image

Ալի Խամենեի. Նամակ արևմտյան աշխարհի երիտասարդներին

Ալի Խամենեի. Նամակ արևմտյան աշխարհի երիտասարդներին

Հանուն գթած և ողորմած Աստծո


Ֆրանսիայում կույր ահաբեկչության հետևանքով տեղի ունեցած դառը դեպքերը կրկին անգամ ինձ մղեցին խոսել ձեզ՝ երիտասարդներիդ հետ: Ինձ համար ցավալի է, որ նման իրադարձություններն են խոսելու հող պատրաստում: Բայց իրողությունն այն է, որ եթե ցավալի հարցերը ենթահող չստեղծեն ելքեր գտնելու և համախոհության համար, ապա հասցված վնասը կդառնա կրկնակի: Աշխարհի յուրաքանչյուր կետում յուրաքանչյուր մարդու տառապանքն ինքնըստինքյան ցավ է պատճառում  բոլորին: Իր սիրելիների աչքերի առջև երեխայի մահվան տեսարանը,   կամ այն մայրը, որի  ընտանիքի ուրախությունը վերածվել է ողբերգության, այն ամուսինը, որ իր կնոջ  անկենդան մարմինը շտապ տեղափոխում է մեկ այլ տեղ, կամ այն դիտողը, որ չգիտե, որ վայրկյաններ անց տեսնելու է իր կյանքի բեմադրության վերջին արարը, այնպիսի տեսարաններ են, որոնք չեն կարող չցավեցնել յուրաքանչյուր մարդու սիրտը: Ում սրտում կա սեր ու  բարություն և ով օժտված է մարդկային արժանիքներով, անպայման նման տեսարաններից մեծապես կազդվի և կհուզվի, դա լինի Ֆրանսիայում, թե Պաղեստինում,  Իրաքում, Լիբանանում և Սիրիայում,  միևնույն է: Անտարակույս մեկուկես միլիարդ մուսուլմաններ նույն զգացմունքն ունեն և ատում են այս աղետների հեղինակներին: Բայց հարցը նրանում է, որ եթե այսօրվա տառապանքներն ավելի լավ ու ապահով ապագա կերտելու առիթ չհանդիսանան, ապա դրանք կմնան միայն որպես դառն ու ապարդյուն հուշեր: Ես հավատում եմ, որ դուք` երիտասարդներդ եք, որ դաս առնելով այսօրվա խնդիրներից կկարողանաք նոր ելքեր գտնել ապագան կերտելու համար և փակելու այն զարտուղիները,  որոնք արևմուտքը հասցրել է այս կետին:


Ճիշտ է,  որ այսօր ահաբեկչությունը մեր և ձեր ընդհանուր ցավն է,  բայց պետք է իմանաք, որ այն տագնապն ու անապահովությունը, որ զգացել ու ապրել եք վերջին դեպքերի ընթացքում,  երկու տարբերություն ունի այն ցավ ու տառապանքից, որոնք տարիներ շարունակ կրել են Իրաքի, Եմենի, Սիրիայի ու Աֆղանստանի ժողովուրդները: Առաջին՝ Իսլամ աշխարհն ավելի երկար տարիներ և ավելի լայն մասշտաբով եղել է բռնության ու ահաբեկչության զոհը: Երկրորդ ՝ ցավոք այս բռնությունները միշտ որոշ գերտերությունների կողմից և տարբեր  ու ազդեցիկ եղանակներով պաշտպանվել են: Այսօր շատ քիչ մարդ կարող է անտեղյակ լինել Ալ Քաիդայի,  Թալիբանի և նրանց հետևորդներին սպառազինելու գործում ԱՄՆ-ի դերակատարության մասին: Այս ուղղակի աջակցությանը զուգահեռ,  թաքֆիրական ահաբեկչության ճանաչված ու բացահայտ հովանավորները չնայած քաղաքական ամենահետամնաց համակարգերն ունեն, միշտ  գտնվել են  արևմուտքի դաշնակիցների շարքում: Ընդսմին տարածաշրջանում նպատակասլաց ժողովրդավարություններից ելած ամենալուսավոր ու ամենաառաջադեմ գաղափարները անողոքաբար ճնշվել են: Իսլամ աշխարհում «Զարթոնքի շարժման» նկատմամբ արևմուտքի երկակի չափանիշներով մոտեցումը պերճախոս վկայությունն է արևմուտքի վարած  հակասական քաղաքականությունների:


Այս հակասական քաղաքականության  մյուս երեսն է  Իսրայելի պետական ահաբեկչությանը ցուցաբերվող հովանավորությունը: Պաղեստինի բռնահարված ժողովրդի նկատմամբ ավելի քան 60 տարի է, ինչ իրագործվում է  ահաբեկչության վատթարագույն տեսակը: Եթե Եւրոպայի ժողովուրդները ներկայումս մի քանի օր է` ինչ ապաստանում են իրենց բնակարաններում և  խուսափում են ներկայություն ունենալ բազմամարդ  կենտրոններում  ու շրջանակներում,  պաղեստինյան յուրաքանչյուր ընտանիք տասնյակ տարիներ է, որ իր տան մեջ անգամ ապահովություն չունի, քանզի ամենուրեք Սիոնիստական ռեժիմի կողմից իրականանում են  ավերածություններ ու սպանություններ: Այսօր  դաժանության ու անգթության առումով, ինչպիսի բռնություն կարելի է համեմատել Սիոնիստական ռեժիմի կողմից իրականացվող քաղաքավանաշինության  հետ: Այդ  ռեժիմը, որ երբեք  իր ազդեցիկ դաշնակիցների կամ առերևույթ միջազգային անկախ կառույցների  կողմից լրջորեն ու ազդեցիկ կերպով չի պախարակվել, ամեն օր ավերում է պաղեստինցիների բնակարանները, այգիներն ու ագարակները,  նրանց թույլ չտալով նույնիսկ իրենց տան իրերն ու կահկարասիները   կամ  գյուղատնտեսական բերքը հավաքել: Եւ այս բոլորը տեղի է ունենում կանանց ու երեխաների արտասվալի ու սարսափահար աչքերի  առջև: Նրանք ականատես են լինում իրենց ընտանիքի անդամների ծեծ ու ջարդին  և նրանց խոշտանգումներին: Արդյո՞ք ժամանակակից աշխարհում այս մասշտաբով ու այս հարատևությամբ  դաժանություն ճանաչում եք: Արդյո՞ք  մինչև ատամները զինված զինվորի դեմ բողոքելու մեղադրանքով փողոցում մի կնոջ գնդակահարելը եթե ահաբեկչություն չէ, ապա ի՞նչ է: Այս բարբարոսությունը որովհետև մի օկուպանտ կառավարության զինվորականի կողմից է իրականանում չպե՞տք  է ծայրահեղություն անվանել: Միգուցե այս պատկերները 60 տարի շարունակ հեռուստաէկրաններից ցուցադրվելու  պատճառով այլևս չպե՞տք է մարդկային գութը շարժեն և խղճեր արթնացնեն:


Վերջին տարիներին դեպի Իսլամ աշխարհ իրականացված զորաշարժերը, որոնք իրենց հերթին մարդկային անհամար զոհեր են խլել, մեկ այլ  վկայությունն են արևմուտքի հակասական տրամաբանության: Գրոհի ենթարկված երկրները, մարդկային վնաս պատճառելուց բացի,  ձեռքից տվել են իրենց տնտեսական ու արդյունաբերական հիմնակառույցները, դանդաղել է նրանց աճելու և բարգավաճելու ընթացքը և նույնիսկ որոշ դեպքերում տասնյակ տարիներ հետադիմել են: Այնուամենայնիվ, ամենայն հանդգնությամբ նրանցից պահանջվում է,  որ իրենց բռնահարված չհամարեն: Ինչպես կարելի է մի երկիր հիմնահատակ վերածել ավերակի և նրա քաղաքներն ու գյուղերը մոխրի,  ապա նրա ժողովրդին ասել   «Խնդրում ենք ձեզ բռնահարված չհամարեք»: Նրանց չհասկանալու կամ աղետները մոռանալու կոչ անելու փոխարեն ավելի լավ չէ՞ ազնվությամբ ներողություն խնդրել:  Այս տարիների ընթացքում նախահարձակների  երկերեսանիության պատճառով Իսլամ աշխարհի կրած տառապանքն ավելի քիչ չէ, քան` նյութական վնասները:


Սիրելի երիտասարդնե՛ր


Ես հուսով եմ,որ դուք ներկայում կամ ապագայում կեղծիքով շաղախված մտայնությունը կփոխեք : Մտայնություն, որի նպատակն է թաքցնել հեռավոր նպատակները և քողարկել նենգ մտադրությունները:  Իմ կարծիքով անվտանգության և խաղաղության հաստատմանն ուղղված առաջին փուլն է՝ բարեփոխել բռնություն ծնող այս մտայնությունը: Քանի դեռ արևմուտքի քաղաքականության մեջ իշխում են երկակի չափանիշներ և քանի դեռ ահաբեկչությունն իր հզոր հովանավորների կարծիքով բաժանվում է լավ ու վատ մասերի ու քանի դեռ մարդկային ու բարոյական արժեքներից վեր են դասվում  պետությունների շահերը, չպետք է բռնության արմատները այլ տեղ որոնել:


Ցավոք այս արմատները երկար տարիների ընթացքում աստիճանաբար ներթափանցել են արևմուտքի մշակութային քաղաքականությունների խորքը և ձևավորել են մի լուռ ու  փափուկ  գրոհ: Աշխարհի բազմաթիվ երկրներ պարծենում են իրենց ուրույն ու ազգային մշակույթով: Մշակույթներ, որոնք ծաղկելով ու զարկ ստանալով, հարյուրավոր տարիներ շարունակ սնուցանել են մարդկային հասարակությունները: Այս առումով  Իսլամ աշխարհն էլ բացառություն չի կազմում: Բայց ժամանակակից դարում արևմտյան աշխարհն օգտվելով արդիական միջոցներից պնդում է  աշխարհի մշակութային նմանօրինակման վրա: Արևմուտքի մշակույթի պարտադրումը այլ ժողովուրդների և անկախ մշակույթների թերագնահատելը՝ ես համարում եմ լուռ ու չափազանց վնասակար բռնություն: Հարուստ մշակույթների նսեմացումը և նրանց ամենահարգելի բաժիններին ուղղված անարգանքն այն դեպքում են իրականանում, երբ փոխարինող մշակույթը երբեք համապատասխան պոտենցիալը չի կարող ունենալ: Որպես օրինակ,  երկու տարրեր՝ «Ագրեսիվությունը» և «Բարոյական սանձարձակությունը», որոնք ցավոք արևմտյան մշակույթի գլխավոր բաղադրիչներն են համարվում, նրա դիրքը իջեցրել են նվազագույն աստիճանի: Ահավասիկ հարց է ծագում, որ եթե մենք ագրեսիվ, հասարակ ու իմաստազուրկ մշակույթ չուզենք,  մեղավո՞ր ենք: Եթե մենք արգելենք մեր երիտասարդներին ուղղված արվեստանման արտադրանքների շրջանակում ավերածության հոսքը, մենք մեղավո՞ր ենք: Ես չեմ հերքում մշակութային կապերի արժեքը:  Երբ այս կապերը բնական ու հարգալից պայմաններում  են մատուցվել՝ հասարակությանը հարստություն, ծաղկում ու  զարգացում են պարգևել: Իսկ անհամահունչ ու պարտադրյալ կապերը անհաջող ու վնասաբեր են եղել: Ցավով պիտի ասեմ, որ ԻԼԻՊ-ի նման ստոր խմբավորումները ծնունդ են առել ներմուծվող  մշակույթների հետ անհաջող կապերի արդյունքում: Եթե խնդիրը իրոք հավատամքային լիներ, պետք է գաղութարարության ժամանակաշրջանից առաջ նման երևույթներ նկատվեին Իսլամ աշխարհում: Մինդչեռ պատմությունը հակառակն  է վկայում:  Պատմական փաստերը ապացուցում են,  որ ինչպես մի բեդվին ցեղում ծայրահեղական ու մերժված  մի գաղափարախոսության հետ գաղութարարության խաչաձևումը ծայրահեղության սերմեր ցանեց այդ տարածաշրջանում: Միթե հնարավոր է,  որ աշխարհի ամենամարդկային ու ամենաբարոյական կրոնական վարդապետություններից մեկից, որ մեկ մարդու սպանությունը համարում է ողջ մարդկության սպանություն,   ԻԼԻՊ-ի նման  մի աղբ  դուրս գար:


Մյուս կողմից պետք է հարցնել, թե ինչու նրանք ովքեր ծնվել են Եւրոպայում և նույն միջավայրում մտավոր ու հոգևոր  դաստիարակություն  են ստացել, ներգրավվում են այդ խմբավորումներում: Արդյոք կարելի է հավատալ, որ անհատները մեկ-երկու անգամ այցելում են պատերազմական շրջաններ ու հանկարծ այն աստիճան ծայրահեղական են դառնում,  որ գնդակահարում են իրենց հայրենակիցներին: Անտարակույս չպետք է մոռանալ բռնությամբ շաղախված միջավայրում անառողջ մշակութային սնուցման ազդեցությունը:


Այս ոլորտում պետք է համապարփակ  վերլուծություն  կատարել,  վերլուծություն, որը կհայտնաբերի հասարակության թաքուն ու անթաքույց աղտոտիչները: Միգուցե արդյունաբերական ու տնտեսական ծաղկման տարիների ընթացքում այն խոր ատելությունը,  որ  արևմտյան հասարակությունների որոշ խավերի սրտերում սերմանվել է անհավասարությունների և հավանաբար օրինական ու կառուցվածքային խտրականությունների հետևանքով,  բարդույթներ է առաջացրել, որ մերթ ընդ մերթ հիվանդագին կերպով այսպիսի դրսևորում է ունենում:

Հսմենայն դեպս դուք  երիտասարդներդ եք,  որ պետք է ճեղքեք ձեր հասարակության մակերեսային շերտերը և գտնեք ու հեռացնենք հանգույցներն ու քեները: Ճեղքերը խորացնելու փոխարեն պետք է փակել դրանք: Ահաբեկչության դեմ մղվող պայքարում մեծ սխալը այն շտապողական հակազդեցություններն են, որ առկա ճեղքերն խորացնում են:  Յուրաքանչյուր շտապ քայլը,  որ Եվրոպայում  և ԱՄՆ-ում բնակվող միլիոնավոր ակտիվ ու պատասխանատու մուսուլման հասարակությանը մեկուսացման ու տագնապի կմատնի և առավել քան երբևէ նրանց կզրկի իրենց հիմնական իրավունքներից ու կհեռացնի հասարակությունից,  ոչ միայն չի լուծելու խնդիրը,  այլև ավելի կմեծացնի տարաձայնություններն ու  անախորժությունները: Հակադարձող և մակերեսային միջոցառումները, հատկապես եթե օրինական բնույթ ստանան, առկա հատվածականություններն ավելացնելուց և  հետագա ճգնաժամերի համար ճանապարհ բացելուց բացի այլ արդյունք չեն կարող ունենալ: Ստացված հաղորդումների համաձայն՝ որոշ եւրոպական երկրներում օրենքներ են սահմանվել, որոնց համաձայն քաղաքացիները պարտավոր են լրտեսել մուսուլմաններին: Նման վերաբերմունքները անգթություն են,  և մենք բոլորս գիտենք, որ անգթությունն ու դաժանությունը վերականգնվելու յուրահատկություն ունեն: Բացի դա, մուսուլմանները նման վերաբերմունքի արժանի չեն: Արևմտյան աշխարհը դարեր ի վեր ճանաչում է մուսուլմաններին: Թե՛ այն օրը, որ արևմուտքցիները որպես հյուր եղան իսլամական հողում և աչք հառեցին տանտիրոջ հարստության վրա և թե՛ այն օրը,  որ հյուրընկալեցին մուսուլմաններին  և օգտվեցին նրանց աշխատանքից ու մտքից, բարությունից ու համբերատարությունից բացի այլ բան չեն տեսել մուսուլմաններից:


Ուրեմն  ով երիտասարդներ, ես ձեզանից ուզում եմ, որ ճիշտ ու խոր ճանաչողության հիմամբ իսլամ աշխարհի հետ արժանավայել ու ճիշտ գործակցության հիմքեր մշակեք: Այդ դեպքում ոչ հեռու ապագայում կտեսնեք, որ այսպիսի հիմքի վրա ձեր դրած շինությունն իր ճարտարապետների վրա վստահության ստվեր կսփռի ու նրանց անվտանգության ու խաղաղության ջերմություն կպարգևի և լուսավոր ապագայի նկատմամբ հուսո լույսը կտարածի ողջ աշխարհում:

 

Սեյյեդ Ալի Խամենեի

29.11.2015

 

 

թարգմանությունը` Իրանահայկական IRIB-ի