ՀՀ քննչական կոմիտեն հուլիսի 28-ին հայտնել է, որ ավարտվել է պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի, բնապահպանության նախկին նախարար, նույն խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի և ևս չորս անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը։
Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ։
Քրեական վարույթը վերաբերում է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում գտնվող պետական սեփականություն հանդիսացող 10,526 քմ հողատարածքին։ Ըստ Քննչական կոմիտեի՝ Սեյրան Օհանյանը 2010-2015 թթ.՝ զբաղեցնելով պաշտպանության նախարարի պաշտոնը, ապօրինի զավթել է բնության հատուկ պահպանվող այդ հողակտորը և դրա վրա պետական միջոցներով առանձնատուն կառուցել։
Ավելի վաղ Ազգային ժողովում այս գործով միջնորդությունը ներկայացնելիս գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը մանրամասնել էր, որ թեև առանձնատունը գրանցված է Բենիամին Ղալեչյանի անունով, փաստացի այն կառուցվել և օգտագործվել է Սեյրան Օհանյանի ու նրա ընտանիքի կողմից։ Որպես հիմնավորում՝ դատախազը ներկայացրել էր տվյալներ առանձնատան դիզայնի հարցում Օհանյանի կնոջ մասնակցության, ինչպես նաև հոսանքի և գազի վճարումների վերաբերյալ։
Արծվիկ Մինասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, զբաղեցնելով բնապահպանության նախարարի պաշտոնը, տեղյակ է եղել խախտումների մասին, սակայն «խմբային շահերից ելնելով» ոչ միայն միջոցներ չի ձեռնարկել դրանք վերացնելու ուղղությամբ, այլև ակնհայտ կեղծ տեղեկությունների հիման վրա ապահովել է հատուկ պահպանվող տարածքում կառուցապատման իրավունքի տրամադրումը Սեյրան Օհանյանի հետ փոխկապակցված անձին։
Քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ ՊՆ պաշտոնատար անձինք առանձնատան վերանորոգման և վերակառուցման աշխատանքներին ներգրավել են ՊՆ կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության արտադրատեխնիկական բաժնի նախկին պետ Գ․ Բ․-ի ընտանիքին պատկանող շինարարական ընկերությանը։ Ըստ քննության նյութերի՝ ընկերությունն իրականացրել է շուրջ 58 մլն դրամի աշխատանք, որը պաշտոնյաներին տրամադրվել է որպես կաշառք՝ ծառայողական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով կաշառք տվողի օգտին գործողություններ կատարելու համար։