image

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԱՄՆ Արեւելեան հայոց թեմի երիտասարդ ուխտաւորները

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԱՄՆ Արեւելեան հայոց թեմի երիտասարդ ուխտաւորները

Յուլիսի 7-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ԱՄՆ Հայոց Արեւելեան թեմի տարբեր համայնքներից ուխտաւորաբար Հայաստան եկած երիտասարդների` ուղեկցութեամբ Քլիւլենդ քաղաքի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու հոգեւոր հովիւ Արժանապատիւ Տէր Հրաչ քահանայ Սարգսեանի: Հանդիպմանը ներկայ էր նաեւ ԱՄՆ Հայոց Արեւելեան թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տ․ Մեսրոպ վարդապետ Պարսամեանը:

Հայցելով Վեհափառ Հայրապետի օրհնութիւնը` Տէր Հրաչը ներկայացրեց Մայր Աթոռ ժամանած երիտասարդներին` տեղեկացնելով, որ նրանց մեծ մասն առաջին անգամ է Հայաստանում: Տէր Հայրն ուրախութեամբ նկատեց, որ այցը Հայրենիք սկսւում է Հայոց Հայրապետի օրհնութեամբ:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը, իր օրհնութիւնը բերելով ուխտաւոր հայորդիներին, ուրախութիւն յայտնեց, որ Հայաստան եւ համայն հայութեան հոգեւոր կենտրոն այցելութեամբ իրենց ուխտն են վերանորոգում` դառնալով նաեւ գօտեպնդման աղբիւր Հայաստանում բնակուող հայրենակիցների համար: Հայոց Հայրապետը համոզմունք յայտնեց, որ հայրենիքից ստացած տպաւորութիւնները նոր ներշնչանքի աղբիւր կը դառնան` առաւել զօրացած շարունակելու իրենց առաքելութիւնը ազգային կեանքում, վերադառնալու իրենց քաղաքները եւ իրենց համայնքների անդամներին խթանելու այցելել հայրենիք: 

Նորին Սրբութիւնը յորդորեց ուխտաւորներին հայրենիքի տէր ու զաւակ նկատել իրենց` առաւելագոյնս հաղորդ դառնալով հայ իրականութեանը եւ ստանձնելով իրենց պատասխանատուութիւնը նրա լուսաւոր ապագայի կերտման գործում: Ամենայն Հայոց Կաթողիկոսը երիտասարդներին պատգամեց նաեւ անխաթար պահպանել իրենց ազգային ինքնութիւնն ու հաւատարմութիւնը նախնեաց արժէքներին եւ գործուն կերպով ներգրաւուել ազգային-եկեղեցական կեանքում:

Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը «Պահպանիչ» աղօթքով իր օրհնութիւնը բաշխեց ամերիկահայ երիտասարդներին: