Լիբանանահայ նշանավոր ջութակահար Արա Մալիքյանը, որն ապրում է Իսպանիայում, առաջին անգամ ելույթ կունենա Հայաստանում:
Երաժշտի երեւանյան մենահամերգները տեղի կունենան հոկտեմբերի 13-14-ին:
Համերգների մասին տեղեկացրել է ինքը՝ ջութակահարը, գրելով. «Ինձ համար պատիվ եւ մեծ ոգեւորություն է այսքան սպասումից եւ կուտակված մեծ ցանկությունից հետո գնալ Հայաստան հայրենիք եւ ելույթ ունենալ իմ ժողովրդի համար»։
Օգտատերերը բուռն են արձագանքել Արա Մալիքյանի այս հայտարարությանը, նշելով, որ վաղուց էին սպասում տաղանդավոր ջութակահարի համերգներին՝ Հայաստանում:
Արա Մալիքյանը ծնվել է 1968 թվականին, Լիբանանում՝ հայկական ընտանիքում։ Հայրը ջութակ նվագել է սովորեցրել դեռ վաղ հասակից։ Լիբանանի քաղաքացիական պատերազմի տարիներին, երբ նրանք ստիպված էին երկար ժամանակ ապրել ապաստարաններում, չխանգարեցին նրան սովորել եւ իր տաղանդը ի ցույց դնել։
Իր առաջին մեծ համերգն ունեցել է 12 տարեկանում, իսկ 14 տարեկանում դիրիժոր Հանս Հերբերտ Յորիսի միջնորդությամբ գերմանական կառավարության կողմից կրթաթոշակ է ստացել, որ սովորի Հանովերի երաժշտության եւ թատրոնի բարձրագույն դպրոցում։
15 տարեկանում Մալիքյանն ամենաերիտասարդ ուսանողն էր, որն ընդունվել էր այս հաստատություն։ Հետագայում նա շարունակեց իր կրթությունը Լոնդոնի Գիլդհոլի երաժշտության եւ դրամայի դպրոցում, զուգահեռաբար սովորելով այնպիսի աշխարհահռչակ պրոֆեսորների մոտ, ինչպիսիք են՝ Ֆրանկո Գուլին, Ռուջերո Ռիչին, Իվրի Գիտլիսը, Հերման Կրեբերսը եւ Ալբանա Բերգի քառյակի անդամները։
Արա Մալիքյանը հաղթել է բազմաթիվ միջազգային հեղինակություն ունեցող մրցույթներում, նվագել հինգ մայրցամաքների ավելի քան քառասուն երկրների լավագույն համերգասրահներում:
Թողարկել է տասնյակ ձայնապնակներ։