image
Հրատապ լուրեր:

Firebird-ն ու ԱՄՆ-ն կ՚ազդարարեն Հայաստանի մէջ 4 միլիառ տոլարի մեկանախագիծի մեկնարկը

Firebird-ն ու ԱՄՆ-ն կ՚ազդարարեն Հայաստանի մէջ 4 միլիառ տոլարի մեկանախագիծի մեկնարկը

Ամերիկյան Firebird ընկերությունը և Միացյալ Նահանգների կառավարությունը փետրվարի 10-ին հայտարարել են Հայաստանում արհեստական բանականության (ԱԲ) ենթակառուցվածքների զարգացման մեգանախագծի երկրորդ փուլի մեկնարկի մասին, ինչը երկիրը, ըստ նախաձեռնության հեղինակների, կդասի աշխարհի նմանատիպ հինգ խոշորագույն կլաստերների շարքում, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։

Ինչպես հայտնում են ՍիվիլՆեթին Firebird ընկերության մամուլի ծառայությունից, 4 մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ նախագիծը նախատեսում է մինչև 2026 թվականի վերջ Հայաստանում տեղակայել 50,000 գրաֆիկական պրոցեսորներ (GPU)։ Այս ծավալային ընդլայնումը հնարավոր դարձավ ԱՄՆ կարգավորող մարմինների կողմից լրացուցիչ 41,000 միավոր NVIDIA GB300 չիպերի արտահանման արտոնագրի տրամադրումից հետո։

Նախագծի մեկնարկի մասին հայտարարվել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Երևան կատարած պաշտոնական այցի շրջանակում։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ընդգծվել է, որ սա Հայաստանի պատմության մեջ ամենախոշոր տեխնոլոգիական ներդրումն է։

«Այսօր նոր սկիզբ է դրվում Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև համագործակցության համար», – նշել է ԱՄՆ փոխնախագահ Վենսը՝ հավելելով, որ NVIDIA-ի հետ կապված այս համաձայնագիրը կստեղծի նոր շուկաներ և աշխատատեղեր երկու երկրների համար։ «Սրանք չիպեր են, որոնք պարզապես գոյություն չունեն աշխարհի երկրների մեծ մասում»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին շեշտել է, որ նախագիծը հանդիսանում է 2025 թվականի օգոստոսին կիսահաղորդիչների ոլորտում ստորագրված հայ-ամերիկյան հուշագրի գործնական արդյունքը։ Ըստ նրա՝ սա թույլ կտա Հայաստանում ստեղծել «ԱԲ գործարան» և տվյալների ժամանակակից կենտրոն։

Firebird-ի համահիմնադիր և գլխավոր տնօրեն Ռազմիկ Հովակիմյանի փոխանցմամբ՝ նոր կլաստերը Հայաստանը վերածում է գերհամակարգչային համաշխարհային հանգույցի։ Նախագծի երկրորդ փուլը հաջորդում է 500 միլիոն դոլար արժողությամբ առաջին փուլին՝ ստեղծելով հիմքեր կենսաբանական գիտությունների, ռոբոտաշինության և տիեզերական հետազոտությունների համար, հայտնում են Firebird-ի մամուլի ծառայությունից:

«Տեխնոլոգիական հսկա NVIDIA-ի փոխնախագահ Ռև Լեբարեդյանի և Firebird-ի համահիմնադիր Ալեքսանդր Եսայանի մասնակցությամբ իրականացվող այս նախաձեռնությունը ենթադրում է ոչ միայն սարքավորումների ներկրում, այլև ամբողջական էկոհամակարգի ձևավորում։

ԱՄՆ արտահանման նոր արտոնագիրը վերահաստատում է նախագծի համապատասխանությունը միջազգային անվտանգության ստանդարտներին, ինչը ոլորտի փորձագետները գնահատում են որպես Վաշինգտոնի կողմից Երևանի նկատմամբ «ինստիտուցիոնալ վստահության բարձր մակարդակ»։

Մինչ Firebird-ը թևակոխում է իրականացման ակտիվ փուլ, ակնկալվում է, որ տվյալների կենտրոնների գործարկումը շոշափելի տրանսֆորմացիոն ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության վրա՝ ապահովելով երկարաժամկետ մրցակցային առավելություններ գլոբալ շուկայում», – հայտնում են ընկերությունից։

Հայաստանում NVIDIA-ի, Firebird-ի և Team Group-ի ԱԲ սուպերհամակարգչային կենտրոն կառուցելու մեգանախագծի մասին առաջին անգամ հայտարարվեց 2025-ի հունիսին Եվրոպայում ստարտափ և տեխնոլոգիական ամենամեծ համաժողովի՝ Viva Technology-ի շրջանակում: Նշվում էր, որ ՀՀ կառավարության աջակցությամբ տեխնոլոգիական նորարարություններն արագացնելու և տարածաշրջանում առաջադեմ ԱԲ ենթակառուցվածքներ ներդնելու նպատակով Firebird ընկերությունը 2026 թվականին նախատեսում է գործարկել NVIDIA Blackwell գրաֆիկական հազարավոր պրոցեսորներով հագեցած տվյալների կենտրոն՝ մինչև ավելի քան 100 մեգավատտ մասշտաբավորման հնարավորությամբ: