image

Մոսկվայում տեղի է ունեցել Առնո Բաբաջանյանի 95-ամյակին նվիրված համերգ

Մոսկվայում տեղի է ունեցել Առնո Բաբաջանյանի 95-ամյակին նվիրված համերգ

Այսօր Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի Փոքր դահլիճում տեղի է ունեցել հայ նշանավոր կոմպոզիտոր և դաշնակահար Առնո Բաբաջանյանի 95-ամյակին նվիրված համերգ, որին մասնակցել է Երևանի «Խաչատրյան տրիոն»: Ինչպես «Արևելքին» հայտնեց «Խաչատրյան տրիոյի» դաշնակահարուհի Արմինե Գրիգորյանը, համերգացանկում ընդգրկված են եղել հիմնականում Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները: «Խաչատրյան տրիոյից» բացի, համերգին մասնակցել են նաև Երևանից Հասմիկ Թորոսյանը (սոպրանո), Մոսկվայից Դմիտրի Տրիֆոնովը (բարիտոն), Տուլայի պետական երգչախումբը, դաշնակահարուհի Սոնա Բարսեղյանը: Հեղինակավոր երաժշտական բուհը պատահական չի ընտրվել. այնտեղ ուսանել են Բաբաջանյանն ու շատ նշանավոր հայ երաժիշտներ,  և ըստ Արմինե Գրիգորյանի, հանդիսատեսն էլ համերգ էր այցելել՝ ծանոթ լինելով հայ նշանավոր երաժշտի ստեղծագործություններին:

Առնո Բաբաջանյանի 95-ամյակին նվիրված համերգին հնչել են նաև հայ կոմպոզիտորներ Էդուարդ Միրզոյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Ղազարոս Սարյանի, Ադամ Խուդոյանի ստեղծագործություններից, ինչը, ըստ Արմինե Գրիգորյանի, երաժշտական այդ անունների սերտ ընկերության ևս մեկ վկայությունն էր. «Կյանքում մտերիմ են եղել  և մենք ցանկացանք համերգին էլ չբաժանել նրանց»,-նշեց դաշնակահարուհին: