Առաջնագծում վիճակը թեժ է, բայց մեզ մոտ մի տեսակ ընդարմացում կա: Սա ամենավատ վիճակն է ու հավասար է ճահճացման: Սոցցանցերում ու ինչ-ինչ առանձին հավաքներում տեղ-տեղ ըմբոստացումը այն չէ, այն չէ նաև մեր ընկալումը պատերազմի մասին: Առաջին զոհերի մասին լուրերը ցնցեցին, հետո շատերի համար աստիճանաբար դարձան սովորական... Սարսափելի է. արյունը դարձավ սովորական, ու մարդիկ անցան առօրյային, մինչդեռ սուգը չդադարեց տասնյակ տներում, որոնց մեծ մասը քողտիկներ են՝ քողտիկներ, որտեղ մեռնում են երազները: Երազների թաղումը սահմռկեցուցիչ է. որդեկորույս ոչ մի մոր չի մխիթարի ոչ մի խոսք ու գաղափարախոսություն, ոչ մի քարոզ ու ճառ, ոչ մի պաթոս...արդարացում, հաշվարկ, վերահաշվարկ, գումարի փոխհատուցում, վարկի մարում... Զավակ է կորցրել ու նրա հետ՝ իր հույսերը... ու նրա հետ թաղում է նաև հավատը....
Հաղթող ազգից դարձանք հարմարվող մի զանգված ու չկարողացանք տեր դառնալ մեր երկրին արդեն քառորդ դար՝ մեզ զրկելով ուժեղ պետության տեսլականից ու նոր զոհերից խուսափելուց... Հաճախ համակերպվեցինք թալանողների հերթափոխին, համակերպվեցինք ու լռեցինք լավագույն դեպքում, քանզի վատագույնը՝ հայրենիք լքելն է ...
Մի ծանոթ ունեի, ամեն անմեկնելի բանի համար, որի համար պատասխան չէր գտնում, արձագանքում էր՝ հոգեբանական է: Թերևս նրա համար, որ հոգին էլ անմեկնելի է... Հիմա գուցե մեր այս ընդարմացումն էլ հոգեբանական է, մարդկային... Գուցե նրա համար ենք սկսել առօրյային դառնալ, որ փախչենք համակերպվողի մեղքի զգացումից, կամ գուցե էդ անասելի բեռի մասին չհիշենք... Մարդիկ կան՝ թաղումների ժամանակ նաև ծիծաղում են...գուցե նաև յուրատիպ էգոիզմն է մարդկային, երբ մտածում է՝ ինչ լավ է, որ հեռացողը այս անգամ ինքն ու իրենը չէ ... Գուցե էդպես, կամ ... Չգիտեմ...հոգեբանական է:
Այս վիճակը մի տեսակ ծանոթ է ինձ, ու նման է իմ մանկությանը, քանզի իմ մանկությունն ու պատերազմը հասակակիցներ են. հիշում եմ այս նույն սև ժապավենները, որ փողոցը կիսում էին՝ ինչպես, որ կիսում էին նաև մարդկային կյանքը... Այս անտանելի սև ժապավենները կարծես վերադարձել են մանկությունից՝ չավարտվող սարսափելի երազների պես... Սև ժապավենները, որոնք կանաչ-կարմիրի փոխարեն գալիս են իրենցը դարձնելու կյանքը նոր սկսող տղաների անունները... Սև ժապավեններ, որոնք դրվում են արդեն մեկ անգամ հաղթանակ տեսած մարդու կյանքի վրա՝ փառքի պսակի փոխարեն...
Նման է մանկությանս նաև, քանի որ այսօրը նման է այն մութ ու ցուրտին, որի հականիշը մեծահարուստ-պաշտոնավորների տանը վառվող լույսն էր. չէ՛, արդեն մութ չի, բայց նույն սկզբունքով են շատերը գոյատևում, իսկ մի մասն էլ՝ շա՜տ քիչ մասը՝ ապրում... Գուցե այն ժամանակ, եթե բոլորս լինեինք խավարում, այսօր չէին լինի սև ժապավենները: Եթե բոլորս ապրեինք այնպես, որ երկրի հաշվին ավելիով ապրողներ չլինեին:
Հաղթելը դժվար է, բայց ավելի դժվար է այդ հաղթանակը պահելը, իսկ պահելը կլիներ այդ հաղթանակը ուժեղ պետության հիմք դարձնելը, ոչ թե սեփական գրպանների մասին հոգալը...Ուժեղ պետություն, որի կողքով իսկ կվախենային անցնել քառոտանիները...
Բայց մենք դեռ փնտրում ենք այլընտրանք թալանի համար...Փնտրում ենք ու չենք գտնում, քանզի դեռ բնակչության թվին ու աղքատությանը անհամարժեք պահվում են բարձր պաշտոնյաներ՝ իրենց զորքերով, անհավանական գնումներով ու գործուղումներով... Ինչո՞ւ ուրիշի հաշվին, ինչո՞ւ ուրիշի արյան հաշվին, երազները թաղելու հաշվին, հավատը մեռցնելու հաշվին...ինչո՞ւ...ու ինչքա՞ն դեռ...
Զար Տելալյան