Յուլիսի 11-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ուղղափառ Եկեղեցիների միջազգային բարեգործական կազմակերպութեան գործադիր տնօրէն Կոնստանտին Տրայանտաֆիլուին` ուղեկցութեամբ ԵՀԽ Հայաստանեան Կլոր սեղան հիմնադրամի տնօրէն պարոն Կարեն Նազարեանի:
Տիար Կարեն Նազարեանը Ամենայն Հայոց Կաթողիկոսին տեղեկացրեց Ուղղափառ Եկեղեցիների միջազգային բարեգործական կազմակերպութեան պատուիրակութեան Հայաստան այցի նպատակների եւ ԵՀԽ Հայաստանեան Կլոր սեղան հիմնադրամի հետ նախանշուող նոր` զարգացման ծրագրերի մասին:
Հանդիպմանը Նորին Սրբութիւն Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքը բերեց տիար Կոնստանտին Տրայանտաֆիլուին` ողջունելով Հայաստանում Կլոր սեղան հիմնադրամի հետ իրականացուած բարգործական ծրագրերը եւ զարգացման ծրագրեր իրականացնելու պատրաստակամութիւնը:
Վեհափառ Հայրապետը նաեւ անդրադարձաւ Ուղղափառ Եկեղեցիների եւ Մայր Աթոռի միջեւ առկայ ջերմ յարաբերութիւններին եւ փոխգործակցային մթնոլորտին` գոհունակութիւն յայտնելով նաեւ Հայաստանի համար դժուարին իրավիճակներում Քոյր Եկեղեցիների կողմից ցուցաբերուած զօրակցութեան առնչութեամբ:
Զրոյցի ընթացքում խօսուեց Եկեղեցու կողմից իրականացուող սոցիալական, բարեսիրական եւ առողջապահական ծրագրերի մասին, որոնք ուղղուած են ինչպէս սոցիալապէս անապահով ընտանիքների, խոցելի խմբերի աջակցութեանը, այնպէս էլ պատերազմի հետեւանքով հաշմանդամութիւն ստացած անձանց կարիքներին:
Իր հերթին Ուղղափառ Եկեղեցիների միջազգային բարեգործական կազմակերպութեան գործադիր տնօրէնը ներկայացրեց կազմակերպութեան կողմից տարբեր երկրներում իրականացուող հումանիտար ծրագրերը, կարեւորեց ԵՀԽ Հայաստանեան Կլոր սեղան հիմնադրամի հետ ընդլայնուող համագործակցութիւնը` ի նպաստ առկայ կարիքների յաղթահարման:
Հանդիպմանը ներկայ էր Մայր Աթոռի Սոցիալական ծառայութեան կենտրոնի տնօրէն Արժանապատիւ Տ․ Մարկոս քահանայ Մանգասարեանը: