image

Սեյրանուհի Գեղամյան. 100 տոկոսանոց հայը

Սեյրանուհի Գեղամյան. 100 տոկոսանոց հայը

                                   (Նոր իրապատում)


 

Պատմությունը, որ լսեցի Ստամբուլի սրճարաններից մեկում՝ հեքիաթի էր նման: Տասը-տասներկու հոգի էինք սեղանի շուրջ: Սեղանակիցներից մի քանիսը տեղացիներ էին, հայ կամ կեսհայ. հիմնականում՝ թրքախոս, մի քանիսս էլ՝ Հայաստանից էինք. Ստամբուլում էինք եկել՝ մշակութային մի ձեռնարկի մասնակցելու համար: Ծխախոտի թանձր ծխի, քամանչայի թրթռուն ու տխուր երաժշտության, հայերեն-թրքերեն խառնախոսության, գինով լի գավաթների հաճախակի չխկչխկոցի, զանազան հուզիչ խոսք ու զրույցի մեջ խճողվել էին պատմության-հիշողության-իրականության սահմանները և ամեն ինչ մի տեսակ գերզգացական երանգներ էր ձեռք բերել:
Հերթական կենացից հետո, մեր ընկերներից մեկը, ով ավելի հաճախ էր լինում Ստամբուլում՝ դիմելով սեղանակիցներից մեկին՝ հարցրեց. 
- Օսման, քանի՞ տոկոսով ես հայ:
Օսմանը լայն ժպտաց ու պատասխանեց. 
-100 տոկոսով:
- Ինչպե՞ս,- զարմացավ հարց տվողը, - բա տարիներ առաջ ասում էիր, թե կես հայ ես:
-Հա, տարիներ առաջ ես էլ այդպես գիտեի, բայց… հինգ տարի առաջ պապս մահացավ ու ես վերջապես հասկացա ճշմարտությունը:
- Սպասիր, հիմա ոչինչ մի ասա, պատմությունդ պատմիր ամենասկզբից, էստեղ մարդիկ կան, որ ոչինչ չգիտեն քո մասին,-հորդորեց մեր հայրենակիցն ու Օսմանը սկսեց…
- Ծնվել եմ Արևելյան Անատոլիայի լեռնային գյուղերից մեկում: 7 տարեկան էի, երբ այդ նշանավոր դեպքը պատահեց. հարևան հովիվների հետ մեր ոչխարներն ու գառները արածացնելու էի տանում սարերը: Մի օր, երբ երեկոյան կողմ գյուղ էինք իջնում թեք սարալանջով՝ սայթաքեցի ու որպեսզի չընկնեմ՝ ձեռքս գցեցի բավական փարթամ մի ծաղկաթփի, որը սակայն արմատով դուրս թռավ հողից ու ես ամբողջ թափով սուրացի ձորն ի վար: Հետո,էլ բան չեմ հիշում…Պատմում են, որ սրընթաց վազել եմ ու ամփողջ թափով ընկել՝ գլուխս խփելով քարին: Ուշակուրույս ու արնաթաթախ ինձ հասցրել են գյուղ: Հետո վազել են հարևան գյուղ՝ բժշկի հետևից: 
Գյուղական բժիշկը եկել զննել-քննել է ինձ ու գլուխը թափահարելով ասել.
-Երեխան չափից շատ է արյուն կորցրել, հազիվ թե ապրի: 
Էդ ժամանակ տատս խփել է ծնկներին ու աղիողորմ կանչել.
- Վա՜խ իմ անուշ բալաս, աչքերս քոռնան, աչքերս քոռնան… 
Բոլորը զարմանքից քարացել են ու զարմացած հայացքներն ուղղել տատիս, ով աշխարհից վերացած՝ իր վիշտն էր լալիս…
-Վախ, քոռնամ, էս ի՞նչ զուլում էր, իմ անուշ բալաս, իմ մատղաշ բալաս…….
Հասկանո՞ւմ եք, տատս ողբացել է հայերեն, հա-յե-րեն, մինչդեռ բոլորը գիտեին, որ նա թուրք է, գյուղում հարգված թուրք Հասանի կինը: Երկար տարիներ ապրել են գյուղում, երեխա, թոռներ են ունեցել ու ոչ-ոք ոչինչ չի կասկածել…
Ու այդպես ողբալով, ծնկներին խփելով՝ տատս գնացել է տան անկյունում դրված կամոդից հանել խոտաբույսերով լի տոպրակները, խոտերից թուրմ սարքել, լվացել է վերքը, կապել ու նստել կողքիս՝ շարունակելով ողբալ:
Իսկ գյուղը սկսել է փսփսալ…, գյուղը փսփսացել է ու մեկը՝ չարացած, մեկը՝ վախվորած, մեկը՝ զարմացած, մեկը՝ խղճահարությամբ խոսել են.
-Փաստորեն Հասանի կինը հայ է…
-Անհավատ…
-Ո՞նց էլ էդ անիրավը կարողացել է էսքան տարի պահել իրեն: 
-Այ, քրքրվես դու, որ քրքրվում ես...
Ամբողջ գիշերվա ընթացքում տատս, ծնողներս ու պապս լուռ, գլխահակ նստած են լինում մահճակալիս մոտ ու չեն համարձակվում որևէ խոսք փոխանակել:
Առավոտյան ես բացել եմ աչքերս…
Տանը կարծես ամեն ինչ փոխվել էր: Տան անդամներն իրար հետ գրեթե չէին շփվում, խոսելիս էլ՝ մի տեսակ շշուկով, առանց իրար աչքերի մեջ նայելու էին խոսում: Պապիս մեջ էլ ինչ որ բան փոխվել էր. ինձ թվում էր, թե իմ կենդանի մնալու շնորհիվ էր, որ նրա հայացքում ու աչքերի մեջ մի տեսակ քնքնշություն, ջերմություն էր ի հայտ եկել, որ առաջ չկար: Օրեր հետո նկատեցի, որ հարևանները դադարել են մեր տուն գնալ-գալուց: Ընկերներս էլ խուսափում էին ինձնից: Զգում էի, որ այդ ամենն ինչ որ ձևով կապված է ինձ հետ պատահած դեպքին, բայց ոչ մի կերպ չէի կարողանում հասկանալ, թե հատկապես ի՞նչը կարող էր նման վերաբերմունքի հիմք հանդիսանալ: Իմ հարցերին բոլորը խուսափում էին պատասխանել: 
Հաջորդ տարի տեղափոխվեցինք Ստամբուլ:
Նոր միջավայրում մեր ընտանիքը կարծես վերագտավ իր նախկին մթնոլորտը: Բայց ինչ-որ մի խորհրդավոր լարվածութուն դեռ զգացվում էր շփումների մեջ: Մի քանի տարի անց՝ տատս մահացավ. լուռ, խոնարհ, անձայն: Տատիս մահից հետո պապս խեղճացավ, մի տեսակ սմքեց: Ես արդեն խելահաս էի և առավել ևս ուզում էի ունենալ ինձ տանջող հարցերի պատասխանը: Ու մի անգամ, համալսարանից վերադառնալով, երբ տանը պապիս մենակ գտա՝ որոշեցի, որ ձեռք չեմ քաշելու՝ մինչև չիմանամ ճշմարտությունը.
- Պապ, ի՞նչ կատարվեց է՛ն ժամանակ՝ իմ ընկնելուց հետո...
Պապս կախեց գլուխը, խորասուզվեց մտքերի մեջ, հետո ծխախոտ վառեց ու նստեց թաթխտի ծայրին՝ ձեռքով ինձ նշան անելով տեղավորվել կողքին.
- Լսած կա՞ս հայերի մասին, գիտե՞ս ովքեր են հայերը...
- Հա՛, կամ, բա մեր կուրսի Սարգիսը, մեր դրկից Պերճը, հացավաճատ Համոն..., թառահար Հակոբը…. բայց նրանք ի՞նչ կապ ունեն իմ ընկնելու հետ...
- Նրանք կապ չունեն, տատդ կապ ունի, -ասաց պապս՝ խորհրդավոր նայելով ինձ: - Տատդ հայ է.... ու դա պարզվեց քո ընկնելու օրը… 
Ու պապս պատմեց ամեն ինչ: Նա էլ չի իմացել այդ մասին: Դեպքից մի քանի օր անց՝ տատիս ստիպել է, որ պատմի իր պատմությունը. շատ տարիներ առաջ մեր շրջակայքի գյուղերի բնակչության մեծ մասը հայեր են եղել, երբ թուրքերը սկսում են ջարդել հայերին ու փախեփախն ընկնում է նրանց մեջ՝ տատս էդ ժամանակ նորածին երեխա է լինում: Նրա բազմանդամ ընտանիքը, որ ապրելիս է եղել մեր հարևան գյուղում, նույնպես ստիպված է լինում թողնել իրենց տունն ու բռնել գաղթի ճամփան: Հորը սպանում են ճանապարհին, իսկ տատիս ու նրա մորը բռնի իր տուն է տանում յասավուլներից մեկը ու ամուսնանում հետը: Բարեբախտաբար, կարգին մարդ է լինում ու հայրություն է անում աղջկան, չի՛ ստիպում կրոնափոխ լինել, չի՛ արգելում իրար հետ հայերեն խոսել, պահպանել հայկական ավանդույթները: Այդպես տարիներ են անցնում … Պապս նրան հանդիպում է գյուղական մի հարսանիքի ժամանակ, սիրահարվում ու ամուսնանում է: Տատս շատ խոնարհ, հլու- հնազանդ բնավորություն ուներ ու տնեցիները սիրում են նրան հարազատի պես: Դե, հետո ծնվում է հայրս...
Այս ամենը պատմելուց հետո՝ պապս խորը շունչ քաշեց, ասես մի ծանր բեռից ազատվեց, շտկեց մեջքն ու հեռացավ այգու խորքը…
Ժամանակ էր պետք, որ ես մարսեի լսածս: Սկսեցի հայերի մասին գրքեր փնտրել: Կարդում էի՝ ինչ ձեռքս ընկնում էր: Կամաց-կամաց հոգուս խորքում ինչ որ թանքնված թրթիռներ սկսեցին ի հայտ գալ: Ես ավելի կապվեցի հայ ընկերներիս: Նրանց անընդհատ հարցուփորձ էի անում հայության, նրան պատմության ու ճակատագրի մասին: Շատ բան իմացա, շատ էլ տխրեցի ու ողբացի նրանց ծանր ճակատագրի համար ու ավելի սիրեցի հայկական երգերն ու երաժշտությունը, որոնք առաջ էլ հոգուս մոտ էի զգում: Սկսեցի նաև հայերեն սովորել: Այդ ամենը ակնհայտորեն դուր էր գալիս պապիս: Ծնողներս կարծես ավելի անհաղորդ էին իմ նախասիրություններին, բայց չէին էլ խանգարում: Պապս 5 տարի առաջ հիվանդացավ ու անկողին ընկավ: Հիվանդությունն անբուժելի էր: Ես հաճախ էի գիշերները հերթապահում նրա անկողնու մոտ: Մի օր էլ, նա իր չորացած ձեռքը մի կերպ հանեց վերմակի տակից ու բռի մեջ ամուր սեղմած ինչ-որ բան խծկեց ձեռքս: Կիսամութի մեջ շոշափելով հասկացա, որ բանալի է: Պապս քնեց ու այլևս չաթնացավ…
Անընդհատ գրպանումս շոշափում էի բանալին, նրա մեջ զգում էի պապիս մատների վերջին հպումները: Թաղման արարողություններից հետո, մի երեկո մոտեցա տատիս կամոդին ու փորձեցի բանալին: Չէի սխալվել. բանալին կամոդինն էր: Անմիջապես քթիս խփեց տատիս չորացրած խոտաբույսերի մի քիչ նամշած հոտը: Ես սկսեցի խառնել խոտաբույսերի կապուկներն ու տոպրակները: Երբ ձեռքս հասավ կամոդի հատակին՝ ձեքս դիպավ մի կոշտ առարկայի, որ փաթաթված էր բրդյա հին թաշկինակով: Ես դանդաղ հանեցի այն ու զգուշորեն բացեցի բրդե թաշկինակը. արծաթակազմ գիրք էր: Շրջեցի կազմը ու կարդացի «ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒՆՉ»: Սկսեցի թերթատել՝ թեև գրեթե ոչին չէի հասկանում: Չեմ կարող ասել, թե հատկապես ինչո՛ւ ես այլևս չկարողացա բաժանվել այդ գրքից ու այն դրեցի բարձիս տակ ու մինչև հիմա էլ քնում եմ՝ ձեռքս դրա վրա դրած: Վերհիշելով այն ամեն անցուդարձը, ինչ որ պատահել էր անցած տարիների ընթացքում՝ մի ներքին համոզում ունեմ, որ իրականում պապս էլ հայ էր, այլապես ինչո՞ւ ավելի սիրեց տատիս՝ նրա պատմությունն իմանալուց հետո: Ես վստահ եմ դրանում: Հիմա սկսել եմ լրջորեն զբաղվել հայոց պատմությամբ, ցեղասպանության հարցերով: Մի հսկայական գրադարան եմ հավաքել, գրքերը հաճախ եմ տալիս ընկերներիս՝ թուրք կամ հայ: Ուզում եմ, որ բոլորն իմանան ճշմարտությունը: Մեջս հաճախ խեղդում եմ իրարամերժ զգացումներ ու չգիտեմ էլ, թե ի՛նչ է լինելու այս ամենի վերջը…
Օսմանը լռեց, իսկ մեզանից ոչ մեկը չհամարձակվեց խախտել լռությունը: Վերջապես նորից լսվեց քյամանչայի թրթռուն ու տխուր նվագը… 
Հաջորդ օրը մենկնում էինք Հայաստան: Օսմանը եկավ ճանապարհելու: Ցեղասպանության մասին մի քանի ֆրանսերեն գիրք էր բերել: Լուռ մեկնեց ինձ…: Երևանում ես դրանք հանձնեցի Հայաստանի ազգային գրադարանին, իսկ հոգուս մեջ խոր պահեցի այս պատմությունը և վերջապես թղթին հանձնեցի...

 

 

Սեյրանուհի Գեղամյան