Որեւիցէ մակերես նշելը կը նշանակէ սահմանափակել քեզ այսօր իրականացուող սահմանագծման եւ սահմանազատման գործընթացին մէջ։ Այս մասին խորհրդարանական ճեպազրոյցների ժամանակ ըսած է «Հայաստան» խմբակցութեան ղեկավար Սէյրան Օհանեանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինեանի մեղադրանքներին, թէ ինչու ընդդիմութիւնը չըսեր, թէ որքան է ՀՀ տարածքն ըստ իրենց։
Օհանեան նշած է, որ Հայաստանն ու Արցախը 42 հազար քառակուսի քիլոմեթր եղած են։
«Արցախն ամբողջութեամբ՝ շուրջ 12 հազար քկմ, այս իշխանութիւնն է յանձնել։ Նիկոլ Փաշինեանը սրանից առաջ ասում էր՝ 29,800 քկմ է, եւ իրենք մմ-ի ճշգրտութեամբ գիտեն ՀՀ տարածքը։ Պարզուեց՝ 29,800 չէ, 29,743 է։ Իրականութեան մէջ այսօր արդէն մնացել է 29,500 քկմ, բայց մակերեսը նշելը պէտք է իրականացուի երկուստեք Ադրբեջանի հետ մէկտեղ»,-ըսած է Օհանեան։
Անոր խօսքով՝ Ատրպէյճանը կը յաւակնի 114 հազար քկմ-ի, ատոր համար է, որ Ատրպէյճանը չի նշեր որեւէ մակերես։
«Այդ 114 հազարի մէջ շուրջ 14 հազարը ՀՀ տարածքից է։ Եթէ նշուեն մակերեսներ, ապա պէտք է պայմանաւորուի՝ Հայաստանն ու Ադրբեջանը երկուստեք նշեն որքան են տարածքները, որոնք իրենք յաւակնում են ունենալ, իսկ նշել 29,743 քկմ այս իրականութեան մէջ, նշանակում է նշաձողն իջեցնել կամ մինիմումի վրայ պահել եւ քեզ սահմանափակել սահմանագծման եւ սահմանազատման գործընթացում, առաւել եւս՝ ՀՀ-ն երբ մտել է որպէս առանձին պետութիւն Խորհդային Միութեան տարածք, եղել է 31 հազար քկմ 1926 թուականի քարտէզներով։
Սա եւս մէկ անգամ փաստում է՝ իրենք կեղծ օրակարգ ու թեզեր են նետում մեր հանրութեանը։ Ի՞նչ է տալու եթէ մենք նշենք այդ տարածքը։ Սա մինիմիլիզացնում եւ նուազեցնում է այն բոլոր նշաձողերը, որ դու պէտք է իրականացնես սահմանագծման եւ սահմանազատման շրջանակներում»,- ընդգծած է պատգամաւորը։