image

Պրիւքսէլի յայտարարութեան մէջ անտեսուած է արցախցի ժողովուրդի ինքնորոշման իրաւունքը. Արման Թաթոյեան

Պրիւքսէլի  յայտարարութեան մէջ  անտեսուած է  արցախցի ժողովուրդի  ինքնորոշման իրաւունքը. Արման Թաթոյեան

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյեանը ֆէյսպուքեան գրառմամբ անդրադարձած է  Միշէլ-Փաշինեան-Ալիեւ յայտարարութեան․

«Այսօրուայ յայտարարութեան մէջ բացարձակ անտեսուած է Արցախի բնիկ ժողովրդի ինքնորոշման բնական իրաւունքն ու Արցախի նկատմամբ ատրպէյճանական ցեղասպան քաղաքականութիւնը:

Տեղի է ունենում Հայաստանի անվտանգութեան բզկտում ու այն էլ առանց երաշխիքների:

Բայց տեղի ունեցողը նաեւ այն բանի հետեւանք է, որ Հայաստանի իշխանութիւնները հետեւողականօրէն զրոյացրել են պատմական նշանակութեան մեր հիմնարար թեզերը` սկսած նրանից, որ Ատրպէյճանի տարածքային ամբողջականութիւնը կապ չունի Արցախի հետ:

Արդարացրել կամ օրինականացրել են ատրպէյճանական անօրինական զինուած տեղակայումները Գեղարքունիքում եւ Սիւնիքում, զիջել են մեր տարածքային իրաւազօրութիւնը:

Սիւնիքում ճանապարհներն այնպէս են կառուցում, որ դրանք գտնւում են ատրպէյճանական նշանառութեան ներքոյ:

Արտաքին աշխարհից, ներքին հանրութիւնից ու Սփիւռքից թաքցրել ու շարունակում են թաքցնել ատրպէյճանական յանցանքների փաստերը:

Սեփական սխալները կոծկելու եւ դժգոհութիւն յառաջ չբերելու, պաշտօնները պահպանելու համար լայնածաւալ ճնշումների են ենթարկում բոլոր նրանց, ովքեր բարձրաձայնում են այդ փաստերը:

Կապել են մեր պետութեան ձեռքերը միջազգային մեխանիզմների հարցում, իսկ երկիրը դարձրել աշխարհաքաղաքական շահերի զոհը: Այս ամէնն Ատրպէյճանի ձեռքերն աւելի է ազատել` աշխարհը կեղծիքներով լցնելու համար:

Թմրեցրել ու շարունակում են թմրեցնել մարդկանց զգօնութիւնը»: