Պատերազմի ընթացքին Նիկոլ Փաշինեանի կողմէ յանձնելու, զիջելու, բարձրաստիճան զինուորականներու պարտականութիւները պատշաճ չկատարելու մասին ճնշումներ, յանձնարարկաններ չեն եղած։ Այս մասին 44-օրեայ պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային Ժողովի քննիչ յանձնաժողովի նիստին յայտարարած է պաշտպանութեան նախկին նախարար Դաւիթ Տօնոյեան՝ ի պատասխան «Ինքնիշխան Հայաստան» կուսակցութեան նախագահ Դաւիթ Սանասարեանի հարցի։
«Ես այդպիսի յանձնարարութիւննր չեմ ստացել, եւ ամէն դէպքում ինձ վերաբերող մասով հարցերը քննարկուել են»,- նշած է Տօնոյեան։
«Եղել է ե՛ւ վիճաբանութիւն, եղել է ե՛ւ իրար չհասկանալու կամ ինչ-որ ճշգրտելու խնդիրներ, բայց դա բնական պրոցես է եղել։ Վիճաբանութիւնը միգուցէ սուր ասացի, բայց այնպիսին, որ կաորղ էր ազդել ռազմական գործողութիւնների կամ զինուած ուժերի կիրառման վրայ, այդպիսինները չեն եղել։ Եւ որեւիցէ մէկի մտքով չանցնի՝ թէ՛ ընդդիմութեան, թէ՛ դիմութեան, որ ես ինչ-որ գործարքի եմ գնում կամ, չգիտեմ, ինչ եմ անում։ Ես շատ լաւ գիտակցում եմ թէ ինչի համար եմ հիմա կալանաւորուած, ենթագիտակցաբար կրում եմ նաեւ այս կալանաւորումը, իմ համար ենթագիտակցաբար, ոչ թէ փաթեթաւորուածը, որ կայ․ պատերազմի արդիւնքի համար (կալանաւորուած եմ - խմբ.)։ Ոչ նրա համար, ինչը որ ձեւակերպուած է։ Ոնց ուզում են դրան վերաբերուեն։ Եւ հէնց այդ գիտակցութեամբ պատրաստ եմ շարունակել, որպէսզի պարզ լինի, իրավիճակն էլ լիցքաթափուի»,- աւելցուցած է նախկին նախարարը։
Դաւիթ Տօնոյեան ընդգծած է, որ «այս բանսարկու մեղադրանքն ի վերջոյ բացայայտուելու է, արդէն իմ կալանքի հետ կապուած որոշ բաներ վերաքննիչ դատարանը որոշել է բեկանել»։
«Իմ համար ամենամեծ պրոբլեմ եղել է, պարո՛ն Սանասարեան, եւ խնդրում եմ, բոլորդ լսէ՛ք, թէ ինչ է կատարուել ամսի 9-ից (նոյեմբեր 9-էն - Խմբ.) յետոյ։ Աւելի շուտ իմ պաշտօնանկութիւնից յետոյ՝ ամսի 20-ին։ Մինչեւ ամսի 20-ը որեւիցէ խնդիր չի եղել վարչապետի հետ։ Ամսի 20-ից յետոյ ցանկացած քայլի վեարաբերեալ ես կարող եմ 100 հազարաւոր արգումենտներ ներկայացնել»,- շեշտած է ան: