image

Արդարադատութեան նախարար Գրիգոր Մինասեանը հրաժարական տուած է

Արդարադատութեան նախարար Գրիգոր Մինասեանը հրաժարական տուած է

Արդարադատութեան նախարար Գրիգոր Մինասեանը հրաժարական ներկայացուցած է։

Այս մասին Մինասեանը գրած է դիմատետրեան իր էջին:

«Այսօր որոշեցի ես էլ միանամ իմ պաշտօնավարման դէմ ստորագրահաւաքին: Վարչապետին ներկայացրեցի իմ հրաժարականի դիմումը:

Խորհրդարանական կառավարման համակարգում դժուար կը լինի նախարարի պաշտօն զբաղեցնելը, եթէ նոյնիսկ մէկ պատգամաւորի հետ դրական համագործակցութիւն չունենաս: Ես տեղեկացայ, որ խնդիր ունեմ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցութեան շուրջ երկու տասնեակ պատգամաւորների հետ:

Մեծապէս շնորհակալ եմ եւ միշտ ջերմութեամբ կը յիշեմ ինձ բարութեամբ ընդունած եւ աջակցած բոլոր միւս պատգամաւորներին, ընկեր դարձած կառավարութեան բոլոր գործընկերներին եւ, ի հարկէ, ինձ մեծագոյն հնարաւորութիւն տուած վարչապետ Նիկոլ Փաշինեանին:

Արդարադատութեան ոլորտի բարեփոխման համար նրանց հետ եւ նրանց օգնութեամբ շատ բան ենք արել նաեւ այս վերջին երկու տարիներին: Կառավարութեան ծրագիրը մեր մասով հաստատ գերակատարուած է միջոցառումների քանակի եւ որակի առումով: Կառուցուած ճանապարհն ու դպրոցը մարդիկ միանգամից են տեսնում եւ վայելում, բայց նոր արբիտրաժային համակարգի, հարկադիր կատարման վերափոխուած ծառայութեան, թուայնացուած քաղաքացիական դատավարութեան, կայացած պրոբացիայի ծառայութեան եւ բազմաթիւ այլ բարեփոխումների կամ հարիւրաւոր օրէնսդրական ու ռազմավարական փոփոխութիւնների արդիւնքները բոլորս կը վայելենք որոշ ժամանակ անց:

Մարդիկ արդարադատութեան նախարարներից միշտ սպասել են արդարութեան արագ եւ անմիջական վերականգնում: Դա նախարարի գործառոյթ չէ: Դա վերապահուած է իրաւապահներին ու դատարաններին:

Մենք քաղաքականութիւն մշակողն ենք եւ ինստիտուցիոնալ համակարգը բարելաւողը: Երկու ուղղութեամբ էլ շատ բան է արուել արդէն: Պտուղները կը լինեն շուտով, բայց արդէն յաջորդ նախարարների օրօք:

Ի հարկէ, կարելի էր աւելի համբերատար լինել, մնալ եւ պայքարել այս ամէնի համար եւ շարունակել հանգիստ ներկայացնել կատարուած հսկայածաւալ աշխատանքը, բայց ես որոշեցի վերադառնալ ինձ աւելի հարազատ միջավայր: Արդարադատութեան ոլորտին կարելի է նպաստել նաեւ մասնաւոր հատուածում»,-գրած է ան։