Մեր կոչն է փոխել Հայաստանի մէջ ԱՄՆ-ի դեսպանը. «Հայ Դատ»ի յայտարարութիւնը

Մեր կոչն է փոխել Հայաստանի մէջ  ԱՄՆ-ի դեսպանը. «Հայ Դատ»ի յայտարարութիւնը

ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի կեդրոնական գրասենեակը յայտարարութիւն տարածած է` ԱՄՆ պետական քարտուղարութեան կոչ ընելով վերանայելու Հայաստանի մէջ ԱՄՆ դեսպանի դիւանագիտական գնահատականը` հաշուի առնելով անոր ձախողումները:

Յայտարարութիւնը կը ներկայացնենք ստորեւ․

«Հայաստանի Հանրապետութիւնում իր աւելի քան եռամեայ դիւանագիտական ծառայութիւնից յետոյ դեսպան Լին Թրէյսին կրկին Հայ դատի Ամերիկայի յանձնախմբից ստացել է F (failure/ձախողում) գնահատականը: Առաջին անգամ` 2020թ․ Դեկտեմբերին, Հայ դատի Ամերիկայի յանձնախումբը դիմել էր ԱՄՆ պետական քարտուղարութեան` խնդրելով վերանայել դեսպանի դիւանագիտական գնահատականը` հաշուի առնելով 15 ոլորտներում նրա ձախողումները:

Անցնող գրեթէ մէկուկէս տարիների ընթացքում նոյնպէս դեսպան Թրէյսին, ի թիւս այլնի, ձախողել է հայ ժողովրդի համար խիստ կարեւորութիւն ունեցող այնպիսի բնագաւառներում, ինչպիսիք են արցախցի տեղահանուած անձանց համար ամերիկեան օժանդակութեան բացակայութիւնը, հայաստանեան քաղաքական դաշտում նախընտրած ուժեր ունենալը, Հայաստանի անվտանգութեան եւ տարածաշրջանային յարաբերութիւնների շարունակական բարդացումը, հայ ռազմագերիների անօրինական կալանաւորումներին, բռնութիւններին ու սպանութիւններին պատշաճ չանդրադառնալը:

Այս առիթով Հայ դատի Ամերիկայի յանձնախմբի նախագահ Ռաֆֆի Համբարեանը նշել է․ «Ինչպէս նախկինում ասել եմ` Հայ դատի յանձնախումբը ցանկանում է, որ Հայաստանում ԱՄՆ-ի իւրաքանչիւր դեսպան լինի յաջողակ: Ցաւօք, դեսպան Թրէյսին իր լռութեանն աւելացրել է 44-օրեայ պատերազմի ընթացքում աւելի քան 90.000 տեղահանուած արցախահայերի եւ Հայաստանի ինքնիշխան տարածքում ատրպէյճանական շարունակական ոտնձգութիւնների նկատմամբ անխոհեմ արհամարհանքը: Հայաստանում դեսպանի պաշտօնում իր պաշտօնավարման երեք տարին լրանալուց յետոյ դեսպան Թրէյսին շարունակում է ձախողել հարց առ հարց` շատ հեռու լինելով Հայաստանում ամերիկեան յանձնառու դեսպանից հիմնական մասնագիտական որակներից»:

Որպէս կանոն` ԱՄՆ դիւանագիտական ծառայութեան աշխատակիցները երեք տարին մէկ ռոտացիայի են ենթարկւում եւ ստանում նոր դիւանագիտական յանձնարարութիւն: Քանի որ Հայաստանում գործող դեսպանի երեք տարին արդէն լրացել է,  Հայ դատի յանձնախումբը նախագահ Պայտընի վարչակազմին կոչ է անում ամուր հիմքերի վրայ վերականգնել Ամն-հայաստան յարաբերութիւնները` առաջադրելով նոր դեսպան: Յանձնախումբը սերտօրէն կաշխատի ԱՄՆ Ծերակոյտի արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի հետ` երաշխաւորելու համար, որ յաջորդ դեսպանն անյապաղ հաստատուի եւ իրապէս արտացոլի ամերիկեան արժէքները»: