Պատրաստ ենք լիովին կարգաւորել յարաբերութիւնները Թուրքիոյ հետ: 1lurer.am-ի հաղորդմամբ, այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեան յայտարարած է Գերմանիոյ արտաքին յարաբերութիւններու խորհուրդին մէջ «Անվտանգութիւնը եւ կայունութիւնը Հարաւային Կովկասի մէջ. Հայաստանի հեռանկարը» խորագրով քննարկման։
«Տարածաշրջանային խաղաղութեան մեր տեսլականի մէկ այլ ասպեկտը (երեսակը) Թուրքիայի հետ յարաբերութիւնների կարգաւորումն է։ Մենք պատրաստ ենք լիովին կարգաւորել յարաբերութիւնները Թուրքիայի հետ, հաստատել դիւանագիտական յարաբերութիւններ։
Մենք յոյս ունենք ամբողջութեամբ բացել մեր ընդհանուր սահմանը, որը միակողմանիօրէն փակուել էր 90-ականների սկզբին Թուրքիայի կողմից։ Մենք ունենք առաջ շարժուելու մի քանի փոքր, բայց յուսադրող նշաններ: Մեր երկրների յատուկ ներկայացուցիչները 2022 թուականի յուլիսին պայմանաւորուել են օդային բեռնափոխադրումներ հաստատելու շուրջ եւ երրորդ երկրների քաղաքացիների համար միջպետական սահմանները բացել։
Յունուարին վերացուել է Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ ուղիղ օդային բեռնափոխադրումների արգելքը, եւ մենք յուսով ենք, որ շուտով կը բացուի սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար։ Նաեւ ես հանդիպել եմ նախագահ Էրտողանի հետ 2022 թուականին Փրակայում Եւրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում, որտեղ մենք քննարկեցինք յարաբերութիւնների կարգաւորման հեռանկարները։
Վերջին աւերիչ երկրաշարժից յետոյ Հայաստանն արագ արձագանքեց։ Ես զանգահարեցի նախագահ Էրտողանին ցաւակցութիւն յայտնելու համար եւ առաջարկեցի մեր աջակցութիւնը։ Դրանից յետոյ տուժած շրջաններ ուղարկեցինք մարդասիրական օգնութիւն եւ փրկարարական խումբ։
Շատ կարեւոր է փաստել, որ մարդասիրական օգնութեան երկու շարասիւն Թուրքիա է մտել սահմանային կամրջով, որը 30 տարի շարունակ փակ է եղել։ Մեր փրկարար ջոկատը Հայաստան է վերադարձել այդ նոյն կամրջով։ Հայաստանի արտգործնախարարն այցելեց Թուրքիա, հանդիպեց իր գործընկերոջը եւ վերահաստատեց յարաբերութիւններն ամբողջութեամբ կարգաւորելու մեր պատրաստակամութիւնը։
Թէեւ վերջին շփումները, ի հարկէ, զուտ մարդասիրական բնոյթի էին, մենք, այնուամենայնիւ, ուրախ կը լինենք տեսնել նաեւ քաղաքական արդիւնքներ»: