Յունիսի 17-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրա¬գոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ էջմիածնում ընդունեց Եւրոպայի խորհրդի Գլխաւոր քարտուղար Մարիայ Պեյչինովիչ Բուրիչին եւ նրա գլխաւորած պատուիրակութեանը` ուղեկցութեամաբ Եւրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արման Խաչատրեանի:
Հանդիպմանն Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդգծեց, որ ԵԽ Գլխաւոր քարտուղարի այցը Հայաստան տեղի է ունենում մեր ժողովրդի համար դժուարին իրավիճակում, երբ երկրի առջեւ ծառացած են յետպատերազմեան բազմաթիւ մարտահրաւէրներ` անվտանգային հարցեր, չլուծուած սոցիալական, տնտեսական ու հումանիտար խնդիրներ: Նորին Սրբութիւնը նկատեց, որ նման այցերը ամրապնդում ու զօրացնում են համագործակցութիւնը ԵԽ եւ Հայաստանի միջեւ` նպաստելով նաեւ առկայ մարտահրաւէրների յաղթահարմանը:
Անդրադառնալով 44-օրեայ պատերազմին եւ դրա հետեւանքներին, Ադրբեջանում միչեւ օրս պահուող ռազմագերիներին եւ հոգեւոր–մշակութային ժառանգութեան պահպանութեան խնդիրներին` Հայոց Հովուապետը կարեւորեց միջազգային հանրութեան աջակցութիւնը: Այս առիթով Նորին Սրբութիւնը խօսեց Ադրբեջանի իշխանութիւնների կողմից հայկական կրօնամշակութային արժէքների ոչնչացման քաղաքականութեան մասին, որի հետեւանքով դեռեւս 1998-2005 թթ. Ադրբեջանում եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետութիւնում քանդուեցին ու փոշիացուեցին հայկական քրիստոնէական հնագոյն մշակոյթի շուրջ եօթ հազար պատմական յուշարձաններ` խաչքարեր, եկեղեցիներ ու պաշտամունքային այլ շինութիւններ:
Խօսելով տարածաշրջանում խաղաղութեան եւ կայունութեան հաստատման կարեւորութեան մասին` Վեհափառ Հայրապետը տարակուսանք յայտնեց հարեւան երկրների կողմից շարունակ հնչող սպառնալիքների եւ ռազմատենչ յայտարարութիւնների մթնոլորտում պարտադրուող խաղաղութեան հնարաւորութեան առնչութեամբ: Ամենայն Հայոց Կաթողիկոսը յոյս հատնեց, որ բարեկամ երկրները, միջազգային հանրութիւնը եւ Եւրոպայի խորհուրդը յստակ կեցուածք կդրսեւօրէն մտահոգիչ այս խնդիրների վերաբերեալ եւ քայլեր կը ձեռնարկեն տարածաշրջանն ապակայունացնող նման երեւոյթների զսպման, Արցախի ժողովրդի ազատ, անկախ ու անվտանգ կեանքի ապահովման ուղղութեամբ:
Վեհափառ Հայրապետը նաեւ անդրադարձ կատարեց հակամարտութեան ընթացքում եւ յետպատերազմեան շրջանում Եկեղեցու գործադրած ջանքերին, ի մասնաւորի` տարածաշրջանի հոգեւոր առաջնորդների հանդիպումներին:
Իր հերթին տիկին Մարիայ Պեյչինովիչ Բուրիչը հաստատեց, որ Վեհափառ Հայրապետի մատնանշած խնդիրներն ԵԽ–ի ուշադրութեան կենտրոնում են: Վերջինս յատկապէս կարեւորեց սահմանների անվտանգութեան, գերիների վերադարձման, հոգեւոր–մշակութային ժառանգութեան պահպանման եւ Արցախի ժողովրդի անվտանգութեան առաջնահերթութիւնները: ԵԽ Գլխաւոր քարտուղարն ընդգծեց, որ իր հիմնական նպատակն է երկխօսութեան եւ փոխըմբռնման միջոցով ժողովուրդների ու պետութիւնների միջեւ հաստատել տեւական խաղաղութիւն եւ վերացնել առկայ հակամարտութիւնները: Տիկին Մարիայ Պեյչինովիչ Բուրիչը կարեւոր նկատեց նաեւ մշակութային ու կրօնական երկխօսութիւնը` ողջունելով տարածաշրջանում խաղաղութեան եւ կայութեան հաստատմանն ուղղուած Մայր Աթոռի ջանքերը: