Ան, մասնաւորապէս, նշած է. «Այս հարցին, երէկ անդրադարձել էր մեր գործընկեր Նայիրի Հոխիկեանը, ով փոխանցում էր արցախցիների շրջանում եղած անհանգստութիւնները:
Ատրպէյճանցիների փոխանցած հիմնական միտքն այն է, որ ցանկացած պարագայում Արցախը յանձնուելու է, իսկ մենք առաջարկում ենք վաճառել ձեր բնակարանները:
Երեկուանից Արցախում ապրող ծանօթներիս եմ գրում, փորձում հասկանալ, թէ խօսքը մէկ-երկու զանգի մասին է, թէ այն առաւել զանգուածային բնոյթ է կրում:
Դեռ չեմ ցանկանում գնահատականներ հնչեցնել, բայց ակնյայտ է, որ ատրպէյճանցիների զանգերը մէկ-երկու տասնեակով չեն սահմանափակուում:
Այստեղ իրականում երկու հիմնական խնդիր կայ: Առաջինը, ակնյայտ է, որ Ատրպէյճան հոգեբանական գրոհ է սկսել արցախցիների նկատմամբ՝ փորձելով վախի մթնոլորտի դոզայի (չափաքանակ) բարձրացմամբ արագացնել Արցախի հայաթափումը:
Երկրորդ, «սատանայական գործարք» է առաջարկում մարդկանց, փորձելով Արցախի նկատմամբ վերահսկողութիւնը ապահովել այդ ճանապարհով:
Ցաւօք, սպասելի գործընթացներ են եւ առաջիկայում նմանատիպ գործիքների կիրառումն առաւել համատարած բնոյթ է կրելու:
Այս ամէնն առաւել ողբերգական է դառնում Հայաստանի իշխանութիւնների՝ գործընթացից դուրս գալու եւ Արցախի էջը վերջնականօրէն փակելու ֆոնին:
Անկախ այն հանգամանքից, որ Հայաստանի իշխանութիւնները երես են թեքել այս հարցից, արցախցիներից քաղաքական, հասարակական դաշտը, առհասարակ, բոլոր այն մարդիկ, ովքեր գիտակցում են պահի լրջութիւնը, պէտք է թիկունք կանգնեն մեր հայրենիքի արցախեան հատուածում ապրող հայութեանը՝ ով, ինչպէս կարող է:
Պէտք է կանգնել արցախցիների կողքին, սատարել ինչով որ հնարաւոր է: Միաժամանակ պէտք է յիշել, որ Ատրպէյճանի ու Թուրքիայի յաւակնութիւններն Արցախով չեն սահմանափակուելու եւ Արցախի հարցով ցանկացած զիջում նոր ճանապարհ է բացելու ՀՀ տարածքի կորոստների համար»: