Հայ Առաելական եկեղեցին այսօր նշում է Համբարձումը։ Տոնը սահմանվել է ի հիշատակ Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի վերջին օրերի (ըստ քրիստոնեական եկեղեցու ուսմունքի՝ Քրիստոսը խաչելությունից 3 օր անց հարություն է առել և իր աշակերտներին 40 օր այցելելուց հետո, համբարձվել երկինք)։ Համբարձումը պատկանում է շարժական տոների թվին, ունի 35 օրվա շարժականություն (ապրիլի վերջից մինչև հունիսի սկիզբը), տոնվում է Զատկի 40-րդ օրը, հինգշաբթի։ Ծագումով կապվում է նախաքրիստոնեական տոնացույցին (արտահայտել է մեռնող և հառնող Աստծու, բնության զարթոնքի, վերածնության գաղափարները)։
Համբարձման օրն ընդունված է որպես ջրի ու ծաղկի, ինչպես նաև` Ճակատագրապաշտական տոն, որի գլխավոր արարողությունը վիճակ հանելու ծեսն է։ Չորեքշաբթի վաղ առավոտյան սկսվում է հիմնական ծեսի` վիճակի նախապատրաստությունը, որի պատճառով էլ հաճախ տոնը կոչվում է Վիճակ։
Հայաստանում Համբարձումը վերածվել է ժողովրդական տոնակատարության. երիտասարդ տղաներն ու աղջիկները Համբարձման առթիվ հավաքում են 7 գույնի ծաղիկ, կժի մեջ լցնում 7 աղբյուրի ջուր, իրենց նշանները գցում ջրի մեջ և Համբարձման գիշերը «աստղունք» դնում, այսինքն՝ դրանք հանձնում աստղերի խորհրդին, որից հետո, ըստ այդ նշանների՝ կատարում գուշակություններ։ Համբարձման կիրակի օրը տոնականորեն զարդարված երիտասարդներն ու աղջիկները կազմակերպում են տոնախմբություններ՝ Համբարձմանը նվիրված երգերի, պարերի (հատկապես վերվերիների՝ որպես հասակի աճի հետ կապված հմայական պարերի), խաղերի ու մրցույթների զուգակցությամբ։
Տոնի հետ կապված կան հետաքրքիր ավանդություններ․ըստ ավանդություններից մեկի` Ծաղկամայրը Վարվառե անունով կույս է, որին քրիստոնեությունը ընդունելու պատճառով հետապնդել է իր կռապաշտ հայրը, և նա, Արևմտյան Հայաստանից փախչելով, եկել հասել է մինչև Աշտարակի մոտ գտնվող Արայի լեռը, այնուհետև թաքնվել նրա այրերից մեկում։ Սակայն աղջկա հետքերով գնացած հայրը շրջակայքում իրենց ոչխարները արածող հովիվների մատնությամբ հասել է աղջկան, և հուսահատ Վարվառեն նահատակվելուց առաջ խնդրել է Աստծուն, որպեսզի ծաղիկ և կարմրուկ հիվանդություն ունեցող մանուկներն իր անունով բժշկվեն։ Աստված կատարել է նրա խնդրանքը, և Վարվառեին աղոթող մայրերի զավակները ազատվել են այս հիվանդությունից։ Միաժամանակ Վարվառեն անիծել է իր տեղը մատնած հովիվներին, և սրանք իրենց ոչխարների հետ մեկտեղ քարացել են։ Առ այսօր աշտարակցիները ցույց են տալիս այդ քարերը, ինչպես նաև Համբարձման չորեքշաբթի-հինգշաբթի օրերը Արայի լեռան շրջակայքի ժողովուրդը հավաքվում է այստեղ մեծ ուխտի։
Համբարձման օրը նաեւ կաթնապուր են պատրաստում, ինչպես նաեւ՝ այլ ավանդական ճաշեր։
Օրվա խորհրդի առիթով եկեղեցիներում նաեւ պատարագ է մատուցվում։
Գլխավոր լուսանկարում՝ Խնձորեսկում տոնում են Համբարձումը, որին մասնակցում են երեխաներ