image

Մահացել է Լեդի Սուրսոկը՝ Լիբանանի ազնվական կանանցից մեկը

Մահացել է Լեդի Սուրսոկը՝ Լիբանանի ազնվական կանանցից մեկը

Լիբանանում 98 տարեկանում մահացել է Սուրսոկ ազնվական ընտանիքի անդամներից մեկը՝ Լեդի Իվոն Քոշրան Սուրսոկը: Նա համարվում էր Բեյրութի հանրահայտ Սուրսոկ թանգարանի տիրուհիներից մեկը, 1960-ականներին եղել է  Սուրսոկի կոմիտեի նախագահը, Լիբանանում հնագույն տների և  բնակավայրերի պաշտպանության ասոցիացիայի հիմնադիրը, որի  նախագահն էր 1960-2002 թթ. : Նրա ամուսինը եւրոպական ծագմամբ բարձրաստիճան զինվորական էր, որ մահացել է 1979-ին: 

Լեդի Սուրսոկի մահվան լուրը հայտնել է Սուրսոկ թանգարանը, նշելով, որ Սուրսոկների պատմական առանձնատունը, որտեղ ապրում էր Լեդին, տուժել է Բեյրութի նավահանգստի պայթումից, ինքը՝ Լեդի Սուրսոկն էլ վիրավորվել և տեղափոխվել էր ընտանեկան ամառանոց, որտեղ բուժվում էր:  Նրա մահվամբ, ինչպես նշված է հաղորդագրության մեջ, շրջվեց Լիբանանի քրիստոնեական պատմության ևս մեկ էջ: 

 

Լեդի Սուրսոկը՝ Լիբանանի նախագահ Շարլ Հլուի հետ

 

 

 

 

Լեդի Սուրսոկը՝ Սուրսոկների՝ 1860-ին կառուցած տուն-պալատում, որտեղ բնակվում էր

 

 

 

 

Սուրսոկների 160-ամյա տուն-պալատը՝   2020 թ.-ի օգոստոսի 4-ի պայթումից հետո


Սուրսոկ ընտանիքը Լիբանանի հույն ուղղափառ տոհմերից է, որոնք կրում են  բյուզանդական ավանդույթներ:  

Համարվում է Լիբանանի յոթ հնագույն և ազնվական ընտանիքներից մեկը,  Լիբանանում հաստատվել է 1700-ականներին: Սուրսոկները կառուցել են առանձնատներ, որոնց մեծ մասը կտակել են Բեյրութին՝ մշակութային և պատմական կենտրոններ դարձնելու պայմանով:  

Սուրսոկի առանձնատներից մեկում տեղակայված է Լիբանանի ժամանակակից արվեստի թանգարանը, որ գտնվում է  Բեյրութի Էշրաֆիե շրջանի Ռու Սուրսոկ փողոցում: Այդ փողոցում են գտնվում նաև Սուրսոկներից և այլ հարուստ ընտանիքներից մնացած ամրոցներ, տուն-պալատներ:  Սուրսոկի թանգարանի շենքը լիբանանյան ճարտարապետության հիանալի օրինակ է, որը կրում է իտալական, հատկապես, վենետիկյան և օսմանյան ճարտարապետությունների ազդեցությունը:

Ժամանակակից արվեստի գործերից բացի, թանգարանում պահվում են նաև ճապոնական փորագրություններ և իսլամական արվեստի աշխատանքներ, ընդհանուր առմամբ արվեստի 5000 նմուշ, որոնց մեջ մտնում են նկարներ, քանդակներ, ճենապակի, ապակե աշխատանքներ, գրքեր, որոնք թվագրվում են 18-20-րդ դարերին: Շենքում գործում են գրադարաններ, գրախանութ, երաժշտական սրահներ: 

Թանգարանի բոլոր կարևոր ցուցադրություններին ներկա էր լինում Լեդի Սուրսոկը:  


Թանգարանը նույնպես վնասվել է Բեյրութի նավահանգստի աղետից



 

Սուրսոկ թանգարանը՝ մինչև պայթումը

 

Լուսանկարները՝ Սուրսոկների ժառանգության կայքից