image

Մարսելի համազգային դպրոցի եւ Փարիզի դպրոցասէր միութեան վարժարանի աշակերտներն այցելեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Մարսելի համազգային դպրոցի եւ Փարիզի դպրոցասէր միութեան վարժարանի աշակերտներն այցելեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Յուլիսի 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Մարսելի համազգային դպրոցի եւ Փարիզի դպրոցասէր միութեան վարժարանի աշակերտներին` ուղեկցութեամբ ազգային բարերար տիար Սարգիս Պետոյեանի:

Վեհափառ Հայրապետը գոհունակութեամբ ընդգծեց, որ համավարակի պատճառով հայկական երկու վարժարանների սաների ընդհատուած ամենամեայ այցելութիւնները հայրենիք եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին վերականգնուել են` արձանագրելով, որ դրանք նպաստում են հայրենաճանաչութեանը եւ հայրենի իրականութեանը հաղորդ դառնալուն:

Հետաքրքրուելով վարժարանների սաների ուսումնառութեամբ` Նորին Սրբութիւնը յորդորեց հայորդիներին, այցելութեան շրջանակներում ստացած տպաւորութիւններով խանդավառուած, ջանասիրութեամբ շարունակել ուսումը եւ դառնալ արժանաւոր զաւակները իրենց ժողովրդի ` բարձր պահելով հայի անունն ու պատիւը Ֆրանսիայի մէջ: 

Հայոց Հովուապետը սաներին պատգամեց նաեւ զօրացնել իրենց կապը Եկեղեցու հետ եւ մշտապէս հաղորդ լինել ազգային արժէքներին, որպէսզի կարողանան անխաթար պահպանել իրենց ինքնութիւնը:

Հանդիպմանը Նորին Սրբութիւնն իր գնահատանքը յայտնեց բարերարին, վարժարանների տնօրէններին, ուսուցչական անձնակազմին եւ հոգաբարձուներին` Հայաստան եւ Մայր Աթոռ այցելութիւնների կազմակերպման համար:

Իրենց հերթին աշակերտները հանդէս եկան երաժշտական կատարմամբ եւ  ասմունքով`  հաճելի անակնկալ մատուցելով Վեհափառ Հայրապետին:

Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը «Պահպանիչ» աղօթքով իր օրհնութիւնը բաշխեց ֆրանսահայ աշակերտներին: