Երէկ Արցախի Հանրապետութեան նախագահի հրամանագրով ազատուեցայ ԱՀ պետական նախարարի պաշտօնէն՝ էստաֆետը (գաւազանը) փոխանցելով Ռուբէն Վարդանեանին: Այս մասին դիմատետրեան իր էջին գրած է Արտակ Բեգլարեան:
«Կ'ուզէի մի քանի կէտ ընդգծել այդ առթիւ.
1. Շնորհակալ եմ Նախագահ Յարութիւնեանին՝ պետութեանն ու ժողովրդին ծառայելու այս հնարաւորութեան համար: Շնորհակալ եմ նաեւ պետական նախարարի աշխատակազմին եւ իմ բոլոր գործընկերներին՝ համատեղ ծառայութեան համար:
2. Ես պետնախարարի լիազօրութիւնները ստանձնեցի ծանր պայմաններում՝ աղէտալի պատերազմից ամիսներ անց՝ գիտակցելով պատասխանատւութեանս չափը ժողովրդի, Նախագահի, գործընկերներիս ու յաջորդ սերունդների առջեւ:
3. Ճգնաժամային պայմաններում իմ լիազօրութիւնների ու կարողութիւնների շրջանակներում կատարել եմ հնարաւորինս խնդիրների օպերատիւ ու համակարգային լուծման ուղղութեամբ: Թէ որքանով եմ յաջողել ու ձախողել, թող գնահատեն ժողովուրդը, Նախագահը եւ գործընկերներս, սակայն կարծում եմ, որ նման ծանր պայմաններում Նախագահի գլխաւորութեամբ բաւականին կարեւոր ու ծաւալուն աշխատանք է կատարուել կառավարութեան կողմից: Արածիս եւ չարածիս վերաբերեալ իմ հակիրճ գնահատականները ներկայացրել եմ երէկուայ ասուլիսով՝
4. Պաշտօնավարման ընթացքում ես առաջնորդուել եմ ԱՀ Սահմանադրութեամբ ու օրէնսդրութեամբ, իմ խղճով, արժէքներով, սկզբունքներով եւ ազգային ու պետական շահերով: Թէեւ ես ինքս ամբողջութեամբ գոհ չեմ իմ գործունէութեան արդիւնքներից, սակայն խիղճս մաքուր է եւ սիրտս հանգիստ, որ նուիրուել եմ անմնացորդ կերպով եւ ներդրել եմ իմ առաւելագոյն ներուժը:
5. Ներողութիւն եմ հայցում իմ բոլոր հայրենակիցներից՝ իմ բացթողումների եւ յարուցած հիասթափութիւնների համար: Հաւատացէ՛ք, որ դրանց պատճառները չեն եղել իմ անտարբերութիւնն ու ծուլութիւնը, այլ՝ ռեսուրսների, կարողութիւնների ու լիազօրութիւնների սահմանափակութիւնները:
6. Ուրախ եմ, որ Նախագահն ու Ռուբէն Վարդանեանը այս որոշումը կայացրեցին, եւ պարոն Վարդանեանը լայն լիազօրութիւններով առաքելութիւն է ստանձնել Արցախի առջեւ ծառացած ներքին ու արտաքին հիմնախնդիրների լուծման ուղղութեամբ: Վստահ եմ, որ հնարաւորութիւնների նոր դաշտ է բացւում մեր առջեւ, եւ մեր ապագան պէտք է ինքներս կերտենք՝ համայն հայութեան մասնակցութեամբ ու աջակցութեամբ:
7. Որոշել եմ շարունակել իմ ծառայութիւնը պետութեանն ու ժողովրդին՝ ընդունելով Ռուբէն Վարդանեանի առաջարկը թիմային աշխատանքի վերաբերեալ: Ուստի, ես կը ծառայեմ որպէս պետական նախարարի խորհրդական, որն, ի դէպ, Նախագահի ու պարոն Վարդանեանի հետ քննարկուած հնարաւոր ամենացածր պաշտօնն է, սակայն ամենաօպտիմալ տարբերակն է այս փուլում իմ ներուժի արդիւնաւէտ իրացման համար, որովհետեւ ինձ համար ոչ թէ կարգավիճակն է կարեւոր, այլ՝ արժէքներն ու արդիւնքները: Ի լրումն սահուն անցում ապահովելուն ուղղուած աշխատանքների՝ նաեւ կը ստանձնեմ կոնկրետ լիազօրութիւններ ու գործառոյթներ՝ ե՛ւ հրատապ, ե՛ւ ռազմավարական խնդիրների լուծման հարցում:
ԱՐՑԱԽԸ ԼԻՆԵԼՈՒ Է ՀԱՅԿԱԿԱՆ, ԱՒԵԼԻ ԶԱՐԳԱՑԱԾ ՈՒ ԱՄՈՒՐ:
Ի ԳՈ՛ՐԾ...»