image

Թուրք-ադրեբեջանական կեղծարարության նոր փուլ

Թուրք-ադրեբեջանական կեղծարարության նոր փուլ

 Ադրբեջանական Գյանջայում մեկնարկել է «Աթաթուրք»  միջազգային 8-րդ կոնֆերանսը, որ «նոր լույս է սփռում պատմության առանձին էջերին»:  Հիմնվելով   ադրբեջանական azertac լրատվական պետական գործակալության տեղեկության վրա,  «Ազգը»   գրում է, որ հոկտեմբերի 13-ին, օսմանական արխիվներում «գտնվել են փաստաթղթեր, որ վկայում են Գյանջայի մահմեդականների դեմ հայերի գործած հանցագործությունների մասին»: Կոնֆերանսի մասնակից Թուրքիայի Հանրապետության նախարարների կաբինետին առընթեր պետական արխիվի տնօրեն Ուգուր Ունալը հայտնել է վերոհիշյալը եւ հավելել. «Միջազգային կոնֆերանսը Ադրբեջանի եւ Թուրքիայի 19 եւ 20- րդ դարերի պատմական իրադարձությունները վերահետազոտելու, պատմական կեղծված իրականությունը ճշմարտացի ներկայացնելու նպատակ է հետապնդում»:

 

«Ստամբուլի օսմանական արխիվն աշխարհում հարուստներից մեկն է, պատմական փաստաթղթերի հետ մեկտեղ այստեղ առատ նամակագրություն է պահպանվում ադրբեջանական խանությունների եւ օսմանական պետության միջեւ, դրանցից կարեւորների պատճենները բերել ենք այստեղ ներկայացնելու, դրանց թվում նաեւ այնպիսի փաստաթղթեր, որ վկայում են Կովկասյան իրադարձությունների մասին, ինչպես նաեւ 1905-ին եւ 1924-ին Գյանջայում մահմեդականների դեմ հայերի իրագործած ոճրագործությունները: Կան նաեւ փաստաթղթեր, որ վկայում են, թե հրետանին քաղաքացիական բնակչության վրա կրակ է բացել: Ապագայում ադրբեջանցի պատմաբանների հետ կուսումնասիրենք փաստերն ու դրանք կներկայացնենք միջազգային հանրությանը»,- ծանուցել է թուրքական արխիվի տնօրենը:

 

Հաղորդելով տեղեկությունները` «Ազգը» գրում է. «Գյանջան Ադրբեջանի երկրորդ մեծ քաղաքն է, հայկական Գանձակն է`  Արեւելյան Հայաստանի պատմական Ուտիք նահանգում, այնուհետ դարձել է Ելիզավետպոլ, 1935-ին`  Կիրովաբադ, իսկ նոր կամ Գանձակի հնչյունափոխված Գյանջա անունն է կրում 1991 թվականից: Այն, որ հարեւան երկրում քրտնաջան աշխատում են իրենց երկրի պատմությունը վերակազմելու, իրենց եւ հատկապես օտարներին համոզելու հարցում, հայելի է դարձնում պետական վերոհիշյալ գործակալությունը: Հոկտեմբերի 14-ին նույն աղբյուրն իրազեկում է, թե Ադրբեջանի գիտությունների ակադեմիայի Աշխարհագրության ինստիտուտը հանրությանն է ներկայացրել «Ադրբեջանի Հանրապետության աշխարհագրություն» եռահատոր մենագրությունը: Հրատարակության կարեւորության մասին խոսել է ինստիտուտի տնօրեն Ռամիզ Մամմադովը: Հասկանալի է իհարկե, թե ինչու պետական լրատվական գործակալությունը վերոնշյալ նյութերը հապճեպ տարածում է օրինակՙ գերմաներեն, անգլերեն լեզուներով, իսկ դրանց ռուսերեն տարբերակները, որքան էլ փնտրեցինք, մեզ հասանելի չեղան»:

 


Անահիտ Հովսեփյան, «Ազգ»