image

Հյուպատոսական գործունեություն ոչ միայն Հալեպում, այլեւ՝ Լաթաքիայում եւ Քեսաբում

Հյուպատոսական գործունեություն ոչ միայն Հալեպում, այլեւ՝ Լաթաքիայում եւ Քեսաբում

Սեպտեմբերի 8-11-ը Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Տիգրան Գևորգյանը դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ հրաժեշտի մի շարք հանդիպումներ ունեցավ։

Բերիո թեմի առաջնորդ Տեր Շահան արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ տեղի ունեցած հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձան սիրիական ճգնաժամի հետևանքով Հալեպի հայ համայնքի առջև ծառացած խնդիրներին և դրանց լուծման ընթացքին։

Շահան արքեպիսկոպոս Սարգիսյանն իր շնորհակալական խոսքում բարձր գնահատեց Տիգրան Գևորգյանի ունեցած մեծ դերը սիրիական հակամարտության դժվար օրերին Հալեպի հայ համայնքին նեցուկ կանգնելու և բոլոր հնարավոր միջոցներով օգնության հասնելու գործում։

Շահան Սրբազանն առանձնահատուկ կերպով ընդգծեց Տիգրան Գևորգյանի մեծ ավանդը Հայաստանից Սիրիա ուղղարկված մարդասիրական օգնությունը տեղ հասցնելու գործընթացի կազմակերպման աշխատանքներում։

Բերիո թեմի առաջնորդը գոհունակություն հայտնեց Տիգրան Գևորգյանի՝ Լաթաքիայում և Քեսաբում արտագնա հյուպատոսական ծառայություններ մատուցելու նախաձեռնության առնչությամբ, որի շնորհիվ տեղում կազմակերպվում էր ՀՀ քաղաքացիություն ստացած անձանց ՀՀ անձնագրերի հանձնման գործընթացը՝ այդ կերպ մեր հայրենակիցներին ազատելով ստեղծված վտանգավոր պայմաններում հարյուրավոր կիլոմետրեր անցնելու անհրաժեշտությունից։

Տիգրան Գևորգյանը հանդիպում ունեցավ նաև Սիրիայում ՀՅԴ կուսակցության ղեկավար կազմի հետ, որի ընթացքում ներկաները բարձր գնահատեցին Տիգրան Գևորգյանի արգասաբեր գործունեությունը Հալեպի հայ համայնքի համար դժվարին ժամանակահատվածում։

Հայկական բարեգործական ընդհանուր միության Սիրիայի մասնաճյուղը գլխավոր հյուպատոս Տիգրան Գևորգյանի դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ կազմակերպել էր հատուկ ձեռնարկ: Միջոցառման ընթացքում ՀԲԸՄ Սիրիայի շրջանակային հանձնաժողովի ատենապետ Ներսես Ներսոյանն իր խոսքում առանձնացրեց այն մեծ ներդրումը, որն ունեցել է Տիգրան Գևորգյանը համայնքի համար առաջնահերթ համարվող տարբեր նախաձեռնություններում՝ միաժամանակ հաջողություն մաղթելով նրան իր հետագա գործունեության մեջ։