Այսօր տեղի ունեցավ «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը: Նիստի օրակարգում էին հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի ընտրության և գիտխորհրդի կազմի փոփոխության հաստատման հարցերը: «Մատենադարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ ընտրվեց ազգագրագետ, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ Լևոն Աբրահամյանը: Նա հեղինակ է շուրջ 170 աշխատությունների: Աշխատությունները վերաբերում են հայոց ավանդական և ժամանակակից ազգագրությանը, հայոց ինքնության խնդիրներին, հայոց և համեմատական առասպելաբանությանը, արվեստաբանության, արխաիկ մշակույթների և արդի ազգաբանության ասպարեզներին, նախնադարյան և ժամանակակից տոնածիսական համակարգին, Ավստրալիայի և Օվկիանիայի բնիկների մշակույթին, ազգաբանական մտքի պատմությանը։