«Հրապարակ» թերթը կը գրէ. «Ջերմուկից մեզ հաղորդում են, որ թշնամին ոչ միայն յետ չի քաշել իր ուժերը, այլեւ ամէն օր ամրացնում է դիրքերը։ «Սեւ հովազ» ջոկատի հրամանատար Սերոբ Գասպարեանը մեզ հետ զրոյցում ասաց. «Ջերմուկը հիմա վտանգի տակ է՝ ցանկացած պահի կարող են մինամյոտներով (ականանետ) Ջերմուկ քաղաքը հաւասարեցնել հողին։ Ընդամէնը 4 քիլոմեթր, Ջերմուկի «Գոմեր» կոչուող հատուածի վերեւը նստած են թուրքերը ու շատ քրտնաջան շինաշխատանքներ են կատարում, ճանապարհներ են սարքում, ու տեսնէք՝ ինչ ձեւի»։ Իսկ ինչքա՞ն են առաջ եկել եւ ի՞նչ աշխատանքներ են իրականացնում։
«Ամբողջ գծով, բացի մի կէտից, որ մեր ջոկատն էր, որտեղ մի սանթիմեթր թշնամին առաջ չի եկել, մնացած տեղերում մինչեւ ութ քիլոմեթր ներխուժել են Հայաստանի Հանրապետութեան սուվերեն (ինքնիշխան) տարածք։ Ջերմուկի ուղղութեամբ բոլոր ռազմավարական բարձունքները գտնւում են Ատրպէյճանի հսկողութեան տակ, նախկին մեր դիրքերի 90 տոկոսը, որոնք մեր զինուորներն էին պահում, հիմա ատրպէյճանցիներն են այդ դիրքերում նստած։ Մոտաւորապէս 15 դիրք ենք կորցրել։ Մի դիրքն էլ միւսից մէկ, երկու, երեք, չորս, երբեմն աւելի քիլոմեթր տարածքով են իրարից հեռու»։
Ի՞նչ աշխատանքներ են կատարում ատրպէյճանցիները։ «Նրանք ցանկացած պատերազմի ժամանակ երբ տարածք են գրաւում, առաջինը ճանապարհներ են կառուցում ու շատ արագ։ Նպատակը, որ արագ զինտեխնիկա, զօրք շարժեն այդ ճանապարհով։ Մեր տարածքներում մարդիկ ոտքով են սնունդ հանում, թշնամին այնպիսի արագութեամբ է ճանապարհներ սարքում, այնպիսի որակի, որ կարող էք այդ սարերի մէջ անգամ մարդատար մեքենաներով արագընթաց սլանալ։ Իրենց զինուորի մասին մտածելով՝ խրամատներ են փորում՝ երկաթպեթոնէ, ահռելի ծաւալով, մրջիւնների նման աշխատում են։
Անգամ վերջերս, երբ մեր տրակտորին ու կամազին խփեցին, այդ ժամանակ դա մեր վերահսկողութեան տակ էր... խփեցին ու բերեցին իրենց դոմիկները հենց այդ բլուրում դրեցին ու նստեցին։ Ու հակահարուած չեղաւ, որովհետեւ կրկին արգելուած էր կրակ բացել»։
Առաւել մանրամասն՝ թերթի այսօրուան համարին մէջ: