image
Հրատապ լուրեր:

Անկախությունը պատիվ է, որն այսօր կարիք ունի պաշտպանության

Անկախությունը պատիվ է, որն այսօր կարիք ունի պաշտպանության

Մայիսի 28–ը մեր պատմության ամենամեծ տոնն է։ Հեռու չէ այն օրը, երբ մայիսի 28–ը կտոնվի իբրև համազգային անհերքելի ամենամեծ տոն, և ամեն հայ երկյուղածորեն պետք է խոնարհվի այդ տոնի առջև»։

Հովհաննես Քաջազնունի
ՀՀ առաջին վարչապետ

 

Սիրելի´ հայորդիներ, դարեր շարունակ անկախությունը ասես երես էր թեքել հայոց հնամենի հողից, երազանք էր դարձել ունենալ անկախ պետականություն, երազանք էր դարձել երկնքին ցույց տալ և ծածանել հայ ժողովուրդի արյունով և քրտինքով ներկված եռագույնը: Շատերը հեռացան այս կյանքից ցավոք չառնելով անկախության բուրումնավետ համն ու հոտը, շատերը կարոտ մնացին աղոթելու անկախության Հայր Մերը: Այս օրը մեր ազգի հպարտության տոնն է, այս օրը մենք աշխարհին և աշխարհային արդարությանը ցույց տվեցինք հայ ժողովրդի իրական և աստվածային պատկերը: Մայիսյան հերոսամարտերի ամեն մի զինվոր իր մեջ կրեց Վարդանանց ոգին և այդ սխրանքն ու ոգևորությունն էր, որ պահեց ու պաշտպանեց մեր փոքրիկ, բայց այդ փոքրի մեջ մեծ ու թանկ հայրենիքը:

543 տարիներ հայ ժողովուրդը կարոտ մնաց այդ նվիրական և աստվածային պարգևին: Առաջին հանրապետությունը հայ ժողովուրդը ստեղծեց հայոց ազգի բնաջնջման ցավալի փորձերից հետո և ապացուցեց թուրք բարբարոսներին նրա պայքարելու և ապրելու անկոտրուն ուժի մասին: Առաջին հանրապետությունը հիմնադրվեց հայ ժողովրդի համար ծանր ժամանակահատվածում, Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերը փայլուն կերպով կոտրեցին թշնամու առաջխաղացումը դեպի մայր սրբություններ: 

Ցավալի է տեսնել այն իրականությունը, որն այսօր կատարվում է մեր Մայր Հայրենքիքում, մեր Սրբություն Սրբոց Հայաստանում: Շատերի համար Հայրենիքը սոսկ բառ է, ոմանց համար հայրենիքը սափմանափակվում է դատարկ և անարժեք իմաստներով, բայց այո´, մենք հավատում ենք, որ մեր ազգը ունի նվիրյալ և ամեն մի թիզ հողի մասին մտածող անհատներ, և այդ անհատների տքնաջան աշխատանքի շնորհիվ է, որ մենք բոլորս դուրս կգանք ամիսներ շարունակվող այս դառը մղձավանջից: Այս ամենը իր մեջ նաև հոգևոր պատգամ և գաղափարախոսություն է կրում. սուրբգրային բազմաթիվ պատմություններ մեզ ուղղակի կերպով հաղորդում են, որ որքան մարդ հեռանում է Աստծուց այնքան խնդիրներ են կուտակվում նրա տեսլականում: Մենք պետք է դառնանք դեպի մեր Արարիչը՝ դեպի մեր երկնավոր Հայրը՝ Նրա հանդեպ ունենալով մեծ սեր և նվիրում: Հայրենիքը դատարկ բառերով և անպատասխանատու քարոզներով չենք կարող պահպանել, հայրենիքը մեկ այլ սիրո և գուրգուրանքի կարիք ունի, սեր, որ հաղթում է երկրային ամեն մի ձախորդություն, սեր, որ բխում է մեր Տիրոջից՝ Հիսուս Քրիստոսից: Եվ ուրեմն Հայրենիքը կարող ենք պահպանել և պաշտպանել օտարներից, երբ քաջ գիտակցենք ավետարանական այս տողերը «Արդ, գնացեք տվե՛ք կայսրինը կայսերը, իսկ Աստծունը՝ Աստծուն» Ղուկաս 20.25:

Հայոց պատմության յուրաքանչյուր դարաշրջան իր մեջ պայքարի և արդարության գաղափարախոսություն է կրել, և անջնջելի այդ պատմության ամեն մի դրվագ հարուստ է եղել այնքան նվիրական և հերոս անձերով, որոնց օրինակով այսօր կրթվում ու դաստիարակվում են շատ ու շատ հայորդիներ: Եվ ուրեմն հաղթանակը և այն արդարությունը, որը մեզանից մի փոքր հեռու է գտնվում իսկապես ի զօրու ենք մեր ձեռքը վերցնել և որպես դրոշակ ծածանել յուրաքանչյուր ազգի և պետության առաջ:

44 օրեր Հայոց երկինքը դարձավ սուգի և արտասուքի մի մեծ բնօրրան: Բայց հայ զինվորը իր մեջ կրելով մեր նախնիների պայքարելու և չկոտրվելու անսպառ ոգին թշնամուն թողեց մի չգրված նամակ. «Մենք վերադառնալու ենք»:Ապրենք և լցվենք ուժով, բայց այն հատուկ ուժով, որը հաղթել գիտի, որը արդարություն է վերականգնում և ամենակարևորը՝ ուժ, որն Աստծուց է տրված:

 

ԲՐԱԶԻԼԻԱՅԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԲԱԺԻՆ