Որեւէ տարբերակ Արցախի կամ Հայաստանի համար բարենպաստ չէ: Այս մասին, 21 նոյեմբերին, NEWS.am-ի հետ զրոյցի ժամանակ նշած է Արցախի Պաշտպանութեան բանակի նախկին հրամանատար Սամուէլ Բաբայեանը՝ անդրադառնալով հարցին, թէ հայ-ատրպէյճանական յարաբերութիւններու կարգաւորման որ տարբերակը աւելի ձեռնտու է Հայաստանի ու Արցախի համար՝ ռուսական, թէ արեւմտեան:
«Ատրպէյճանն ինքը չի ընդունում տարբերակներից որեւէ մէկը: Այսինքն դուք խօսում էք մի բանից, որ որեւէ մէկը ցանկութիւն էլ չունի քննարկելու: Մարդը Սոչիում պարզ ասաց Ռուսաստանի ղեկավարութեանը, որ Ղարաբաղի հարցն իրենց համար փակուած է: Ի՞նչ փաստաթղթից էք խօսում, ինչքան ուզում էք փաստաթուղթ բերէք: Միակ ճանապարհը իրաւականն է՝ միջազգային դատարաններով: Այլ ճանապարհ չունենք: Մնացածը հեքիաթներ են: Մարդը քո հետ այդ թեմայով չի խօսում: Մենք պէտք է միջազգային դատարան մտնենք եւ միջազգային կարգավիճակ ստանայ Արցախը, որ դա չլինի Ատրպէյճանի ներսի խնդիր»,-ըսած է Բաբայեան:
Անդրադառնալով անվտանգութեան երաշխիքներուն, ան նշած է. «Երաշխիքը այն է, որ Ռուսաստանը 5 տարով վերցրել է անվտանգութեան երաշխիքի դերը եւ պատասխանատւութիւն է կրում: Պէտք է ստիպել, որ Ռուսաստանը պաշտպանութիւնն ամրացնի, իր ներկայութիւնն ուժեղացնի: Իսկ Արցախում մնացած քաղաքացիները պէտք է ինքնապաշտպանութիւն ունենան, ցանկացած ազգ, որ կոմպակտ ապրում է եւ իրեն վտանգ է սպառնում, կապ չունի՝ որ պետութեան տարածքում, նա պէտք է ինքնապաշտպանուի: ՀՀ իշխանութիւնները պէտք է մտածեն դրա մասին, որ վաղը չասեն՝ ցեղասպանութիւն է եղել: Ատրպէյճանը պէտք է գտնի ձեւ այդ ժողովրդի հետ բանակցելու համար: Այն, ինչն այսօր Ալիեւը յայտարարում է, իսկ թէ ում հետ է բանակցում, այ դա է գաղտնիքը»: