image
Հրատապ լուրեր:

Ըստ քաղաքագէտ Արթուր Խաչիկեանի «Դիտորդներն անգործ են»

Ըստ քաղաքագէտ Արթուր Խաչիկեանի «Դիտորդներն անգործ են»

Միջազգային քաղաքականութեան մէջ ամէն ինչ հիմնուած է շահերու եւ ուժային յարաբերութիւններու վրայ, բայց մեր մօտ այդ ընդունուած չէ: Այս մասին «Աշխարհում ընթացող գործընթացների ազդեցութիւնը Հայաստանի վրայ» թեմայով քննարկման ժամանակ նշած է քաղաքագիտութեան դոկտոր Արթուր Խաչիկեան:

«Մենք աւելի էմոցիոնալ (զգացական) ենք մօտենում եւ ոգեւորւում ենք էմոցիոնալ ժեստերից (արարքներ): Յիշենք Փելոսիի այցը, խոստումներ էին տրւում, որ նա մեզ կը պաշտպանի, անգամ փրկիչ բառն էր օգտագործւում: Ոչինչ դրանից յետոյ չեղաւ: Ինչ վերաբերում է Ֆրանսային, երկու տարի առաջ Ֆրանսայի Սենատը որոշում ընդունեց, որտեղ կոչ արեց, որ Ֆրանսան ճանաչի Արցախի Հանրապետութիւնը: Դա ոչ մի հետեւանք չունեցաւ: Յետոյ եղաւ Մաքրոնի շատ գեղեցիկ ճառը, որտեղ ասաց, որ Հայաստանի ու հայերի կողքին է եւ հայերին մենակ չի թողնի, եւ ուղարկեցին դիտորդներ, որոնք դեռ այստեղ են: Մի քանի օր առաջ սահմանին սպանուեց զինծառայող, Արցախում յարձակում եղաւ բնակիչների վրայ, ի՞նչ արեցին դիտորդները, ոչինչ»,-ըսած է ան:

Անդրադառնալով Ֆրանսայի Սենատի բանաձեւին, որ կոչ կ'ընէ կառավարութեան պատժամիջոցներ սահմանելու Ատրպէյճանի դէմ, Արթուր Խաչիկեանն ըսած է, որ այդ որոշումը պիտի ունենայ բարոյական, քաղաքական ինչ-որ նշանակութիւն, բայց չի կարծեր, որ բերէ որեւէ իսկական գործողութիւններու. «Երկրի արտաքին քաղաքականութիւնը որոշում է երկրի ԱԳՆ-ն: Եթէ յիշում էք, Վալերի Պուայէն հարց ուղղեց Ֆրանսայի ԱԳ նախարարին՝ դուք ռազմական օգնութիւն ցուցաբերելո՞ւ էք Արցախին, այնտեղ կարող է լինել նոր ցեղասպանութիւն: Նախարարը խուսափեց այդ հարցից՝ ասելով, որ դիտորդներ են ուղարկելու»,-ըսած է ան:

Արթուր Խաչիկեան նաեւ նկատած է, որ մենք՝ հայերս, մեզ կը համարենք աքսորուած եւրոպացիներ. «Մենք սիրում ենք Արեւմուտքը, բայց ապրում ենք Արեւելքում, դա ստեղծում է բիպոլյար (երկբեւեռ) ինքնութիւնը, որի հետ չենք կարողանում համակերպուել: Մենք կարծում ենք, որ ապրում ենք եւրոպական ստանդարտներով (չափանիշերով), բայց ապրում ենք այստեղ: Մենք չենք կարողանում համատեղել մեր ճաշակները, մեր համակրանքը դէպի Եւրոպան մեր ռէալ (իրական) աշխարհագրական դիրքի հետ: Այս խնդիրների մեծ մասը այդտեղից է ծագում»,-ընդգծած է ան:

Խաչիկեան անդրադարձած է նաեւ Եւրասիոյ հարցերով ԱՄՆ Արտաքին գործոց փոխնախարար Քերըն Տոնֆրիտի յայտարարութեան, որ նշած էր. «Ատրպէյճանին տրուող օգնութիւնը կը համապատասխանէ ԱՄՆ ազգային անվտանգութեան շահերուն: Օգնութիւնը նախատեսուած է Ատրպէյճանի սահմաններու անվտանգութեան ապահովման եւ արդիւնքներ տուած է Իրանէն եկող սպառնալիքներու հակադարձման: Այդ շարքին՝ խաթարած է Հարաւային Կովկասով, Իրանով եւ Ռուսիայով անցնող մաքսային երթուղիները»:

Այս առնչութեամբ ան ըսած է. «Պետքարտուղարութեան ներկայացուցիչն ասում է, որ ԱՄՆ շահերից բխում է Ատրպէյճանին ռազմական օգնութիւն ցուցաբերելը, այսինքն ստացուեց, որ տարածաշրջանում դեմոկրատական պետութիւնը ոչ թէ մենք էինք, այլ Ատրպէյճանը: Սա եւս մի դաս է այն մարդկանց համար, որոնք մինչեւ հիմա այդ ռոմանտիկ միամտութեամբ կարծում եմ, որ միջազգային յարաբերութիւններում ոչ թէ շահն ու ուժն են հարց լուծում, այլ դեմոկրատ կամ ոչ դեմոկրատ լինելը, մարդու իրաւունքները: Արեւմուտքի կողմից ոչ մի զուգահեռ չի տարւում Արցախի եւ Քոսովոյի միջեւ, նրանց հետաքրքրում է Իրանին սնանկացնելը, Ռուսաստանին տարածաշրջանից դուրս բերելը»: