Այսօր առավոտվանից շրջանառվող լուրերը, թե Կարո Փայլանին ԱՄՆ-ում վտարել են եկեղեցուց, չեն համապատասխանում իրականությանը։
«Արեւելք»-ը Միացյալ Նահանգների իր աղբյուրից ճշտեց, որ Փայլանը երեկ այցելելել է Բըրբանքի Սրբոց Ղեւոնդյանց եկեղեցի, որտեղ ընդառաջել է մի շարք հայերի՝ իր հետ լուսանկարվելու ցանկությանը։ Նկատի ունենալով, որ տեղին չէ Սուրբ Խորանի առաջ նկարվելը՝ նրանց առաջարկվել է դուրս գալ եւ բակում շարունակել շփումը։
Այդ ընթացքում մի քանի հոգի սադրելու նպատակով գոչել են. «Կարո, դավաճան», որից հետո եկեղեցում հավաքված հանրությունն իր բողոքն է հայտնել սադրողներին։ Հայկական եկեղեցում այդ պահին ներկա մեր աղբյուրը նաեւ նշեց, որ իրականությունն այս է, որը խեղաթյուրվում է:
Հիշեցնենք, որ Փայլանը Լոս Անջելեսում էր՝ ապրիլյան մի շարք միջոցառումների մասնակցելու նպատակով, հրավիրված էր ՍԴՀԿ ԱՄՆ-ի Արեւմտյան Շրջանային Վարչության կողմից, իսկ եկեղեցում նրան ընկերակցել է տեղի հնչակյան գործիչներից Միհրան Խաչատուրյանը։