Ուժերու համախմբումը եւ Ազգային դիմադրութեան ձեւաւորումը կենսական անհրաժեշտութիւն է: Այս մասին դիմատետրեան իր էջին գրած է ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Իշխան Սաղաթէլեանը:
«Մենք միայն ուրախ կը լինենք, եթէ արտախորհրդարանական ուժերը խորհրդարանից դուրս պայքարի օրակարգեր ձեւաւորեն (ինչպէս դա ժամանակին անում էինք մենք)։ Մենք ոչ միայն կ'ողջունենք դա, այլեւ լիարժէք կը համագործակցենք այդ ուժերի եւ անհատների հետ։
Այսօր կան բազմաթիւ քաղաքական եւ հասարակական արժանի գործիչներ, ովքեր խորհրդարանում չեն, բայց անկեղծ եւ իրական պայքարի մէջ են այս չարիքի կառավարութեան դէմ։ Բայց կան նաեւ ուժեր եւ անհատներ, ովքեր քաղաքական դաշտում ոտատեղ ունենալու համար իրենց պարտքն են համարում վարկաբեկել կամ նսեմացնել խորհրդարանական ընդդիմութեան գործունէութիւնը՝ չհասկանալով դասագրքային մի պարզ ճշմարտութիւն.
կա'մ իշխանութիւն ես, կա'մ ընդդիմութիւն, դրանց մէջտեղում լինելը լաւ կարգավիճակ չէ, դրա վերջը լուսանցքն է։
Մենք բաց ենք բոլոր իրական ընդդիմադիր ուժերի եւ անհատների հետ լայն համագործակցութեան, միշտ պատրաստ ենք լսել ե՛ւ քննադատութիւն, ե՛ւ առաջարկներ, պատրաստ ենք միասին պայքարել ե՛ւ խորհրդարանում, ե՛ւ խորհրդարանից դուրս:
Պատրաստ ենք միասնաբար ազգային դիմադրութեան օրակարգ ձեւաւորելու, ուժերը մէկտեղելու եւ Հայաստանի թուրքացումը կանխելու ուղութեամբ հանդէս գալ միասնական ճակատով։
Քանի դեռ այս իշխանութիւնը կայ, Հայաստանի պետականութիւնը վտանգուած է, ուստի սրանց հեռացումը պէտք է լինի ցանկացած գիտակից հայ մարդու գլխաւոր նպատակը։
Ուժերի համախմբումը եւ Ազգային դիմադրութեան ձեւաւորումը կենսական անհրաժեշտութիւն է ...իսկ մնացածը խաղերը ժամանակի անիմաստ կորուստ է, իրական օրակարգերից շեղում...»,- գրած է Սաղաթէլեանը: