image

Հայաստանը Դուբայում հյուպատոսություն է հիմնում

Հայաստանը Դուբայում հյուպատոսություն է հիմնում

Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում ՀՀ գլխավոր հյուպատոսություն ստեղծելու նախագիծն ընդրգկված էր ՀՀ կառավարության այսօրվա նիստում: Դա նշանակում է, որ Հայաստանն առաջիկայում ևս մեկ հյուպատոսություն կունենա, որը տեղակայված կլինի աշխարհի առևտրային և ֆինանսական խոշոր կենտրոններից մեկում՝ Դուբայում: Որպես որոշման հիմնավորում կառավարության նախագծում նշվում է, որ ըստ տեղեկությունների, Արաբական Միացյալ Էմիրություններում, մասնավորապես Դուբայում բնակվող Հայաստանի քաղաքացիների թվաքանակը տատանվում է 2 500-ից 3 հազարի միջեւ: Կանոնավոր իրականացվում են շաբաթական 4-ից 5 չվերթ, ավելացել է Դուբայի ճանապարհով տարանցիկ այլ երկրներ մեկնող ՀՀ քաղաքացիների թվաքանակը, ինչպես նաև բեռնափոխադրումները: Դուբայում գործում են շուրջ 70 հյուպատոսություններ:

«Նկատի ունենալով վերոշարադրյալը, աշխարհագրական առումով Հայաստանին մոտ լինելու հանգամանքը, ԱՄԷ-ում Հայաստանի գործարար շրջանակների ներկայացվածությունը, ինչպես նաև վերջին տարներին ԱՄԷ գործարար շրջանակների հետաքրքրվածությունը Հայաստանի նկատմամբ՝ նպատակահարմար է ԱՄԷ Դուբայ քաղաքում հիմնել ՀՀ գլխավոր հյուպատոսություն` որպես հյուպատոսական տարածք ներառելով ԱՄԷ հյուսիսային էմիրությունները: Գլխավոր հյուպատոսության հիմնումը հնարավորություն կընձեռի, բացի հյուպատոսական աշխատանքից, տեղում ծավալել առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության առավել խորացմանն ու զարգացմանը միտված գործունեություն»,- ասված է կառավարության որոշման նախագծում:

Հայաստանի Հանրապետության եւ Արաբական Միացյալ Էմիրությունների միջեւ դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1998թ. հունիսի 25-ին` Նյու Յորքում համապատասխան արձանագրության ստորագրմամբ։

2012թ. մարտին ԱՄԷ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան է նշանակվել Գեղամ Ղարիբջանյանը: