Երեխաների զարգացման համար շատ կարևոր է արվեստի, հատկապես՝ դասական երաժշտության նշանակությունը: Այս միտքը հայ ծնողներին փոխանցեց հոգեբան Վանենի Վարդանյանը, որի նախաձեռնությամբ և Կոմիտաս թանգարան-ինստիտուտի աջակցությամբ երեխաների համար տեղի ունեցած դասական երաժշտության համերգը՝ «Նոր Կամերատա» խմբի մասնակցությամբ մեծ հետաքրքրություն էր առաջացրել երեխաների և նրանց ծնողների շրջանում: «Արևելքի» հետ զրույցում Վանենի Վարդանյանը հավելեց, թե այնքան էլ լավ չէ, որ Հայաստանում մինչև յոթ տարեկան երեխաների համար հատկապես դասական երաժշտությանն առնչվող միջոցառումներ գրեթե չկան: «Հազվադեպ Ֆիլհարմոնիկն է նման բան կազմակերպում, բայց լավ կլիներ, որ հաճախ լինեին այսպիսի համերգներ, որոնք մեզ մոտ յոթ տարեկանից բարձր երեխաների համար են հիմնականում լինում: Ինչքան երեխաները փոքր տարիքից են սովորում դասական արվեստի միջավայրին, երաժշտական գործիքներին, երաժշտությանը, հետագայում նրանց համար ավելի հեշտ է լինում: Սպասել, որ երեխան դառնա յոթ տարեկան, նոր ծանոթանա դասական երաժշտությանը, սխալ է, պետք է ավելի շուտ սկսել»,-ասում է հոգեբանը:
Վանենի Վարդանյանը հույս ունի, որ շատերը կհետևեն իր նախաձեռնությանը և նմանատիպ այլ նախաձեռնություններ ևս կլինեն, և ուրախ է, որ «Նոր Կամերատա» խումբն ու Կոմիտաս թանգարան-ինստիտուտը համաձայնվել են համատեղ իրականացնել նման կարևոր հանդիպում:
Մշակույթի գործիչ, ժողովրդական վարպետ Լալա Մնեյանն էլ վստահ է, որ երաժշտությունը մարդու հոգու վրա ազդող ամենահզոր գործոններից մեկն է, և բնականաբար բարձր երաժշտությունն էլ, ըստ նրա, հոգին բարձր տեղեր է տանում: «Դա մի միջոց է, որով հնարավոր է ավելի նրբանալ և նյութապաշտական մակարդակից բարձրանալ այլ՝ հոգևոր մակարդակի»,-ասում է ժողովրդական վարպետը:
Լալա Մնեյանը ափսոսանք հայտնեց,որ դասական երաժշտության և երեխաների հետ շփումը մեզանում բախտի քմհաճույքին է թողնված:
«Եթե երեխայի բախտը բերեց, լավ երաժշտական դպրոց ունեցավ, լավ ծնող, ապա նա կստանա, եթե չէ՝ ես չեմ նկատել, որ մեզ մոտ այդ առումով հատուկ կազմակերպված միջավայր կա երեխաների համար»,-«Արևելքին» հայտնեց Լալա Մնեյանը:
Համերգից հետո երեխաները հնարավորություն ունեցան բարձրանալ բեմ և դիպչել երաժշտական գործիքներին, ինչպես նաև նրանց մասին հարցեր տալ «Նոր Կամերատայի» երաժիշտներին, որոնք փոքրիկ երեխաների համար սիորվ նվագեցին արևմտաեւրոպական և հայկական դասական ստեղծագործություններ:
Տեղեկացանք, որ նման մի համերգ էլ փոքր տարիքի երեխաների համար նույն վայրում նախատեսված է հոկտեմբերին: