ՀՀ Սփիւռքի յանձնակատար Զարեհ Սինանեանի էջէն կը կարդանք՝
Մասնակցեցի Արենիում նորակառոյց գիւղատնտեսական լաբորատորիայի (տարրալուծարանի) բացման հանդիսաւոր արարողութեանը: Լաբորատորիան հիմնադրուել է զուիցերահայերի «Fondation Alliance Arménienne de Genève» եւ «Փիլիպոսեան եւ Փիլոյեան» հիմնադրամների եւ բարերար Խաչիկ Յակոբեանի կողմից:
Միջոցառմանը ներկայ էին նաեւ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորեանը, ՀՀ էկոնոմիկայի (տնտեսութեան) նախարարի տեղակալ Արման Խոջոյեանը, Արենի համայնքի ղեկավար Յուսիկ Սահակեանը, զուիցերական հիմնադրամների ղեկավար, գործարար-բարերար Վահէ Գաբրաշը։
Լաբորատորին իր վերջին սերնդի սարքաւորումներով կիրականացնի հողի եւ ջրի հետազօտութիւններ, խնդիրների վերացման խորհրդատւութիւն կը տրամադրի գիւղատնտեսներին, ինչպէս նաեւ կը ծառայի որպէս ուսումնական կեդրոն:
«Այս իրադարձութիւնը սփիւռքից Հայաստանում ներդրում կատարելու հիանալի օրինակ է՝ նպաստելով մարզի եւ նորարարական գիւղատնտեսութեան զարգացմանը, ռիսկերի վերահսկմանը եւ որակի բարձրացմանը: Իմ յատուկ շնորհակալութիւնն եմ յայտնում Վահէ Գաբրաշին եւ զուիցերահայ հիմնադրամների անդամներին, որ ամուր կանգնած են հայրենիքի կողքին»,-նշեցի իմ խօսքում:
Բացման արարողութիւնից յետոյ հիմնադրամների, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի եւ Արենի համայնքի միջեւ կնքուեց համագործակցութեան յուշագիր: