Ամերիկյան լրատվամիջոցները հաղորդում են, որ շաբաթ օրը վաղ առավոտյան Սանտա Կլարիտայում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով մահացած տղամարդու ինքնությունը պարզվել է։ Լոս Անջելես շրջանի դատաբժշկական փորձաքննության գրասենյակի ներկայացուցիչները հայտնել են, որ մահացողը Քենյոն Քանթրիի բնակիչ, 47-ամյա Դավիթ Չաքերյանն է (հայ)։
Դեպքը եղել է շաբաթ օրը՝ ժամը 3:30-ի սահմաններում, Ռեյլրոուդ պողոտայի և Օքրիջ դրայվի խաչմերուկում:
Քննվում է փողոցային մրցարշավի վարկածը։
Սանտա Կլարիտայի հովտի շերիֆի կայանի ներկայացուցիչ Շիրլի Միլերի (Shirley Miller) փոխանցմամբ՝ ականատեսները հայտնել են, որ Դավիթ Չաքերյանի վարած սև մարդատար մեքենան հնարավոր է կորցրել է կառավարումը և բախվել ծառին մեկ այլ մեքենայի հետ ենթադրյալ փողոցային մրցարշավի (street racing) պատճառով։
Չաքերյանը մեքենայում եղել է միայնակ. նրա մահը արձանագրվել է տեղում: Ենթադրյալ մրցարշավին մասնակցած մյուս մեքենան դեպքի վայրում չի եղել:
Դեպքի վայրում արտակարգ ծառայությունների աշխատանքի ընթացքում միջադեպ է գրանցվել նաև իրավապահների մասնակցությամբ։ Երթևեկությունը փակող շերիֆի տեղակալին ցածր արագությամբ հարվածել է տեղ հասած ոստիկանական մեկ այլ պարեկային մեքենա։ Վիրավորված ոստիկանը թեթև մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Ընտանիքի հայտարարությունը
Դեպքի առնչությամբ սոցցանցերում սրտառուչ հայտարարությամբ է հանդես եկել ազգականներից մեկը՝ Լիդիա Չաքերյանը։ Ընտանիքի հայտարարությունը հերքում է մրցարաշավի վարկածը․
«Ընտանիքի հոգատար հայրը գիշերվա կեսին դուրս էր եկել տնից՝ արհամարհելով եղանակային ծանր պայմանները, որպեսզի պաշտպանի իր աշխատանքն ու բիզնեսը։ Ցավոք, նա ողբերգաբար կորցրեց կյանքը։ Նա ամուսին էր, հայր, որդի և հարազատ մարդ, ով աշխարհն էր իր ընտանիքի համար։
Պատկերացրեք, եթե սա լիներ ձեր ընտանիքի անդամը։ Պատկերացրեք այն ցավը, երբ գիտակցում եք, որ ձեր սիրելին տնից դուրս է եկել պաշտպանելու այն, ինչի համար այդքան տանջվել ու ստեղծել էր, և այլևս երբեք չի վերադառնալու։
Ամեն ողբերգության հետևում կանգնած է սգացող ընտանիք, արժեքավոր կյանք և անդառնալի կորուստ։ Խնդրում ենք հիշել, որ սրանք իրական մարդիկ են, իրական ընտանիքներ և իրական վիշտ»։