Եթէ նոյնիսկ ամբողջ աշխարհը յայտարարի, մենք Ատրպէյճանի կազմում չենք լինի: Ի՞նչ կարող են նրանք անել մեզ հետ: Սպաննե՞լ: Աւելի լաւ չէ՞ արժանապատուօրէն մեռնել, քան ապրել ստրուկի պէս:
«Չեմ պատկերացնում, որ Հայաստանը կամ նրա ղեկավարներից ոեւէ մէկը կարող է մտածել կամ առաւել եւս քայլեր ձեռնարկել Արցախն Ատրպէյճանի մաս դարձնելու ուղղութեամբ»: Այս մասին ըսաւ Արցախի Հանրապետութեան արտաքին գործոց նախարար Դաւիթ Բաբայեանը:
«Ինչ վերաբերում է իրաւունքներին եւ ազատութիւններին, ապա Ատրպէյճանի կազմում մենք ապագայ չունենք: Օրինակ բերեմ. Օսվենցիմի բանտարկեալներն իրաւունքներ եւ ազատութիւններ ունէին` քնել` մէկ ժամ, քայլել` երկու քայլ դէպի կողք, իրաւունք ունէին քնել աջ կամ ձախ կողմում: Դրանք եւս իրաւունքներ ու ազատութիւններ են: Այնպէս որ, Ատրպէյճանում աւելի վատ է լինելու: Հիմա մենք փաստացի ազատ եւ ինքնիշխան երկիր ենք, եւ մտածել, որ այն կարող է լինել Ատրպէյճանի կազմում, անընդունելի է: Եթէ մենք խօսում ենք համապարփակ լուծման մասին, ապա Ատրպէյճանը եւս պէտք է ստորագրի այն: Մենք դա որպէս Արցախ-Ատրպէյճան-Հայաստան ձեւաչափով խաղաղութեան պայմանագիր ենք հասկանում: Եթէ նրանք դրան պատրաստ չեն, հարցը մնում է տէ ֆաքթօ փուլում: Բայց միանշանակ է, որ Արցախն Ատրպէյճանի կազմում չի լինելու: Այդ էջը փակուած է», նշեց Բաբայեանը:
Հարցին` արդեօ՞ք բանակցութիւնները, այնուամենայնիւ, կ'ընթանան այնպէս, ինչպէս Ստեփանակերտի մէջ այդ չեն ցանկանար, եւ որ Նիկոլ Փաշինեանը արդէն յայտարարած է «նշաձողը իջեցնելու» իր պահանջին մասին, նախարարը յիշեցուց, որ Ատրպէյճանի կազմին մէջ Արցախի մասին պաշտօնական յայտարարութիւն չէ եղած: «Երբ յայտարարեն, իսկ ես կարծում եմ, որ դա տեղի չի ունենայ: Քանի որ մեզ համար դա անընդունելի է, եւ դա լուծում չէ, եւ այդպիսի բան լինել չի կարող: Չեմ ուզում ստորադասական եղանակով խօսել: Բայց եթէ նոյնիսկ ամբողջ աշխարհը յայտարարի, մենք Ատրպէյճանի կազմում չենք լինի: Ի՞նչ կարող են նրանք անել մեզ հետ: Սպաննե՞լ: Աւելի լաւ չէ՞ արժանապատուօրէն մեռնել, քան ապրել ստրուկի պէս», ըսաւ Բաբայեանը` յաւելելով, որ Ատրպէյճանի իշխանութիւնները տարածքային պահանջներ կը հնչեցնեն նաեւ Երեւանի նկատմամբ: