Հուլիսի 5-10-ը տեղի ունեցած այս տարվա Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման համահայկական ուխտագնացությունը կրում էր «Սուրբ Էջմիածինը մեր հավատքի ծննդավայր» խորագիրը։ Մասնակցում էին 150-ից ավել եկեղեցասեր հայ երիտասարդներ աշխարհի գրեթե բոլոր ծայրերից։ «Տպավորությունները հակասական էին, մի կողմից՝ մեծ պատասխանատվություն, լինել ջատագովը քրիստոնեական հավատքի և արժեքների տարածմանը, մյուս կողմից՝ եռանդ, շուրջ հարյուր հիսուն եկեղեցասեր երիտասարդների, թեմակալ առաջնորդների և հոգևորականների հետ հավաքվել մեկ գերնպատակի շուրջ» (Նարե Կարապետյան, Ռումինիայի ՀԵՀԵՄ անդամ)։
Յուրաքանչյուր օր սկսվում էր առավոտյան և ավարտվում երեկոյան ժամերգություններով։ Սրբազանները, Հայր Սուրբերը, Տեր Հայրերը, սարկավագները, եկեղեցու սպասավորները և երիտասարդները աղոթում էին, մեկ րոպե լռությամբ իրենց հարգանքի տուրքը տալիս Արցախում զոհված զինծառայողներին, Եղեռնի ցեղասպանված հայերին, մեկ րոպե լռությամբ շնորհակալ լինում և աղոթում իրենց ծնողների համար։
«Եղան երկու օրեր՝ լի ոչ ֆորմալ դասընթացներով, խմբակային աշխատանքներով։ Սեմինարների շրջանակներում աշխատում էինք սոցիալական լրատվամիջոցի առցանց հարթակների վրա, որոնցով կկարողանանք էլ ավելի զորացնել և բարգավաճեցնել եկեղեցին» (Սիրանուշ Հովակիմյան, Ռումինիայի ՀԵՀԵՄ անդամ)։ Տարբեր հարթակների օգնությամբ դառնալ տեղեկացված, հեշտ հասանելի և, իհարկե, համագործակցել այլ երկրների թեմերի հետ։ Երիտասարդներին բաժանել էին 5 մեծ խմբերի։ Նրանք, կիրառելով ամենատարբեր միջոցները, ստեղծում էին հետաքրքիր կարճ տեսանյութեր, ներկայացնում նախագծեր, տալիս իրենց կարծիքը տարբեր կրոնական արդիական թեմաների շուրջ։
Թրեյնինգային օրերի ժամանակ խմբերին այցելում էին և նրանց հետ զրուցում էին հոգևոր հայրերը` Տ․ Հովնան արք․ Տերտերյանը (ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ), Տ․ Տաթև եպս․ Հակոբյանը (Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ, Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ, Բալկանյան երկրների Հայրապետական պատվիրակ) և Տ․ Հովնան եպս․ Հակոբյանը (Հայաստան, Գուգարաց թեմի առաջնորդ)։ Սա հնարավորություն էր երիտասարդների համար՝ տալու իրենց հուզող հարցերը, նաև պատասխանելու մի քանի կարևոր հարցերի, այն է՝ ինչպե՞ս հոգևոր հայրերը կարող են օգտակար լինել երիտասարդներին և հակառակը, ինչպե՞ս եկեղեցականը և աշխարհիկ մարդն ավելի անմիջական կապ ստեղծեն ժամանակակից աշխարհում։
Ինչպես նշում է Սիրանուշ Հովակիմյանը, խմբակային աշխատանքներից զատ, եղան նաև ևս երկու էքսկուրսային օրեր, այցելություններ եղան Սուրբ Էջմիածին, Սուրբ Հռիփսիմե, Սուրբ Գայանե եկեղեցիներ, Զվարթնոցի տաճար, Ծիծեռնակաբերդ։ Շրջագայությունը սկսվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելությամբ, ստանալու Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի օրհնությունը և պատգամը։ ՀԵՀԵՄ երիտասարդները Վեհափառ Հայրապետին նվիրեցին ուխտագնացության խորհրդանշական, անվանական շապիկը։ Իր ուղերձում Նորին Սրբությունը հատկապես խոսեց Հայաստանի և Արցախի այժմյան բարդ ժամանակաշրջանի մասին, կոչ արեց երիտասարդներին լինել միասնական, ուժեղ, քանի որ նրանք են մեր եկեղեցու և մեր հայրենիքի ապագան։ Վերջում յուրաքանչյուր երիտասարդ ստացավ Վեհափառի օրհնությունը։ Սուրբ Էջմիածին Մայր Տաճարի դիմաց ՀԵՀԵՄ երիտասարդները միասին շրջանաձև ծնկի գալով, ի խորոց սրտի երգեցին «Տեր Ողորմյա»-ն։
«Էջմիածնից մենք հասանք Զվարթնոցի տաճարի փլատակներին՝ մի միջնադարյան գլուխգործոց, որն այսօր իր ծավալով և բարդությամբ խոսում է մեզ հետ հայերի սիրո մասին առ իրենց հավատքը։ Թեև տաճարի մեծ մասը այսօր այլևս գոյություն չունի, սակայն այս կառույցի հիմքը, սյուները և կամարները մեզ գաղափար են տալիս տաճարի մեծության մասին։ Միջնադարյան ժամանակաշրջանի համար այն համարվել է եզակի, շնորհիվ կլոր հատակագծի և բազմակի հարկերի, որոնք հենվել են կամարներին։ Կամարները տեսանելի են նաև այսօր։
Զվարթնոց Տաճարի կարճ այցից հետո, մենք ճանապարհ ընկանք դեպի Ծիծեռնակաբերդ՝ ծաղիկներ խոնարհելու հայոց Ցեղասպանության 1,5 միլիոն սուրբ նահատակների անմահ հիշատակի առջև։
Չեմ կարծում, որ գոյություն ունի աշխարհում մեկ հայ, որը գալով իր հայրենիք, չի այցելի Ծիծեռնակաբերդ, աղոթելու մեր նախնիների հանգստության համար, որոնք զոհաբերեցին իրենց, որպեսզի մենք կարողանանք գոյություն ունենալ սփյուռքում» (Հրանտ Ջաղինյան, Ռումինիայի ՀԵՀԵՄ պատասխանատու)։ Ծիծեռնակաբերդում իր խոսքով հանդես եկավ Ռումանիոյ հայոց թեմի առաջնորդ Տ. Տաթև եպս․ Հակոբյանը։ Սրբազան Հայրը նախ խնդրեց սրբոց նահատակաց բարեխոսությունը՝ ասելով․ ,,Մենք այսօր եկել ենք ձեզ ասելու՝ որտեղ էլ որ լինենք, մենք պետք է հիշենք ձեզ, որովհետև հիշելով ձեր նահատակությունը՝ կապրենք և կապրեցնենք մեր նոր սերունդը։ Մենք չենք ընդունում որևէ ցեղասպանություն, որևէ ժողովուրդ իրավունք չունի ցեղասպանվելու։ […] Նահատակվածների սերունդ ենք, բայց պետք է նաև հպարտ լինենք, քանի որ մեր նախնիները սրբադասվել են, և մենք իրենց հետնորդներն ենք»։ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մոտ «Տեր Ողորմյա»ն, Հայաստանի հիմնը երգելով՝ երիտասարդները խոնարհեցին ծաղիկները։
«Ուխտագնացության վերջին օրը մեկնարկեց, Չարենցավանի Ս․ Փրկիչ եկեղեցում մատուցված Սուրբ և Անմահ Պատարագով՝ մատուցված ձեռամբ ՀԵՀԵՄ հոգևոր առաջնորդ Գերաշնորհ Տ․ Հովնան արք․ Տերտերյանի և ներկայությամբ Կոտայքի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Առաքել արք․ Քարամյանի։ ՀԵՀԵՄ համահայկական ուխտագնացությունն ավարտվեց արդեն ավանդույթ դարձած երգ ու պարով և հրաժեշտի խարույկով» (Նարե Կարապետյան)։ Նույն օրն էր նաև հավաստագրերի շնորհումը։
Փոքր ինչ տխուր, բայց և ուրախ, քանի որ մեր ուխտագնացությունն ավելին քան հաջողված էր, եկեղեցասեր երիտասարդները վերադարձան իրենց թեմեր։ Վերադարձան՝ կրկին հանդիպելու հույսով, նոր եռանդով և ստացած գիտելիքներով շարունակելու իրենց ճանապարհը հանուն սփյուռքի և Հայաստանի թեմերի զորացման, եկեղեցու և հավատքի զորացման, հայրենիքի բարգավաճման։
Ռումանիոյ հայոց թեմի հայ երիտասարդների խումբը՝ Հրանտ Ջաղինյան, Ինեսա Թումասյանց, Սիրանուշ Հովակիմյան, Նարե Կարապետյան, իր խորին շնորհակալությունն է հայտնում Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին, Տ․ Հովնան Արք․ Տերտերյանին, Հայր Թովմա Խաչատրյանին, բոլոր կազմակերպիչներին, մասնակիցներին և, իհարկե, հատուկ շնորհակալություն Ռումանիոյ հայոց թեմի առաջնորդ գերշ․ Տ․ Տաթև եպս․ Հակոբյանին՝ նման հնարավորություն ընձեռելու և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն առավել մոտեցնելու համար։
Ռումանիոյ հայոց թեմի մամլո դիվան