Հայաստան 2023 թուականի առաջին կիսամեակին առաջին անգամ ըլլալով աւելի շատ ապրանք արտահանած է Ռուսիա, քան ներմուծած՝ ստանալով 210 միլիոն տոլարի առեւտրային աւելցուկ։ Այս մասին յայտնած է ՌԻԱ Նովոսթին ՝ վկայակոչելով Հայատսանի մաքսատան տուեալները։
Նշուած է, որ Հայաստան, ընթացիկ տարուան յունուար-յունիս ամիսներու արդիւնքներով, ստացած է առնուազն 2003 թուականէն ի վեր առաջին աւելցուկը Ռուսիոյ հետ առեւտրութեան մէջ՝ 210 միլիոն տոլարի մակարդակով: Ընդ որում, վերջին տարիներուն արձանագրուած էր պակասորդ. ամենամեծը ՝ 596 միլիոն տոլարի մակարդակով՝ անցեալ տարի, իսկ ամենափոքրը ՝ 45 միլիոն տոլարի մակարդակով՝ 2004 թուականին։
«Դա տեղի է ունեցել Հայաստանի արտահանման բուռն աճի շնորհիւ. այս տարի ապրանքների մատակարարումները եռապատկուել են՝ հասնելով 1,68 միլիառ տոլարի։ Ընդ որում, 28 տոկոսով աճել է նաեւ Ռուսաստանից ապրանքների ներմուծումը՝ մինչեւ 1,5 միլիառ տոլար։ Արդիւնքում երկու երկրների ապրանքաշրջանառութիւնը յունուար-յունիս ամիսների արդիւնքներով առաջին անգամ հասել է ռեկորդային (մրցանիշային) 3,14 միլիառ տոլարի», - ըսուած է հաղորդագրութեան մէջ:
Ռուսիա մեծ տարբերութեամբ կը շարունակէ մնալ Հայաստանի գլխաւոր առեւտրային գործընկերը, որուն կը յաջորդեն Արաբական Միացեալ Էմիրութիւնները (782 միլիոն տոլար) եւ Չինաստանը (655 միլիոն տոլար): Խոշորագոյն առեւտրային գործընկերներու հնգեակին մէջ են նաեւ Վրաստանն ու Միացեալ Նահանգները:
Հայկական ապրանքներու արտահանման կարեւորագոյն ուղղութիւններուն մէջ Վրաստանին եւ ԱՄՆ-ին փոխարինած են Հոլանտան ու Իրաքը։ Իսկ Վիեթնամը Արաբական Միացեալ Էմիրութիւնները դուրս մղած է ներմուծման գծով Հայաստանի գլխաւոր գործընկերներու հնգեակէն։