Պաքուի մէջ չեն թաքցներ, որ Ատրպէյճանի եւ Թուրքիոյ գերխնդիրներէն մէկը Իրանի մասնատումն է։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրոյցի ժամանակ ըսած է Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան (Արցախի Հանրապետութիւն) Արտաքին գործոց նախարար Դաւիթ Բաբայեան։
Ատրպէյճանի ընդգծուած հակաիրանական քաղաքականութեան մասին հարցին ի պատասխան՝ Արտաքին գործոց նախարարը յիշեցուցած է, որ վերը նշուած նպատակով կը շահարկուի «Հարաւային Ատրպէյճանը»։ «Թէեւ սա ոչ ճիշդ անուանում է, քանի որ պատմականօրէն Ատրպէյճանը կամ Ատրպատականը մէկն է եւ գտնւում է Իրանում։ Ներկայիս Ատրպէյճանի Հանրապետութիւնը կամ Ատրպէյճանը ստեղծուել է արհեստականօրէն՝ աշխարհաքաղաքական նպատակներով»,- նշած է Բաբայեան։
«Կարծում եմ՝ շատերն են հասկանում, թէ ինչ վտանգաւոր խաղ են խաղում Թուրքիան եւ Ատրպէյճանը։ Իսկ մենք միշտ ասել ենք, որ խաղեր տալու քաղաքականութիւնը լաւ բանի չի բերում։ Կարող է կրկնուել անցեալ դարի 30-ականների սենարը, երբ բոլորը փորձում էին խաղեր տալ հիթլէրեան Գերմանիայի հետ՝ հետապնդելով իրենց որոշ շահերը, եւ կորցրեցին ամէն ինչ։ Իսկ Թուրքիայի ու նրա առաջնորդների քաղաքականութիւնը շատ նման է նրան, ինչ տեղի էր ունենում Գերմանիայում։ Հիմա մի շարք երկրներ կրկնում են նոյն սխալը՝ խաղեր տալով Թուրքիայի հետ»,- ընդգծած է Արտաքին գործոց նախարարը։