Ես անցեալ տարի որոշեցի դուրս գալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութենէն, ընդ որում՝ պատերազմը քանի մը ամիսով յետաձգեց այդ որոշման իրագործումը։ Այս մասին Երեւանի աւագանիի նիստին յայտարարեց քաղաքապետ Հայկ Մարութեանը, որուն «Իմ քայլը» իշխող խմբակցութիւնը անվստահութիւն յայտնած է։
«Նոյեմբերի 9-ից յետոյ սպասել եմ, որ երկրում իրավիճակը հանդարտուի, կայունանայ եւ նոր Դեկտեմբերի 7-ին ներկայացրի կուսակցութիւնից դուրս գալու դիմումը։ Սուրէն Պապիկեանին եմ դիմումս տուել եւ յանձնելիս ասել եմ՝ եղբայր, որպէսզի որեւէ քաղաքական ուժ իր քաղաքական նպատակների համար չփորձի շահարկել սա, ես սրա մասին ոչ մի դէպքում հրապարակային չեմ ասելու, ասել եմ՝ դուք կը խօսէք սրա մասին այն ժամանակ, երբ ձեզ հարմար կը լինի։ Ինչպէս տեսնում էք՝ ես իմ խօսքը պահել եմ, եւ նրանք այս մասին խօսել են, երբ իրենց յարմար է եղել, երբ ինձ անվստահութիւն են յայտնել», ըսաւ ան։
Ինչ վերաբերում է փտածութեան դէմ պայքարին, ապա Հայկ Մարութեան ըսաւ․ «Վստահաբար ասում եմ, որ քիչ կը գտնէք գերատեսչութիւններ կամ չէք գտնի, որ իրենց համակարգի ներսում եղած կոռուպցիոն դրսեւորումների վրայ աւելի շատ նիւթեր ուղարկած լինեն իրաւապահներին, քան մենք ենք ուղարկել։ Գնացէք հարցրէք, վիճակագրութիւն ուզէք, տեսնենք ով է ապելի լապ պայքարում կոռուպցիայի դէմ»։
Երեւանի քաղաքապետը հաստատեց, որ աւագանիի իր խմբակցութեան հետ կապը կորսնցուցած է եւ բացատրեց, թէ ինչու։ Ան օրինակ բերաւ, որ երբ աւագանին պէտք է համաձայնութիւն տար հանրակառքերու գնման, սակայն նեղ խմբակային շահը վեր դասած է ամբողջ համայնքի շահէն։ «Թող հեքիաթներ չպատմեն, որ կառավարութիւնն ուզում էր աւելի լաւ ավտոբուսներ գնել, գնող էին, թող գնէին», ըսաւ ան։