Իմ Փարիզից վերադառնալիս, ուրեմն աշխատանք ունէի, տուն ունէի, ամէն ինչ թողեցի եկայ, ասացի՝ Ես խարիսխ եմ, նաւապետը կայ կարող է սպաննուել կամ կորել, նաւաստիները կարող են ընկղմուել ծովի մէջ, մկները կարող են փախչել նաւից, բայց նաւը պիտի կանգուն մնայ, կանգուն մնալու համար պէտք է որ նա խարիսխ ունենայ, ոչինչ որ ես ժանգոտած խարիսխ եմ, բայց խարիսխ եմ, ես եկել եմ այստեղ ասելու համար ոչ մի տեղ չեմ գնայ: Ինձ գայթակղել հնարաւոր չի, որովհետեւ քանի որ ես դեռ Հայաստանում եմ ուրեմն նաւը դեռ ընկղմուած չէ, որովհետեւ ես խարիսխ եմ:Ինչո՞ւ գողացաք ինձանից իմ միակ զէնքը, որ ձայնս էր եւ կարող էի հազարների հետ խօսել ինչպէս խօսել եմ (հիմա չեմ կարող խօսել տեսնում ե՞ս- բարձրախօսը ոնց որ թշնամիս լինի), վերադարձրո՛ւ ինձ իմ միակ զէնքը, ուրիշ զէնք երբեք չեմ ունեցել:
Դուք սիրելիներս, նոր սերնդի սփռուած հայեր, ուր որ լինէք վաղ թէ ուշ, ճանապարհը պէտք է բերի ձեզ այստեղ, տեսե՞լ էք դուք Հայաստանը թէ չէք տեսել, պատկերացնո՞ւմ էք դա ինչ երկիր է թէ չէ: Նշանակութիւն չունի՛, Արգիշտի թագաւորի՞ն էք ընդունում որպէս առաջին հայ թագաւոր (ես եմ ընդունում), թէ ինչ որ ուրիշ մէկին, նշանակութիւն չունի, նշանակութիւն այն ունի միայն, որ դուք մեծահարուստ թէ աղքատ, կարպիճմէն (աղբահաւաք) թէ մեծ գիտնական, դուք հոն էք, Կեսարիոյ մէջ, էքոմէտիացի էք, Պոլսից էք, Շուշուց, Թիֆլիսից, Սալմաստից, բոլոր կողմերից: Մի շատ լաւ ընկեր ունէի, հիմա էլ ունեմ, բայց հեռու է, ասեց, ուսանող ընկեր էր, դրա համար Դուք-ով էր խօսում հետս, ասում էր, -« Ձեզ նման երկու մարդերի եմ հանդիպել, մէկը Ցիւրիխում միւսը Աւստրալիայում»,- իմ նման, այսինքն պապերս չե՛ն, ընկերներս չե՛ն, բայց՝ ե՛ս եմ: Ուրեմն՝ Կեսարիայէն , Սթամպուլէն, Սալմաստէն, Շուշիէն, Թիֆլիսէն, Ցիւրիխէն, Աւստրալիայէն, նշանակութիւն չունի՛, այս բոլորը ե՛ս եմ եւ դո՛ւք, կը տեսնուենք մենք թէ չենք տեսնուի, նշանակութիւն չունի, որովհետեւ երկրի հոգիները միշտ նոյնն են, նրանք մեզ համար եւ կ'ուրախանան եւ կը տխրեն, այս Հայք աշխարհի, այս Արմէնիա աշխարհի թաքուն, թաքնաթաքուն մնացած, չէ թէ այս կամ այն եկեղեցուն պատկանող, որոնք ո՛չ կաթիլիկ են, ո՛չ ուղղափառ են, ո՛չ պուտտաեական են, ո՛չ քրիստոնէական են, այլ անյայտ մի ցեղ, անյայտ մի ցեղ անյայտ ոգիների, որ մեզ պահում է, միացնում է եւ կը պահի այնքան ժամանակ ինչքան ձեր նման, իմ ունկնդրողների եւ իմ նման այսպէս խօսողների նման մարդիկ կան: Մեր սերունդը հանէ՛ք մէջտեղից, մի սերունդ կորցնելու ենք, կորստեալ սերունդ, սկզբից, շատ վաղ սկզբից ասել եմ, մի սերունդ կորցնելու ենք, բայց այդ կորուստեալ սերնդի մէջ կը գտնուեն մարդիկ որոնք կը վերակենդանացնեն, թէ՛ ինձ ու քեզ, թէ՛ այդ անյայտ, առայժմ անյայտ մնացած մեր երկրի ոգիներին: