image

Սիւնիքի մէջ մարդասիրական լուրջ վտանգ

Սիւնիքի մէջ մարդասիրական լուրջ վտանգ

ՀՀ մարդու իրաւունքներու պաշտպանը ֆէյսպուքեան իր էջով հրապարակում կատարած է ատրպէյճանցիներու կողմէ Գորիս–Կապան ճանապարհին մաքսային վերահսկողութիւն սահմանելէ յետոյ ստեղծուած իրավիճակին մասին եւ տեսանիւթ ներկայացուցած է։ Գրառումը՝ ստորեւ։

«Այն բանից յետոյ, երբ երէկ մենք հրապարակեցինք փաստեր, որ Գորիս-Կապան ճանապարհին ատրպէյճանական, այսպէս կոչուած, սահմանային ու մաքսային վերահսկողութիւնն անօրինական է եւ որ այդ պատճառով Սիւնիքում առաջ են եկել մարդու իրաւունքների ոտնահարումներ եւ հումանիտար լրջագոյն խնդիրներ, որոշ լրատուամիջոցներում այսօր արուել են արհեստական հրահրուած տարբեր հրապարակումներ, թէ իբր ՀՀ մարդու իրաւունքների պաշտպանի փաստերը, որ Գորիսի Բարձրաւան, Շուռնուխ եւ Որոտան գիւղերի միջեւ կապն էականօրէն դժուարացել է, իրականութեանը չեն համապատասխանում:

Ուստի, մեր միջազգային գործընկերներին մոլորեցումից պաշտպանելու, ինչպէս նաեւ այդ մոլորեցնող հրահրումները կանխելու համար հրապարակում եմ Մարդու իրաւունքների պաշտպանի աշխատակազմի կողմից անմիջականօրէն ձեռք բերուած ապացոյցներից մէկի ընդամէնը մի մասը՝ կարճ տեսանիւթ (Խոտ բնակավայրից վերը նշուած բնակավայրերը տանող ճանապարհի հատուած): Այն ցոյց է տալիս, թէ ինչպէս է դժուարացել ՀՀ բնակչութեան եւ յատկապէս նշուած գիւղերի բնակիչների ազատ տեղաշարժը, ու մարդիկ կանգնել են հումանիտար, այդ թւում՝ արտաքին աշխարհից մի քանի բնակավայրի մեկուսացման խնդիրների առաջ: Խաթարուել է մարդկանց բնականոն կեանքը, ատրպէյճանական զինուած ծառայողների պատճառով առաջ են եկել մարդկանց կեանքի իրաւունքի ու անվտանգութեան սպառնալիքներ:

Ուստի, այս հրապարակումը (տեսանիւթ-ապացոյցը) եւս մէկ անգամ հաստատում է, որ ատրպէյճանական, այսպէս կոչուած, մաքսային կամ սահմանային վերահսկողութիւնը Գորիս-Կապան ճանապարհին չունի իրաւական որեւէ հիմք: Սիւնիքի համայնքների միջեւ ճանապարհներին նրանց տեղակայումներն, առհասարակ, կոպտօրէն ոտնահարում են մարդու իրաւունքների միջազգային պահանջները:

 

Յ.Գ. Տեղական մարմինները, ինչպէս նաեւ Սահմանապահ զօրքերի ծառայողները տեղերում զգալի միջոցներ են գործադրում մարդկանց օգնելու համար, ինչի մասին յատուկ մենք յայտարարել էինք, բայց Մարդու իրաւունքների պաշտպանի այդ ու այս յայտարարութիւնների նպատակային նշանակութիւնը բոլորովին այլ է»: