն իսկ գոյութիւն ունեցող ամուր պաշտպանական գծերի զիջման, մեր բնակավայրերի բնակչութեան ապրելու եւ ազատ տեղաշարժուելու իրաւունքի ոտնահարման հաշուոյն։

Մենք՝ ներքոստորագրեալներս, մեր անհամաձայնութիւնն ենք յայտնում Ադրբեջանի կողմից ներկայացուող տարածքային պահանջների բաւարարմանը եւ սահմանի այս հատուածում տարածքային զիջումներին։ Մենք պատրաստ ենք ամէն գնով պաշտպանել մեր ապրելու եւ ազատ տեղաշարժուելու իրաւունքը, լինել մեր բանակի կողքին, նրա շարքերում՝ ի շահ մեր հայրենիքի ու բնակավայրերի պաշտպանութեան»։