Ստեփանակերտի մէջ ընթացող հանրահաւաքներու մասնակիցները հանդէս եկած են յայտարարութեամբ, որ հրապարակած է «Արցախփրես»-ը:
«Մենք՝ ԼՂՀ բնակիչներս, Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան մայրաքաղաք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ընթացող համաժողովրդական հանրահաւաքի մասնակիցներս, յայտարարում ենք, որ մենք պաշտպանելու ենք ԼՂՀ ինքնիշխանութիւնն ու պետականութիւնը։
31 տարի առաջ մենք անկախութիւն հռչակեցինք եւ իրականացրեցինք ինքնորոշման մեր իրաւունքը ՝ միջազգային իրաւունքին եւ ԽՍՀՄ օրէնսդրութեանը լիովին համապատասխան։ Այդ որոշումներն ամրագրուած են "ԼՂՀ անկախութեան մասին հռչակագրով" եւ համաժողովրդական հանրաքուէի արդիւնքներով։ Ատրպէյճանը շարունակում է իրականացնել աւելի քան հարիւր տարի առաջ Թուրքիայի կողմից սկսուած հայ ժողովրդի ցեղասպանութիւնը։
Ղարաբաղի հայերի նկատմամբ ցեղասպան քաղաքականութիւնն Ատրպէյճանի կողմից իրականացուել է նաեւ խորհրդային իշխանութեան տարիներին, եւ ԽՍՀՄ փլուզումից յետոյ բոլոր հետագայ տարիներին։ Այն շարունակւում է նաեւ այսօր, ինչի մասին, Օրինակ, վկայում են վերջին օրերի իրադարձութիւնները, երբ տեղի է ունեցել զինուած ներխուժում Հայաստանի Հանրապետութեան տարածք, որն ուղեկցուել է մարդկութեան դէմ յանցագործութիւններով՝ սպանուածների մարմիններին ծաղրելով, գերիներին գլխատելով եւ հայատեաց այլ անմարդկային դրսեւորումներով։
Ատրպէյճանը, չթաքցնելով հայերի եւ հայկական պետականութեան ոչնչացման իր մտադրութիւնները, իրականացնում է Հայոց ցեղասպանութիւնը ՝ իր յանցաւոր գործողութիւնների մէջ ներգրաւելով տարածաշրջանային եւ միջազգային այլ ուժերի: Միայն Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն իրաւունք ունի որոշելու իր ճակատագիրը։
Հայաստանը ԽՍՀՄ փլուզումից յետոյ բոլոր տարիներին հանդիսանում էր ԼՂՀ անվտանգութեան երաշխաւորը եւ միջնորդական գործառոյթներ էր իրականացնում Ատրպէյճանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ հակամարտութեան կարգաւորման բանակցութիւններում։ Բայց Հայաստանի ղեկավարութիւնն իրաւունք չունի ստորագրել որեւէ փաստաթուղթ, որը նախատեսում է ԼՂՀ գոյութիւն ունեցող կարգավիճակի փոփոխութիւն։ Նման կարգի ցանկացած փաստաթուղթ օրինական չէ եւ իրաւաբանական ուժ չունի։
Ճանաչէք ԼՂՀ անկախութիւնը՝ մի մասնակցէք Ատրպէյճանի եւ նրա դաշնակիցների կողմից իրականացուող Հայոց ցեղասպանութեանը»։