Ատրպէյճանեան վանտալիզմի դէպքերը կը շարունակուին, այս անգամ նաեւ Ստեփանակերտի մէջ։ Այս մասին կը տեղեկանանք «Հայքի մշակոյթի Օմբուդսմեն» կազմակերպութեան դիմատետրեան էջէն, որ կը վարէ Յովիկ Աւանեսովը։
Ան այս անգամ ահազանգած է Արցախի Հանրապետութեան մայրաքաղաք Ստեփանակերտի մէջ վանտալիզմի դէպքերու մասին.
««Ադրբեջանական «REAL TV» ալիքն իր եութուբեան հարթակում փետրուարի 4-ին հրապարակեց տեսանիւթ օկուպացուած Ստեփանակերտից: Տեսանիւթի նախնական ուսումնասիրութիւնները ցոյց են տալիս, որ Արցախի Հանրապետութեան մայրաքաղաք Ստեփանակերտի Հեքիմեան թաղամասում գտնուող Սուրբ Յակոբ եկեղեցու խաչը հանուած է, բացակայում է նաեւ բակում գտնուող խաչքարը: Հետագայում այլ տեղեկատւութեան պարագայում հանդէս կը գանք յաւելեալ հրապարկմամբ:
Եկեղեցու հիմքերը դրուել են 2005 թուականի սեպտեմբերին, իսկ կառուցման աշխատանքները տեւել են շուրջ 1,5 տարի՝ մինչեւ 2007 թ.-ի մայիսի 6:
Փետրուարի 6-ին ֆեյսբուքեան օգտատէր Մխիթար Կարապետեանը յայտնել է, որ ֆեյսբուքեան օգտատէր Ռաֆիկ Մեխտիեւն իր էջում բռնազաւթուած Ստեփանակերտից հրապարակել է հերթական տեսանիւթը, որում բացակայում էր Ադմիրալ Իսակովի կիսանդրին: Մ.Կարապետեանը յաւելեց, որ այդ մասին նաեւ հրապարակուել է տելեգրամեան ալիքում: Համապատասխան մշտադիտարկումներից պարզեցինք, որ նշուած տեսանիւթը Ռաֆիկ Մեխտիեւը հրապարակել է յունուարի 30-ին: Այդ տեսանիւթում ակնյայտ երեւում է, որ Ստեփանակերտի Ադմիրալ Իսակովի փողոցում տեղադրուած հերոսի կիսանդրին եւս դարձաւ Ադրբեջանի կողմից պետական մակարդակով իրականացուող մշակութային ցեղասպանութեան զոհ:
Ադմիրալ Իսակովի կիսանդրին տեղադրուել է նրա անունը կրող փողոցում՝ 2018 թուականին: Կիսանդրու հեղինակը քանդակագործ Ալբերտ Յարութիւնեանն է:
Ստեփանակերտում տեղի ունեցած հերթական վանտալիզմի մասին ահազանգեց Արցախի մշակութային ժառանգութեան պաշտպանութեան հանրային խորհրդի Հասարակական կազմակերպութեան նախագահ Սերգէյ Շահվերդեանը՝ ֆեյսբուքեան իր էջում հրապարակելով ադրբեջանցիների կողմից քանդուած Ալեքսանդր Միասնիկեանի արձանի լուսանկարները։
Փետրուարի 9-ին «Արարատ» տելեգրամեան ալիքը հրապարակեց բռնազաւթուած Հադրութում տեղի ունեցած հերթական սրբապղծութեան լուսանկար: Արցախի Հադրութի՝ պատմական Դիզակի տարածքում օկուպանտի ողմից պղծուել է Հադրութի Սբ․ Յարութիւն եկեղեցու բակում գտնուող վանականներից մէկի տապանաքարը:
Այս ամէնը եւս մէկ անգամ ապացուցում է, որ Ադրբեջանը պետական մակարդակով ոչնչացնում է Արցախի պատմամշակութային ժառանգութիւնը»: