image

«Ինչ էլ լինի՝ մենք կանք, ապրում ենք Արցախում, պայքարում մեր վաղվա օրվա համար». «Սեր Արցախ» ծրագիրը շարունակվում է

«Ինչ էլ լինի՝ մենք կանք,  ապրում ենք Արցախում, պայքարում մեր վաղվա օրվա համար». «Սեր Արցախ» ծրագիրը շարունակվում է

Արցախպրես-«Աննա Աստվածատուրյան» հիմնադրամը «Սեր Արցախ» բարեգործական նախագծի շրջանակներում նվեր-տուփերի հերթական  խմբաքանակն է պատրաստում Արցախում ծնված երեխաների համար: 

«Ծրագիրը մեկնարկել է 2022 թվականի հունիսի 1-ից: Այս ընթացքում հասցրել ենք 1500 արցախցի  ընտանիքների նվեր-տուփեր տրամադրել: Դրանցում, ինչպես նախկինում, այնպես էլ այժմ, ներառված են դեղատնային պարագաներ, հագուստ եւ մեր խորհրդանշական ծիտիկը: Չնայած  այս ընթացքում հանդիպած դժվարություններին, կարողացել ենք պահպանել ծրագրի շարունակականությունը:  Եթե ծննդատանը չենք հասցրել նվերները հանձնել մայրիկներին, ապա  մի քանի օրից նրանք արդեն տանն են  ստացել այն: Մենք, հավատարիմ մեր որդեգրած սկզբունքներին եւ ի դեմս հիմնադրամի ղեկավարի, փորձում ենք ամեն ինչ անել, որ ծրագիրը շարունակվի»,-մանրամասնել է Ա.Վարդանյանը՝ հավելելով, որ անհրաժեշտ միջոցները  ձեռք են բերվում հիմնադրամի  կազմակերպած դրամահավաքների միջոցով:

Նվեր-տուփերի մեջ հիմնականում հայկական արտադրության պարագաներ են:

«Մեր նպատակներից է նաև նպաստելը  հայրենական արտադրության խթանմանը: Տուփերում ներառվող հագուստը հայաստանյան «Լալունց» ֆիրմայի արտադրանքն, որի հետ  համագործակցում ենք առաջին օրվանից, խաղալիքն արցախյան, իսկ դեղատնային պարագաները եվրոպական են»,-նշել է հիմնադրամի ներկայացուցիչը: 

Ներկայումս 400 նվեր-տուփ են պատրաստում, որը կբավականացնի, որպեսզի նվիրեն ինչպես այն մայրիկներին, որոնք դեռ չեն ստացել, այնպես էլ այն բալիկներին, որոնք կծնվեն   առաջիկա երկու ամիսներին:

«Ինչ էլ լինի՝  մենք կանք,  ապրում ենք Արցախում, պայքարում մեր վաղվա օրվա համար: Ես կոչ եմ անում Սփյուռքի մեր բոլոր հայրենակիցներին՝  հնարավորություն սահմաններում  օգնելու Աննա Աստվածատուրյան հիմնադրամին, սատար կանգնելու, որպեսզի ծրագիրը շարունակական լինի: Նպատակ ունենք այն իրականացնել Սյունիքի, Տավուշի մարզերում և  ինչու չէ,  նաև  ամբողջ Հայաստանում»,-ընդհանրացրել է հիմնադրամի ներկայացուցիչը: