Ապրիլի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ՀՀ փաստաբանների պալատի նախաձեռնութեամբ գումարուած «Փաստաբանութիւնն ինտէգրացիոն գործընթացների համատեքստում․ հեռանկարներ եւ մարտահրաւէրներ» խորագրով միջազգային համաժողովի մասնակից փաստաբաններին` գլխաւորութեամբ ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայեանի:
Հայցելով Վեհափառ Հայրապետի օրհնութիւնը` պարոն Բաբայեանը տեղեկացրեց, որ Մայր Աթոռ են ժամանել Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի եւ Ֆրանսիայի փաստաբանների պալատների ներկայացուցիչներ, ովքեր նպատակ ունեն ծանօթնալու հասարակական կեանքում Հայ Եկեղեցու առաքելութեանը եւ իրաւական ոլորտում ունեցած աւանդին:
Հանդիպմանը Նորին Սրբութիւնը, անդրադարձ կատարելով հայ ժողովրդի կեանքում Եկեղեցու առանցքային դերակատարութեանը, ընդգծեց, որ Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցին դարէր շարունակ եղել է ազգային ու հոգեւոր արժէքների կրողն ու հայի ինքնութեան կերտողը` պետականութեան բացակայութեան պայմաններում ստանձնելով հայորդիների իրաւունքների եւ քրիստոնէական հաւատքի պաշտպանութիւնը:
Անդրադառնալով գիտաժողովի կարեւորութեանը, հայ ժողովրդի համար յատկապէս այս դժուարին ժամանակներում, Հայոց Հայրապետը յոյս յայտնեց, որ բարեկամ երկրների փաստաբանները, հաղորդ լինելով Հայաստանի ու Արցախի առջեւ ծառացած մարտահրաւէրներին, միջազգային հաթակներում կը պաշտպանեն հայ ժողովրդի արդար իրաւունքները:
Զրոյցի ընթացքում Նորին Սրբութիւնն անդրադարձաւ նաեւ արցախեան 44-օրեայ պատերազմին եւ դրա հետեւանքներին, գերիների վերադարձման խնդրին, Ադրբեջանի կողմից տարուող հայատեաց քաղաքականութեանը, որն ուղղուած է ոչ միայն արցախահայութեան, այլեւ Ադրբեջանի վերահսկողութեան տակ յայտնուած համամարդկային նշանակութիւն ունեցող կրօնական, հոգեւոր-մշակութային կոթողների դէմ:
Վեհափառ Հայրապետը վստահեցրեց, որ հայ ժողովուրդը քրիստոնէական հաւատքի շնորհիւ եւ բարեկամ ու հաւատակից ժողովուրդների զօրակցութեամբ ուժ կը գտնի յաղթահարելու առկայ դժուարութիւնները: