«Անկախ նրանից, թէ հակակոռուպցիոն կոմիտէի վարոյթում գտնուող գործի որ դրուագների հիման վրայ են քննչական գործողութիւններ իրականացւում Կիւմրու քաղաքապետարանում եւ ինչ իրաւական հիմնաւորումներով է տեղի ունենում Վարդան Ղուկասեանի ձերբակալութիւնը, ընտրած գործողութիւնների բիրտ եւ ցուցադրական բնոյթը բացայայտօրէն վկայում է մէկ բան. սա ոչ թէ իրաւական գործընթաց է, այլ քաղաքական հաշուեյարդարի սցենար։ Այն, ինչ տեղի է ունենում, իր ակունքներով հասնում է շուրջ մէկ ամիս առաջ վարչապետի Ազգային ժողովի ամպիոնից հնչեցրած ուղիղ «յանձնարարականին», որն էլ դարձել է քաղաքական հետապնդման գործիքակազմը գործի դնելու ազդանշան»։
Այսպէս գրած է «Միասնութեան թեւեր» քաղաքական նախաձեռնութեան անդամ Դաւիթ Անանանը:
«Այս ամէնը եւս մէկ անգամ ապացուցում է, որ գործող իշխանութիւնը շարունակում է գործել ոչ թէ իրաւական պետութեան տրամաբանութեամբ, այլ՝ վախի ու տեռորի միջոցով սեփական վերարտադրութիւնը ապահովելու ծրագրով։ Իշխանութիւնը, փորձում է վերակազմաւորել իր գոյութիւնը ճնշումների, ցուցադրական ձերբակալութիւնների ու քաղաքական հակառակորդների դէմ «դատավարական շոուների» միջոցով։
Այդպիսի վարքագիծը ոչ միայն խարխլում է պետականութեան հիմքերը, այլեւ վերջնականապէս բացայայտում է այս իշխանութեան տէ ֆաքթօ լեկիտիմութիւն չունենալու փաստը։ Լեկիտիմ իշխանութիւնը չի դիմում ահաբեկչական մեթոդների սեփական ուժը ցուցադրելու եւ իր քաղաքական գոյութիւնը պահպանելու համար։ Այն, ինչ մենք ականատես ենք այսօր, ոչ այլ ինչ է, քան իշխանութեան գոյաբանական վախի հետեւանքով կիրառուող քաղաքական տեռոր՝ ժողովրդավարական ինսթիթութների, հանրութեան եւ հանրային վստահութեան դէմ»,- ըսած է ան: