«Արեւելք»-ի տեղեկություններով, բուլղարահայ Մանիտա Վարդանը՝ Մաննիկ Վարդանի Հաչիկյանը Թուրքիայի Անթալիա քաղաքում նոյեմբերի 13-18-ը կայացած «Մոլորակի տիկին» մրցույթում հռչակվեց «Mrs Planet - 2026»: Բուլղարաբնակ գեղեցկուհին հանդես էր գալիս Հայաստանի դրոշի ներքո։ Մրցույթի ընթացքում նա ներկայացել է նաեւ հայկական տարազով։
Մանիտա Վարդանը նաեւ «Միսիս Բուլղարիա 2022», «Միսիս Եվրոպա 2023» մրցույթների հաղթողն է եղել։

Հայուհին մրցույթից հետո գրել է․ «Այսօր ես իրականացրի իմ ամենամեծ երազանքը։ Ես բեմի վրա կանգնեցի դողացող սրտով, արցունքներն աչքերիս և այնպիսի երախտագիտությամբ, որը չեմ կարող բառերով նկարագրել։ Սա պարզապես թագ չէ՝ սա ճանաչում է, ուղի, պայքար, ուժ և հավատ։
Այս հաղթանակը բոլոր նրանցն է, ովքեր աջակցել են ինձ, բոլորինը, ովքեր հավատացել են ինձ, երբ ես ինքս էլ ուժ չունեի։ Իմ ընտանիքի, իմ թիմի, իմ երկրի, Հայաստանի՝ իմ արմատի, իմ պատվի և իմ հպարտության, ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ՝ իմ տան և հանգրվանի համար։
Այսօր աշխարհը լսեց մեր պատմությունը։
Այսօր Հայաստանն ու մեր հայրենիքը ավելի պայծառացավ։
Եվ ես՝ Մանիտա Վարդանը, այս տիտղոսը կրում եմ ամբողջ սիրով, պատասխանատվությամբ և երախտագիտությամբ սրտումս։
Շնորհակալություն։ Սա մեր թագն է։ Սա մեր հաղթանակն է»։





