image

Հազար թելերով Վանին, Էրզրումին, Մուշին կապված հայի ճակատագրերը

Հազար թելերով Վանին, Էրզրումին, Մուշին կապված հայի ճակատագրերը

Ստամբուլյան օրագիր

 

Զրույց Վանում բնակություն հաստատած հայուհու՝ Գայանե Գևորգյանի հետ

«Իմ մեծ ծնողները վանեցի և էրզրումցի են 1915 թվականին շատերի պես Արևմտյան Հայաստանում թողնելով իրենց պատմությունը՝ հաստատվել են Հայաստանի Մարտունու շրջանի Երանոս գյուղում։ Հորական կողմի պապս Էրզրումի Խնուս գավառից  էր, իսկ տատս՝ Վանի Գևաշ գավառից(պատմ Ոստան)։ Մորական պապս Մուշի Վարթոյից էր, տատս՝ Ադըյամանից։ Փոքրուց լսել եմ նրանց պատմությունները ու մտքով ճամփորդել կորսված հայրենիքում։ Հայրս երիտասարդ հասակում մահացավ նրանից հետո մայրս հաճախ էր խոսում Արևմտյան Հայաստանից մայրս երազում էր Վանը, Մուշը տեսնել։ Ասում էի՝ տուն կառնեմ, մայրիկիս ու հարազատներիս կտանեմ՝ տեսնելու մեր պապերի հայրենիքը»,- մեզ հետ զրույցում ասում է տիկին Գայանեն։

Տիկին Գայանեն վիրավորանքով է հիշում, թե ինչը ստիպեց նրան թողնել հայրենիքն ու ֆինանսական խնդիրների լուծումը փնտրել Թուրքիայում։ 2000 թվականին, երբ նա իբրև գանձապահ աշխատում էր Երևանի մետրոպոլիտենում, ստուգումներ եղան։Արդյունքում՝ մեկ ավել ժետոնի պատճառով վերջինս կորցնում է իր աշխատանքը։ Նա դիմում է մետրոպոլիտենի տնօրեն պարոն Յայլոյանին՝ իրեն աշխատանքից չհեռացնելու խնդրանքով՝ ներկայացնելով եղելությունը, ինչպես նաև իր ընտանիքի վատ դրությունը(առողջական խնդիրներ ուներ, ամուսնալուծված էր և իր խնամքի տակ էին 2 որդիները, ընդ որում՝ ավագ որդին զինվոր էր և Մարտակերտում էր ծառայում, մյուսն էլ՝ 6 ամիս հետո պետք է մեկներ  զինվորության)։ Տնօրենը  պատասխանում է՝ հարգելի՛ Գևորգյան, գնացեք դիմում գրեք՝ ազատվեք, որպեսզի ձեզ չհեռացնենք աշխատանքից։

«2000 թվականի մայիս 18-ն էր, հիշողությունիցս չի ջնջվումլաց լինելով դուրս եկա տնօրենի աշխատասենյակից ու ազատման դիմում գրեցի՝ մտածելով՝ ի՞նչ պետք է անեմ Հայաստանում, ինչպե՞ս պետք է ապրուստի միջոց վաստակեմ։ Պատկերացնո՞ւմ եք՝ մեկ ժետոնի պատճառով․․․ Հենց այդ հուսահատ օրերին էլ հանդիպեցի ծանոթներիցս մեկին։ Ասաց՝ ինչո՞ւ ես տխրում, դու աշխատասեր ես, գնա՛ Թուրքիա»,-հիշում է տիկին Գայանեն։

-Ի՞նչ մտածեցիք այդ վայրկյանին։

-Սարսափեցիտատս ու պապս են պատմել, թե ինչեր են տեսել՝ իրենց պապերին թուրքերը սպանել են․․․ Հիշում եմ՝ Խարբերդի խանութում աշխատելու տարիներին հաճախորդ ունեի, որն ապրանք էր տանում Թուրքիա ասում էի՝ մի՛ գնացեք Թուրքիա, պապերս տատերս պատմել են, թե ովքեր են թուրքերը․․․ Ես չգիտեի, որ կգա օրը, և ես էլ Թուրքիա  կգնամ։ Երբ հիմա հետադարձ հայացք եմ նետում՝ ավելի պարզ եմ տեսնում, թե ինչ դաժան օրեր եմ անցկացրել Թուրքիայումգիտակցում էի, որ թշնամու հողի վրա եմ։ Սկզբում լեզուն չգիտեի, սակայն սկսեցի տարբեր աշխատանքներ կատարել՝ հյուրանոցում մաքրություն էի անում, ռեստորանում աման լվանում, հիվանդների էի խնամում։ Հայկական Քուրթուլուշ թաղամասում աշխատելու տարիներին էլ գիշերները խնկալի  և հայկական գաթա էի պատրաստում ու վաճառում մի խոսքով՝ ամեն տեսակ աշխատանք կատարել եմ։ Այդ ընթացքում, սակայն, իմ երազանքն էր, որ ես Վանում կամ Էրզրումում տուն ունենամ։ Ավա՛ղ, մայրս 2009 թվականին մահացավ, իսկ ես բնակարանս գնեցի 2015 թվականին։ Այդպես էլ չկարողացա լուսահոգի մայրիկիս՝ Վանը, Մուշը տեսնելու երազանքը իրականացնել․․․

-Վան տանող ճանապարհն ինչպե՞ս բացվեց Ձեր առջև։

-Ամեն ինչ  սկսվեց իմ և քուրդ անծանոթուհու՝ տիկին Մազեզի անմիջական ու ջերմ զրույցիցնրա հետ ծանոթացա  Ստամբուլի Բաղջըլար թաղամասում գտնվող գուլպաների արտադրության ֆաբրիկայում, որտեղ աշխատելու էի գնացել։ Սկզբում կարծեցի տիկինը հայ է, սակայն պարզվեց, որ նա քուրդ է՝ Վանի Գևաշ գավառից (պատմ Ոստան)։ Ես էլ նրան ոգևորված ասացի, որ իմ պապերն էլ են Վանի Գևաշից։ Այդ օրվանից Մազեզի հետ ընկերացանք, և այդ ընկերությունն արդեն 7 տարվա պատմություն ունի։ Օրերից մի օր նա ինձ հրավիրեց Վան՝ մասնակցելու իր քրոջ որդու հարսանիքին։ Հարցրեց՝ կցանկանա՞ս գալ ու ձեր երկիրը տեսնել։ Ապշած ասացի՝ մեզ չե՞ն սպանի։ Վերջինս էլ, թե՝ չէ՛, ի՞նչ սպանել․․․Հենց քրդական հարսանիքն էլ առիթ դարձավ, որ ես առաջին անգամ այցելեմ Վան։ Ես շատ սիրեցի Վանը, մեկ ամիս մնացի այնտեղ։ Հորեղբորս տղաները Հայաստանից տագնապել էին, թե՝ ին՞չ ես անում այդտեղ, չե՞ս վախենում։ Ես էլ թե՝ շուրջիններս մեր տատիկների, պապիկների պես շատ լավ մարդիկ են։ Ասացին՝ դե որ ապահով ես՝ ուրեմն գնա  պապիկենց գյուղհորական կողմի տատիս տան հասցեն տվեցին։ Գնացի, գտա։ Շատ ցավալի էր տեսա, նկարեցի և ուղարկեցի մերոնց։ Իհարկե, փաստաթղթեր չկան, որ ասեմ մերն է։ Էրզրումի Խնուս գավառ էլ եմ գնացել, գտել եմ պապիկիս գյուղի տունը և նրա ջրաղացի հետքերը, սակայն ամենաշատը սիրեցի Վանը, Վանի բնակիչներին, իրենք էլ ինձ սիրեցին։ Երբ իմացան հայ եմ՝ մեծ հարգանքով մոտեցան։

-Ցեղասպանության հարյուրամյակին հայուհու Վան վերադարձը խոսուն է, այդպես չէ՞։

-Ցեղասպանության հարյուրամյակին ես դարձա Վանի միակ հայ վերաբնակիչը։ Ես 100 տարի հետո եկա ու բացեցի մեր պապերի փակած տան դուռը, տանս փոքրիկ լուսամուտը բացեցի ու նորից լույս ճառագեց հայի տան մեջ, եկա ու փարվեցի նրանց հողին, քարին, ջրին․․․ Քանի որ տատիկիս ծննդավայրը հեռու էր Վանից, ուստի որոշեցի բնակարան գնել Վանա ծովի ափին՝ Էդրեմիթ(պատմԱրտամետ) շրջանում։ Թեև բնակարանս վարկով եմ ձեռք բերել և դեռ մուծումներ ունեմ, սակայն Վանը դարձել է իմ կյանքը, ապրելակերպը, մինչև մահ ու գերեզման այստեղ եմ ապրելու։

-Հիմա, երբ արդեն Վանի բնակիչ եք, ի՞նչ զգացողություններ է արթնացնում Վանը։

-Երբ Վանում որևէ պուլպուլակից ջուր եմ խմում, մտածում եմ՝ տեսնես աղբյուր կառուցողն ո՞վ է՝ ողջ կամ մեռած։ Վանեցիներն ասում են՝ աղբյուրը հայերից է մեզ մնացել(ով գիտե՝ գուցե գիտեն հայ լինելս ու սիրաշահում են)։

Մի անգամ էլ Գևաշ  հյուր էի գնացել մի տուն ցույց տվեցին՝ կողպեքով փակված հայի տուն։ Ասացի փառքդ շատ, Տե՛ր Աստված, մի տուն գտա, որի դուռը տեղում է։ Իմանալով, որ հայ եմ ՝ ինձ պատմել էին, որ այստեղ հայ ընտանիք է ապրել։ Նրանց քուրդ հարևանները թոռներին պատգամել էին, որ տունը կանգուն մնա, քանի որ այդ ընտանիքը հարգված հայի ընտանիք էր։ Դժվար է, երբ տեսնում ես պապերիդ երկրում բոլորը՝ քրդերը, թուրքերը, ալևիները կան, իսկ տանտերերը՝ ո՛չ․․․

Ինչպես 2015 թվականին Վանի նահանգապետը, այնպես էլ՝ Էդրեմիթի քաղաքապետը շատ հարգանքով են ընդունել ինձ։ Տանս կողքին փոքրիկ եկեղեցի կաեկեղեցու հարցով խնդրել էի, որ մոմ վառելու հնարավորություն ստեղծեն։ Քաղաքապետը խոստացել է, որ իրենց ֆինանսական միջոցներով  կպատրաստեն մոմեր վառելու հարմարանքը, միայն թե եկեղեցու մասին ես պիտի հոգ տանեմ,ինչը նաև օրենքով պետք է հաստատեն։

-Արցախի 44-օրյա պատերազմի օրերին Վանում էիք, ի՞նչ էին խոսում, զգում վանեցիները։

-Պատերազմի օրերին Վանի բնակիչները տեսնում էին, թե որքան տխուր ու հուսահատ եմ։ Նրանք ասում էին՝ գիտե՛նք, Էրդողա՛նն է օգնում, դա ոչ թե Ադրբեջանի պատերազմն է, այլ՝ Թուրքիայի։ Երբ ինձ հարցնում էին, թե զոհվածների մեջ հարազատներ ունե՞մ, չէին սպասում պատասխանիս՝ իրենք էին ասում՝ ի՞նչ տարբերություն, նրանք բոլորն էլ ձեր և մեր բարեկամներն են։ Շատերն ասում էին, եթե ընդունենք, որ 1915-ին մեր պապերը երիտասարդ ու անգրագետ էին ու չէին հասկանում, թե ինչ են անում, իսկ հիմա՝ 21-րդ դարում ինչո՞ւ են նույնը անում։ Բոլոր թուրք ու քուրդ ծանոթներս մաղթում էին, որ պատերազմը վայրկյան առաջ դադարի։ Այդ օրերին Մուշից, Թաթվանից, Բիթլիսից ինձ հետ կապ էին հաստատել թուրք լրագրողներ և ուզում էին հարցազրույց վերցնել։ Բոլորին մերժեցի, ոչ մեկի հետ չխոսեցիսրտիցս արյուն էր կաթում, ասացի, որ ինձ հանգիստ թողնեն։

-Ձեր տունը, տան պատուհաններն ու դուռը երկաթապա՞տ են։

-Տանս պատուհաններն ու դուռը երկաթապատել եմ դեռևս 2015 թվականին։ 3 անգամ իմ դուռը թակել են կասկածելի անձինք։ Առաջին անգամ անմիջապես անհանգստությունս հայտնել էի նահանգապետին, որն իսկույն հանձնարարեց ճաղապատել պատուհաններս, դուռս, երկրորդ անգամ արդեն ուշադիր էի, երրորդ անգամ էլ՝ 44 -օրյա պատերազմի օրերին էր։ Երեքի ձեռագիրն էլ նույնն էր՝ իբր գովազդի համար են անհանգստացնում․․․  Իմ հարևանները շատ լավն են, որ րոպեին էլ զանգեմ՝ կհասնեն, բայց ես շատ ուշադիր եմ լինում, դուռս երբեք պատահական մարդկանց առջև չեմ բացում։ Այո՛, թուրքը  թուրք է, քուրդը՝ քուրդ, սակայն նրանց զգալի մասը մեզ սիրում են։ Հարևաններս ասում են՝ ինչ լավ է, որ դուք եք մեր հարևանը, երանի ձերոնցից շատ լինեին մեր շուրջը։ Մեր պապերն ասում էին, որ հայերը լավ մարդիկ են եղել ու  հիմա ձեզ տեսնելիս իսկապես համոզվում ենք, որ նրանք ճիշտ էին։

-Միմյանցից ի՞նչ եք սովորում։

-Ես իրենցից միայն քրդերեն ու թուրքերեն եմ սովորում։ Իրենց մշակույթն եմ ուսումնասիրում, բայց իրենք մեզնից շատ բան ունեն սովորելու։ Նրանք ասում  են՝ թող գան հայերը, իրենցից շատ բան ունենք սովորելու։ Ավելացնում են՝ ժամանակին մեր պապերը ոչ թե վարպետ՝ այլ հայի բանվորներ ու աշակերտներ էին։

Ապրում եմ երկրորդ հարկում, տեսնում եմ բակս մաքուր չէ՝ դռնապանին ասում եմ, որ պատուհանից նայելիս պիտի մաքրությունից ու Վանի գեղեցկությունից հաճույք ստանամ։ Զգուշացնում եմ, տեսնում եմ չի լսում՝ ինքս  եմ մաքրում։ Ես Հայաստանից ծառեր եմ բերել ու տնկել  իմ այգում, աճում են։ Ասում են, եթե բոլոր հայերը այստեղ լինեին, Վանը քարքարոտ ու ամայի չէր լինի, ավելի գեղեցիկ կլիներ։ Նրանք էլ ուշադիր եներբ տանը չեմ, տնկածս ծառերը աչքի լույսի պես են նայում․․․

 Հայրիկիս մահվան օրը՝ սեպտեմբերի մեկին նրա հոգու համար բոլորին հայկական գաթա եմ հյուրասիրում։ Այս տարի Զատկի տոնին 20 տան համար ամեն ինչ եփել և հյուրասիրել եմ, եկեղեցի եմ տարել։ Վանեցիները առատաձեռն չեն։ Ես ինչ պատրաստեմ՝ պետք է բաժանեմ բոլորին։ Նրանք ասում են՝ արի դրսում մեր կողքը նստիր։ Նստում, խոսում, բամբասում են դրսում, ես նրանց ընդունում եմ ինչպես որ կան, սակայն չեմ սիրում բամբասանքը։ Ասում եմ՝ ես ձեզ հարգում եմ՝ բարևում, հերիք է։ Ասում են՝ բոլոր հայե՞րն են այդքան հյուրասեր։ Պատասխանում եմ՝ բոլորը․․․

-Հայ զբոսաշրջիկները Վան այցելության ժամանակ Ձեզ փնտրո՞ւմ են։

-Երկարատև դադարից հետո հայ զբոսաշրջիկները  վերջերս այցելեցին Վան մեր հանդիպումները միշտ հուզումնառատ են ու լի վերստին հանդիպելու փափագով։ Ամեն անգամ նրանք տեղացիներին հարցնում են, թե որտեղ կարող են հանդիպել  Գայանեին ինձ զանգում ու կանչում են Գևաշի կամ Աղթամար կղզու նավահանգստի մոտ։ Գալիս են իմ տուն, Հայաստանից նվերներ են բերում, իմ տանը լուսանկարվում են, միասին շրջում ենք պատմական վայրերով։ 2 տարի առաջ մի խմբի հետ բարձրացանք Արարատ։ Շատերի համար մինչ օրս էլ անհավատալի է, որ ես Վանի միակ հայն եմ նրանք ուրախությամբ ասում են՝ պետք է վերադառնանք։

Հետաքրքրական է նաև այն, որ քրդերի և ալևիների մեջ կան ծպտյալ հայեր։ Երբ հանդիպում են հայ զբոսաշրջիկներին, սկսում են հետաքրքրվել հայերից, հարցուփորձ անել, թե՝ այսինչ տնից էինք, այսինչ ազգանունն ունեինք։ Ինձ շատ են հարցնում, թե երբ են գալու զբոսաշրջիկները։ Ճիշտ է, նրանք նաև իրենց առևտրի մասին են մտածում, բայց ակնհայտ է, որ շատերն ուզում են, որ շատ հայեր գան, որպեսզի նրանք էլ  իրենց արմատները գտնելու առիթներ ունենանչէ՞ որ ողջ մնացածներն այստեղից Հայաստան են գաղթել։ Իսկ երբ մեր Հայաստանի հայերն են գալիս, շատ են հուզվում ու միևնույն ժամանակ հիանում Վանով։ Նույնիսկ սաստիկ ցրտին անպայման պիտի գնան Աղթամար կղզի և Սուրբ Խաչ եկեղեցու մի անկյունում իրենց ոտքերը թրջեն։

-Մեր պապիկն ու տատիկը ողջ չլինեի՞ն՝ գային տեսնեին իրենց Էրգիրը,-ասում են Վան այցելած հայ զբոսաշրջիկները։

-Այժմ ի՞նչ եք մտածում Հայաստանի, հայերի մասին։

-Թող այլևս Հայաստանում կռիվ չլինի, համերաշխություն ու աշխատանք լինի, ամենակարևորը՝ մեր անմեղ երիտասարդությունը չմահանա։ Հայաստանից այս անգամ շատ տխուր եմ վերադարձելԱրարատում այցելել էի հայրիկիս ու մայրիկիս շիրիմներին, նրանց կողքին ննջում են նաև մեր գյուղի՝ Արցախի պատերազմում զոհված տղաներընրանց գերեզմաններին խունկ եմ ծխացրել, լաց եղել, աղոթել։ Փոքր տղաս ու հարսս, որոնք Վանում են ամուսնացել, այժմ ապրում են Մոսկվայում։ Սրտանց կուզեի, որ նրանք Հայաստանում ապրեին։ Մեծ տղաս շինարար է Հայաստանում է ապրում, ասում է«Մա՛մ, Հայաստանից լավ տեղ չկա՛, Հայաստանը պե՛տք է ծաղկի, ոտքի՛ կանգնի։ Եղբորս համոզիր, որ հետ գա Հայաստան, մենք պետք է տեր կանգնենք մեր Հայաստանին»։

Կուզեի հայերի միջից նախանձն ու դավաճանությունը վերանար, իրար սիրեին, շատ հարգեին։ Հիմա Հայաստանում շատ տխուր է, և ամեն տեղ՝ կորուստ, թաղում, ցավ մարդիկ՝ թախծոտ, բոլորը փողի կարիք ունեն, աշխատանք գրեթե չկա։ Թեև սիրտս մի ժետոնի պատճառով հայրենիքում կոտրեցին, սակայն ես չեմ դադարում սիրել հայրենիքս ու նույնիսկ այստեղ շարունակում եմ օգնել հայերին։

Իմ ազգի ցավը իմ մեջ պահելով՝ ապրում եմ, ժպտում, բայց սիրտս լաց է լինում։ Քայլում եմ Վանում, բայց ներքին մի ձայն ասում է՝ «Դու հա՛յ ես, պիտի հա՛յ մնաս, պիտի տե՛ր կանգնես հայ եկեղեցիներին»։ Մինչև մահ պիտի ծառայեմ Վանում։ Ես շատ եմ ցանկանում, որ շատ հայեր գան Վան։ Միայն խոսքով չէ, որ պիտի ասենք՝ Վան, Մուշ, Էրզրում․․․ Եթե չհոգնենք՝ ոչի՛նչ չենք կարող անել, եթե մեր գրպանից չկտրենք՝ էլի՛ ոչինչ չենք կարող անել։ Պետք է մեր ունեցածին տեր կանգնենք։ Եթե Վանում եկեղեցու տանիքից ջուր է կաթկթում կամ մեկդարյա աղոթքով վառվող մոմը քամուց հանգչում է, եկեղեցու դուռը ջարդվում է, վանեցիները գիտեն, որ պետք է այդ խնդիրները արագորեն լուծվեն, քանի որ Գայանեն նրանց հանգիստ չի թողնի։

Այս տարի Վանա լճի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցու 1100 ամյակն է, սեպտեմբերին Վանը սպասում է աշխարհասփյուռ հայերին, համեցե՛ք Վան․․․

 

 

 

Լիլիթ Պողոսյան

Լիլիթ Պողոսյան

Լիլիթ Ռազմիկի Պողոսյանը ծնվել է 1981 թվականի...